«Ռուսաստանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Բրյուսելում Եվրամիության միջնորդությամբ կազմակերպված Ալիև-Փաշինյան հանդիպումը» - «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։
«Ռուսաստանի տեսանկյունից ի՞նչ դեր է խաղում Եվրամիությունը Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու հարցում։ Մրցակցո՞ւմ են արդյոք Մոսկվան և Բրյուսելը այս ճգնաժամում միջնորդ լինելու համար»։ Լրագրողի այս հարցին ի պատասխան ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետն ընդունել է, որ Բրյուսելն ուզում է միանալ բանակցային գործընթացին՝ միաժամանակ պնդելով, թե դեկտեմբերի 14-ի հանդիպումը բանակցություն անվանելը «որոշ չափով չափազանցություն կլիներ»։
«Դա հանդիպում էր Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Դարերեով հայտնի ասույթ կա՝ հաղթանակը շատ հայրեր ունի, իսկ պարտությունը՝միշտ որբ է։ Ռուսական միջնորդության հաջողությունը այս հակամարտության մեջ տարբեր զգացողություններ է առաջացնոմ Եվրամիությունում և մյուս միջազգային խաղացողների մոտ», - ասել է Բրյուսելում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը՝ հավելելով, թե կան ուժեր, որոնք ուզում են միանալ կարգավորման գործընթացին. - «Ոմանց դա հաջողվում է այս կամ այն չափով, մյուսներին՝ ավելի քիչ»։
Թե Բրյուսելից բացի որ միջազգային ուժերն են փորձում միանալ ու դեր ստանձնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում, ռուս դիվանագետը չի հստակեցրել։ Արդեն 15 տարուց ավելի Եվրամիությունում Ռուսաստանի շահերը ներկայացնող դիվանագետը խուսափել է նաև ուղիղ պատասխանել՝ չե՞ն մրցակցում արդյոք այս հարցում Բրյուսելն ու Մոսկվան։
Փոխարենը նա հարկ է համարել ընդգծել, որ մինչև օրս Եվրամիությունը անմիջականորեն ներգրավված չի եղել կարգավորման գործընթացում. - «Ներկայիս հանգամանքները թույլ տվեցին Եվրամիությանը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև նման հանդիպում կազմակերպել։ Մենք կարծում ենք, որ նրանց միջև ևս մեկ ուղիղ շփումը, ընդհանուր առմամբ, վատ չէ՝ եթե դա կնպաստի խնդրի քաղաքական կարգավորմանը և մեզ բարեկամ այդ երկու երկրների միջև շփման դաշտի ընդարձակմանը»։
Անցած շաբաթ Բրյուսելում ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո հայտարարվեց, որ Ալիևն ու Փաշինյանը վերահաստատել են երկաթգծի վերագործարկման համաձայնությունը։
«Դեռևս տարաձայնություններ կան ավտոմոբիլային հաղորդակցության հարցում, որոնց շուրջ կողմերը կշարունակեն աշխատել առաջիկա շաբաթներին ու ամիսներին», - հայտարարել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ առանց հստակեցնելու, թե արդյոք այդ բանակցությունները լինելու են Եվրամիության միջնորդությամբ։
Միությունում Ռուսաստանի դեսպանը նշել է, որ կան հարցեր, որոնք «Հայաստանն ու Ադրբեջանը նախընտրում են քննարկել երկուսով՝ դեմ դիմաց, որոշ հարցեր՝ եռակողմ՝ Ռուսաստանի մասնակցությամբ». - «Հնարավոր է, որ հատկապես տնտեսական վերականգնման, պատերազմական գործողությունների հետևանքների վերացման հարցում Եվրամիությունը նույնպես կարող է օգտակար լինել»։
Երեկ հայտարարվեց, որ Շառլ Միշելի միջնորդությամբ Բաքուն ազատ է արձակել նոյեմբերի վերջին գերեվարված տասը հայ զինծառայողների։ Մինսկի խմբի արևմտյան միջնորդները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ողջունել են այս քայլը։
«Կոչ ենք անում ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին», - Թվիթերում գրել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ընդգծել է. - «Մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այս ճանապարհը, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև»: Մոսկվան վերջին զրագացումներին պաշտոնապես դեռ չի արձագանքել։