Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ զորքերի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից․ Տոկաև


Ռուս խաղաղապահները Ղազախստանում
Ռուս խաղաղապահները Ղազախստանում

Ղազախստանում ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն ավարտված է, երկու օրից կսկսվի երկրից կազմակերպության զորքերի դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահը՝ այսօր ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում: Այդ գործընթացը, ըստ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, կտևի 10 օրից ոչ ավելի։

Ղազախստանի ղեկավարը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի ձախողման մասին և խոստացել է ներկայացնել քաղաքական բարեփոխումների նոր փաթեթ։

Ղազախստանի նախագահի խոսքով՝ զինյալները փորձել են զավթել իշխանությունը, սակայն հեղաշրջման փորձը ձախողվել է։ Տոկաևի հավաստմամբ՝ երկրի բոլոր մարզերում իրավիճակն այժմ կայուն է։

Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազը ավելի քան կրկնակի թանկացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկեց որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվեցին: Երկու շաբաթով երկրի տարածքում արտակարգ դրություն մտցվեց, կառավարությունը՝ Ասկար Մամինի գլխավորությամբ հունվարի 5-ին հրաժարական տվեց, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում փոխարինեց երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Նախորդ շաբաթվա ընթացքում բողոքի ցույցերը վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին կամ վիրավորվեցին։ Երկրի իշխանություններն օգնության համար դիմեցին ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանեցին Ղազախստան։

ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հունվարի 6-ին են սկսել առաջադրանքներ կատարել Ղազախստանում:

ՀԱՊԿ խաղաղապահների համար այս օպերացիան պատմության մեջ առաջինն էր, մինչ այդ նրանք միայն զորավարժություններ էին անցկացնում։

Ղազախստանի վարչապետ նշանակվեց Ալիխան Սմաիլովը

Տոկաևն այսօր վարչապետի պաշտոնում նշանակեց Ալիխան Սմաիլովին․ նրա թեկնածությունը հաստատվեց խորհրդարանի ստորին պալատում։

Սմաիլովը 49 տարեկան է, 2019 թվականի փետրվարից զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Մինչ այդ տարբեր տարիների աշխատել է որպես ֆինանսների նախարար, Ղազախստանի նախագահի օգնական։

Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ վարչապետը նոր կառավարության կառուցվածքի և կազմի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախագահին նշանակվելուց հետո տասն օրվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG