Մատչելիության հղումներ

Ղազախստանի իշխանությունները պնդում են՝ երկրում տեղի ունեցածը «հիբրիդային ահաբեկչության» փորձ է


Ղազախստան - Բախումների հետևանքները Ալմաթիի փողոցներից մեկում, 10-ը հունվարի, 2022թ․
Ղազախստան - Բախումների հետևանքները Ալմաթիի փողոցներից մեկում, 10-ը հունվարի, 2022թ․

Շուրջ 8 հազար ձերբակալված, ավելի քան 100 քրեական գործ՝ Ղազախստանում անցած շաբաթ տեղի ունեցած հակակառավարական ցույցերից հետո։ Զոհերի թվի մասին պաշտոնական ճշգրիտ տվյալներ դեռ չկան․ մի շարք աղբյուրներ հաղորդեցին 164 զոհվածների մասին, սակայն երկրի առողջապահության նախարարությունը քիչ անց հերքեց՝ հայտարարելով, որ տվյալները դեռ ամփոփվում են։

Իշխանությունները պնդում են, որ երկրում տեղի է ունեցել «հիբրիդային ահաբեկչության» փորձ՝ ձերբակալվածներին անվանելով ահաբեկիչներ։

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ բախումների էպիկենտրոն դարձած Ալմաթիում այսօր էլ շարունակվում են ձերբակալությունները, ոստիկաններն առգրավել են հարյուրավոր միավոր զենք-զինամթերք։

Երկրի ազգային անվտանգության կոմիտեն, իր հերթին, հայտարարում է «անկարգություններին մասնակցած երկու ծայրահեղական օջախների չեզոքացման» մասին։

«Բերման են ենթարկվել մեկ խմբավորման 4 անդամներ, նրանց բնակության վայրերում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն, տրավմատիկ և լուսաձայնային նռնակներ, պարկուճներ, կրոնական գրականություն և այլ իրեղեն ապացույցներ։ Մեկ այլ խմբի ղեկավարը օտարերկրյա քաղաքացի է, ակտիվորեն մասնակցել է զանգվածային անկարգություններին և կապեր է ունեցել արտերկրում գտնվող ահաբեկչական խմբավորումների հետ», - հայտարարում է գերատեսչությունը՝ չհստակեցնելով ձերբակալվածների ինքնությունը, ազգային պատկանելությունը և թե որ երկրի քաղաքացի է հիշատակվող օտարերկրացին։

Զոհերի մասին իշխանությունները մանրամասներ չեն հաղորդում։ Հայտնի չէ, թե սպանվածներից քանիսն է քաղաքացիական անձ կամ ցուցարար, քանիսը՝ ուժային։ Անցած օրերին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ իր հրամանով ոստիկանությունն ու զորքը իրավունք ունեն առանց նախազգուշացնելու կրակ արձակել։

Ղազախական աղբյուրները հաղորդում են ուժային կառույցների երկու բարձրաստիճան պաշտոնյաների սպանության մասին։ Ժամբիլիի շրջանի ոստիկանական դեպարտամենտի ղեկավար գեներալ -մայոր Ժանատ Սուլեյմանովին մահացու հրազենային վնասվածքով գտել են աշխատասենյակում։ Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամատ Իբրաևի մարմինը հայտնաբերվել է Նուր-Սուլթանում գտնվող իր տան բակում ։ Տեղական լրատվամիջոցները շտապել են ենթադրել, որ նրանք կարող էին ինքնասպան լինել։

Ղազախստանում այսօր համազգային սգո օր է: Երկրում շարունակում է գործել արտակարգ դրությունը, տեղից ստացվող լուրերի համաձայն՝ իրավիճակը երկրի գլխավոր քաղաքների փողոցներում աստիճանաբար հանդարտվում է, թեև Ալմաթիում դժվար է ասել, որ կյանքը վերադարձել է բնականոն հուն։ Քաղաքում դեռևս համացանցի հետ կապված խնդիրներ կան, բանկերի և բանկոմատների մեծ մասը չի աշխատում, գազալցակայանների մոտ մարդկանց երկար հերթեր են։ Ալմաթիում ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ։

Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցերի պատճառ դարձավ գազի գնաճը։ Հետզհետե ցույցերը տարածվեցին երկրով մեկ՝ տնտեսական պահանջներին ավելացան նաև քաղաքական բարեփոխումների կոչեր։ Խաղաղ ցույցերը վերածվեցին անկարգությունների։ Ովքեր են զինված անձինք, որոնք իրավապահների հետ փոխհրաձգության մեջ մտան, առայժմ հայտնի չէ։ Ալմաթիի իշխանությունները պնդում են, որ քաղաքի վրա են հարձակվել 20 հազար ահաբեկիչներ, որոնք նախապատրաստություն են անցել արտասահմանում։ Այս պնդումների ֆոնին Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմեց Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքին։ ՀԱՊԿ-ի զորքը, ինչպես հաղորդվում է, բացառապես զբաղվում է ռազմավարական կառույցների պաշտպանությամբ և չի մասնակցում ցույցերը ցրելու գործողություններին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG