Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԺ Պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին` համատեղ նիստ անցկացնելու առաջարկով։
Թեման Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներին Ղազախստան ուղարկելն է։ Ակնկալում ենք, որ այդ նիստում կներկայացվեն այն փաստական հիմքերը, որոնց արդյունքում Հայաստանը որոշել է 100 հոգանոց զորք ուղարկել Ղազախստան։ «Ազատությանը» փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` մանրամասնելով, որ մինչ այս պահը իրենք բավարար տեղեկատվություն չունեն՝ տեղի ունեցողին գնահատականներ տալու համար:
«Բազմաթիվ հարցեր կան, որոնք մեզ համար հարցական են` սկսած մեր զորախումբը ուղարկելուց, ձևաչափ, կազմավորումը, ինչ բազային հիման վրա է, որովհետև եթե հայ խաղաղապահ բրիգադի մասին է խոսքը, որը մինչ այդ ՄԱԿ-ի հովանու ներքո էր գործում, դա լրիվ այլ զորամիավորում է, տվյալ դեպքում լրիվ այլ զորամիավորման մասին է խոսքը: Այն բոլոր փաստարկները, որի հիման վրա Հայաստանը համաձայնություն տվեց: Ինչի հիման վրա է, որ Հայաստանը տվել է, և ինչն է ստիպել Հայաստանին, որ, մեր կարծիքով, սխալ է, որ հայկական զորախումբ ևս մեկնի», - ասաց Մանուկյանը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա արտահերթ նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց Ղազախստանի դեմ ագրեսիային ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա գրոհայինների մասնակցության մասին։ Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ոչ վաղ անցյալում ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում»։
Ընդդիմադիրների համար անընդունելի են Փաշինյանի նման ոչ հասցեական պնդումները:
«Կապիտուլյանտը վերջին ժամանակահատվածում և՛ ինքն անձամբ, և՛ իր ղեկավարած թիմը խուսափում և խորշում են հասցեական պնդումներից, ակնարկը կարող էր լինել շատ ավելի հասցեական և անունների օգտագործմամբ», - կարծում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Որքանով էին ընդունելի Փաշինյանի այս համեմատականները, եթե 44-օրյա պատերազմում ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ թե՛ միջազգային մամուլը, թե՛ մի շարք երկրներ, թե՛ հայկական կողմը բազմաթիվ փաստարկներ են ներկայացրել։ Մինչդեռ ահաբեկչության մասին հայտարարող Ղազախստանի նախագահը այսօր էլ չհստակեցրեց, թե ինչ կազմակերպությունների ու որ երկրների ներգրավվածության մասին է խոսում։
Ընդդիմադիր պատգամավոր, հանրապետական Հայկ Մամիջանյանն ասում է` նիստն արարողակարգային էր, և դեռ վաղ է գնահատականներ հնչեցնելը, միևնույն ժամանակ հիմնվելով պաշտոնական տեղեկատվության և մամուլի հրապարակումների վրա` նկատում է. «Այս պահի դրությամբ թուրքական և ադրբեջանական մամուլում ընթանում է ղազախական իշխանությունների դեմ ուղղված արշավ, որից կարելի է ենթադրել, որ իրադարձությունների հիմնական տեքստը, անշուշտ, պետք է դիտարկել վերջերս միս ու արյուն ստացած պանթյուրքիզմի հասկացությունը, և այդ գործընթացներում անհրաժեշտ է դիտարկել այս գործընթացները»:
Ղազախստանի իշխանությունների գործուղություններն ու ՀԱՊԿ ուժեր ներգրավումը քննադատել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` հայտարարելով, որ Պուտինը փորձում է վերականգնել նախկին Խորհրդային Միությունը։ Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի արձագանքը կարճ էր՝ գերտերությունների խաղերի մեջ մտնել պետք չէ. «Նույն Իրաքում Հայաստանի խաղաղապահների մասնակցությունը նույն ամերիկյան կողմի առաջարկությամբ, այն ժամանակ էլ բազմաթիվ քննադատությունների էր արժանանում Հայաստանում, երբ որ հարցը քննարկվում էր` Սահմանադրությամբ թույլ է տալիս, Ազգային ժողովը պիտի վավերացներ, այն ժամանակ Դաշնակցության խմբակցությունը դեմ արտահայտվեց` հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում` հայ համայնքի առկայությունը և Իրաքում, և Մերձավոր Արևելքում»:
Ղազախստանում տեղի ունեցողի համատեքստում ԱՄՆ պետքարտուղարի՝ Խորհրդային Միության վերականգնման փորձերի մասին հայտարարություններին ընդդիադիր Մամիջանյանն էլ այսպես է արձագանքում. «Պիտի ընդամենը հիշեցնեմ, որ եվրասիականության գաղափարի առաջին անգամ բարձրաձայնած պաշտոնյան Նուրսուլթան Նազարբաևն է»:
Այս հարցերի վերաբերյալ իշխանությունների մեկնաբանությունը ստանալ չհաջողվեց։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց նաև ասել՝ արդյոք ընդդիմադիրների առաջարկով նիստ կհրավիրվի, թե՝ ոչ։