Մատչելիության հղումներ

Արևմուտքը և Ռուսաստանն այսօր ունեն բացարձակ իրարամերժ դիրքորոշումներ


ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն, Վիեննա, 13 հունվարի, 2021թ.
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն, Վիեննա, 13 հունվարի, 2021թ.

Ինչպես և սպասվում էր՝ Վիեննայում առաջընթաց չգրանցվեց

Այսօր Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդում մեկնարկած քննարկումներով ավարտվում է Արևմուտք-Ռուսաստան եռափուլ բանակցությունների շաբաթը:

Նախ շաբաթասկզբին Ժնևում հանդիպել են Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը և Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, երեկ էլ Բրյուսելում գումարվել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը:

Ժնևի և Բրյուսելի հանդիպումներից ակնհայտ է դարձել, որ կողմերն ունեն բացարձակ իրարամերժ դիրքորոշումներ և միակ համաձայնությունը, թերևս, այն է, որ «բանակցելը չբանակցելուց լավ է, ուստի պետք է շարունակել երկխոսությունը»:

Բանակցային գործընթացի առաջին երկու փուլերը հուշում էին, որ դժվար թե առաջխաղացում լինի Վիեննայում: ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն արդեն հաստատել է այդ իրողությունը:

«Հարցն այն է, թե արդյոք կարելի՞ է ընդունելի համարել մեկ երկրի անվտանգության երաշխիքների ապահովումը մեկ ուրիշ երկրի անվտանգության հաշվին, երբ խախտում են այդ մյուս պետության հավասարության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները և հարցականի տակ են դնում որևէ դաշինքին միանալու իրավունքը», - ասել է Ռաուն:

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը նույնպես արձանագրել է, որ հանդիպումը ցանկալի արդյունք չի տվել, ասելով, որ «եթե Ռուասաստանի առաջարկներն անպատասխան մնան՝ Մոսկվան ամեն բան կանի ռազմավարական հավասարակշռությունը վերականգնելու և ազգային անվտանգությունն ապահովելու համար»:

Արևմուտքում Կրեմլի պահանջները «վերջնագիր» են համարում

Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ և իրավական ուժ ունեցող միջազգային փաստաթղթով ամրագրված հստակ խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները, մասնավորապես, Ուկրաինան և Վրաստանը, չեն անդամակցի ՆԱՏՕ-ին:

Բացի այդ, ռուսները ՆԱՏՕ-ից պահանջում են հեռացնել ռազմական ենթակառուցվածքներն այն երկրներից, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են 1997 թվականից հետո: Ընդ որում՝ Մոսկվան պնդում է, որ այդ պահանջները վերանայման ենթակա չեն:

Այլապես Մոսկվան սպառնում է դիմել կոշտ քայլերի, որոնք «ռազմական բնույթ կունենան»: Թեպետ Կրեմլը դա հերքում է, Արևմուտքում «վերջնագիր» են որակում ռուսների պահանջները:

Ցանկացած երկիր կարող է ներկայացնել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու դիմում

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը «Դոժդ» ռուսական ընդդիմադիր կայքին [Ռուսաստանում ճանաչվել է «արտասահմանյան գործակալ»] տված հարցազրույցում ասել է, թե ԵԱՀԿ Մշտական խորհրդի այսօրվա նիստը կառույցի բոլոր 57 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ, Եվրոպայում անվտանգության խնդիրների քննարկումը վերսկսելու հրաշալի պատեհություն է:

ԵԱՀԿ-ն հարթակ է, որն ընձեռում է այդ հնարավորությունը, և Միացյալ Նահանգները համոզված է, որ այդ աշխատանքը պետք է շարունակել:

Քարփենթերի փոխանցմամբ, այսօրվա հանդիպումը ոչ այնքան բանակցություն է, որքան երկխոսության հաստատում:

«Այո, Ռուսաստանը կոնկրետ պահանջներ է ներկայացնում, սակայն մենք պատրաստ չենք հիմա արձագանքել դրանց, քանի որ պատրաստ չենք Ռուսաստանի հետ ազդեցության գոտիներ կիսել: Վաշինգտոնյան համաձայնագրում, որում ամրագրված են ՆԱՏՕ-ի գոյության կանոնները, ասվում է, որ ցանկացած երկիր կարող է ներկայացնել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու դիմում, իսկ անդամության որոշումն ընդունում է ՆԱՏՕ-ի խորհուրդը», - ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:

«Փոխզիջման չենք գնալու Եվրոպայի անվտանգության հիմնարար սկզբունքի հարցում»

Արևմուտքի և Ռուսաստանի լուրջ տարաձայնությունների մասին երեկվա բրյուսելյան քննարկումներից հետո խոսել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նրա խոսքով, ռուսները չեն ընդունել, բայց չեն էլ մերժել լրացուցիչ երեք հանդիպումներ անցկացնելու առաջարկը, ասելով, թե նախ պետք է այն քննարկեն Մոսկվայում և նոր պատասխանեն:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն երկխոսության կողմնակից է և պատրաստ է ռուսների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, քննարկել տարբեր հարցեր, այդ թվում միջուկային և սովորական սպառազինությունների կրճատման, ռիսկերի նվազեցման, զորավարժությունների անցկացման և այլ թեմաներ:

Անդրադառնալով Ուկրաինային, Ստոլտենբերգն ընդգծել է, որ դա ինքնիշխան երկիր է, որն ունի ինքնապաշտպանության իրավունք, և ոչ թե Ուկրաինան է սպառնում Ռուսաստանին, այլ ընդհակառակը՝ Ռուսաստանն է 2014-ին բռնազավթել Ղրիմը, ռազմական օգնություն է տրամադրում Դոնբասի անջատականներին և հիմա էլ մոտ 100 հազար զինծառայող է մոտեցրել սահմաններին:

«Այնպես որ մեղքն Ուկրաինայի վրա բարդելով ռուսներն ամեն ինչ գլխիվայր են ներկայացնում»,- ասել է Ստոլտենբերգը:

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրում դաշինքի դիրքորոշումն անփոփոխ է:

«Մենք փոխզիջման չենք գնալու Եվրոպայի անվտանգության հիմնարար սկզբունքի, կամ հիմնարար սկզբունքներից մեկի հարցում, այն է՝ բոլոր երկրներն ունեն իրենց ուղին ընտրելու իրավունք»,- հայտարարել է Յենս Ստոլտենբերգը:

«Մոսկվայի բոլոր պահանջները փոխկապակցված են»

Կրեմլի դիրքորոշումը երեկ Բրյուսելում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, ով ասել է, որ բոլոր պահանջները փոխկապակցված են:

«Այդպես է թե՛ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակումը կանխելու, թե՛ 1997 թվականից հետո ՆԱՏՕ-ին անդամակցած երկրների տարածքում ռազմական ակտիվության և թե՛ ընդհանուր դեէսկալացիայի տեսակետից»,- ասել է Գրուշկոն:

«Ընդամենը մեկ հրաման է պետք»

Մինչդեռ, ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ակնարկելով նախագահ Վլադիմիր Պուտինին, երեկ դիպուկ հայտարարություն է հնչեցրել:

«Դեէսկալացիան այնպիսի բան չէ, որ տևի շաբաթներ կամ ավելի երկար: Ընդամենը պետք է, որ մի կոնկրետ անձ Ռուսաստանի համակարգին տա հրաման, և մենք տեսնենք, թե ինչպես է այդ հրամանը տեղում կյանքի կոչվում ու դառնում դեէսկալացիա»,- ասել է Փրայսը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG