Մատչելիության հղումներ

«3+2» ձևաչափի առաջին հանդիպումը մասնակից բոլոր երկրները դրական են գնահատում


Տարածաշրջանային երկրներին ներառող «3+2» ձևաչափի երեկ Մոսկվայում կայացած առաջին հանդիպումը մասնակից բոլոր երկրները դրական են գնահատում։

Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը հանդիպել են փոխարտգործնախարարների մակարդակով, իսկ Վրաստանը հրաժարվել է մասնակցել, հայտարարելով, թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ մղած այս հարթակի առաջին հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը։ Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության հայտարարության՝ հայկական կողմը վերստին հաստատել է դիրքորոշումը, որ այս հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում նշված է՝ «3+3» ձևաչափով առաջին նիստի մասնակիցները պայմանավորվել են կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր, համագործակցություն առևտրա-տնտեսական, տրանսպորտային և մշակութային-մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև հակազդեցություն ընդհանուր սպառնալիքներին և մարտահրավերներին»։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը նաև նշել է, որ Վրաստանը ցանկացած պահի կարող է միանալ տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափին։

«Հինգ երկրների ներկայացուցիչները իրենց շահագրգռությունը հայտնեցին հարթակին աշխատանքներում՝ Վրաստանի ներգրավվածության առթիվ նշելով, որ՝ «դուռը Թբիլիսիի համար բաց է», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Հարավկովկասյան երեք երկրները և տարածաշրջանային երեք տերությունները ներկայացնող այս ձևաչափի կարևորության մասին ամիսներ շարունակ խոսում է Թուրքիան։ Անդրադառնալով առաջին նիստին՝ պաշտոնական Անկարան այն կառուցողական է գնահատել:

«Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել տարածաշրջանային համագործակցության բազմակողմանի զարգացման հարցում մտքերի կառուցողական փոխանակում, համաձայնության են եկել կենտրոնանալ խորհրդակցության մասնակից բոլոր կողմերի շահերին առնչվող գործնական հարցերի վրա: Նախատեսվել է առաջնահերթություն տալ առևտրատնտեսական, հաղորդակցության, մշակութային և հումանիտար հարցերին՝ խաղաղության և կայունության ամրապնդման համար փոխվստահության բարձրացմանը նպատակով»,-ասված է Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Իրանը ևս հայտարարել է, որ երեկ կայացած նիստում սատարել է «3+3» ձևաչափը։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն էլ, նախատեսվում է, որ փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպումներ կանցկացվեն տարեկան առնվազն երկու անգամ ռոտացիոն սկզբունքով՝ ամեն անգամ անդամ երկրներից որևէ մեկում: Հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենալու ԱԳ նախարարությունների համակարգմամբ էկոնոմիկայի, տրանսպորտի նախարարությունների և այլ կառույցների ներգրավմամբ: Մեխանիզմի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում հանդիպումներ և քննարկումներ կկազմակերպվեն ավելի բարձր օղակներում:

Ըստ Բադալյանի, սկզբունքային խնդիր է, որպեսզի Հայաստանը թույլ չտա Մինսկի խմբում քննարկվող հարցերը տեղափոխվեն այս ձևաչափ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հայաստանի համար այս ձևաչափը պարունակում է թե՛ վտանգներ, թե՛ կարող է որոշակի հնարավորություններ ընձեռել։ Բադալյանն ասում է՝ սկզբունքային խնդիր է, որպեսզի Հայաստանը թույլ չտա Մինսկի խմբում քննարկվող հարցերը՝ Արցախյան հակամարտությունը, հայ-ադրբեջանական խնդիրները տեղափոխվեն այս ձևաչափ։

«Եթե Հայաստանը կարողանում է կանխարգելել այդպիսի անցումը և թույլ չտալ, որպեսզի «3+3»-ը փոխարինի իրենով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, ապա Հայաստանը կարող է այլ հարցեր բարձրացնել, իր օրակարգը փորձել բերել այդ հարթակ և այդպիսով քննարկել դրանք ռեգիոնալ խաղացողների հետ։ Բայց սկզբունքային խնդիր է՝ թույլ չտալ, որպեսզի տեղի ունենա Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն։ Հայաստանը դնում է այդ հարցադրումը և խնդիրը այստեղ այն է, թե որքանով կկարողանա Երևանը դիմադրունակ լինել այդ հարցադրումը մշտապես պահելու և այսպես ասած ծուղակում չհայտնվելու առումով», - նշեց Բադալյանը։

Օրերս Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ էր հայտնել «3+3»-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին։

«Մենք առիթ ենք ունեցել մի քանի անգամ հայտարարել, որ «3+3» ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակետը», - նշել է վարչապետը:

Քաղաքական մեկնաբանը կարծում է՝ եթե Երևանին հաջողվի այս ձևաչափում կանխել արցախյան, հայ-ադրբեջանական հարցի արծարծումը, ապա «3+3»-ի շրջանակում հնարավոր է քննարկվեն, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունները։

«Հենց սա նկատի ունեի, երբ խոսում էի, որ Հայաստանի համար այս ձևաչափը ունի վտանգներ, բայց նաև էդ վտանգների հարցում դիմադրունակ լինելու պարագայում մենք կարող ենք էս ձևաչափը օգտագործել որպես մեր արտաքին քաղաքական խաղի ընդլայնման հնարավորություն։ Այսինքն՝ այստեղ շահեկանությունը և ոչ շահեկանությունը մեծ հաշվով կախված է նրանից, թե մենք որքան ենք դիմադրունակ և որքան կարող ենք մեր օրակարգը պաշտպանել և պաշտպանվել մեր շահերից չբխող օրակարգից», - ասաց Բադալյանը։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG