Մատչելիության հղումներ

Արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները. Ստանիսլավ Զաս


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու Հայաստանի քայլերին, Երևան կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ Արմենպրեսին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա նաև ասել է, որ ՀԱՊԿ-ը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։

«Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն», - ասել է Զասը։

Նա հայտարարել է նաև, որ ՀԱՊԿ-ը սատարում է Հայաստանի կառավարության քայլերին ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա ռազմական դաշինքում միակ ելք են համարում։ Ըստ կառույցի գլխավոր քարտուղարի, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից փոխանցեցին, որ Արարատ Միրզոյան - Ստանիլսավ Զաս հանդիպում նախատեսվում է, բայց օրակարգը և հանդիպման օրը նշել հրաժարվեցին։

Երեկ ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Զասը Հայաստանում կլինի դեկտեմբերի 22-24-ը, կհանդիպի վարչապետի, արտգործնախարարի, Պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Կազմակերպությունում այժմ նախագահում է Հայաստանը։

Հայտնի նաև, որ այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մասնակցելու Երևանում մեկնարկող հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։

Անցած շաբաթ Օվերչուկն Ադրբեջանում էր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ռուս պաշտոնյան քննարկել էր եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, կոմունիկացիաների բացման վերաբերյալ հարցեր։

Աշխատանքային խումբը համանախագահող փոխվարչապետերը վերջին անգամ հանդիպել են այս ամսվա սկզբին։

Սոչիում երեք երկրների առաջնորդներիբանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թեև հայտնել էր, որ փոխվարչապետերը հանդիպումից հետո կհայտարարեն ձեռք բերված նոր պայմանավորվածությունների մասին, եռակողմ աշխատանքային խումբը հանդիպումից հետո որևէ հայտարարությամբ հանդես չեկավ։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից միայն հայտնեցին, թե առաջիկայում ևս մեկ հանդիպում է նախատեսվում, թե երբ է այն նախատեսված՝ չէին հստակեցրել։

Այս հանդիպումից առաջ էլ երկու երկրների ղեկավարները հեռակա բանավեճի էին բռնվել. Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի նման՝ առանց մաքսակետերի։ Փաշինյանը հակադարձել է՝ շեշտելով, որ այդ զուգահեռներն անընդունելի են հայկական կողմի համար։

Եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցեցին, որ Ալեքսեյ Օվերչուկի այցի ընթացքում տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ հարցերի քննարկում չի նախատեսվում։ Նիստի թեման հայ-ռուսական երկկողմ օրականգն է։

Թե արդյոք կկայանա Փաշինյանի - Օվերչուկ հանդիպում՝ պարզել չհաջողվեց։ Կառավարությունից հրաժարվեցին հստակեցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG