Մատչելիության հղումներ

Ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք. Օվերչուկը՝ Փաշինյանին


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, 5-ը նոյեմբերի, 2021թ.
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, 5-ը նոյեմբերի, 2021թ.

Հայաստանի ու Ադրբեջանի մինչև ճանապարհների ապաշրջափակման հարցում լուծումներն առաջին հերթին հիմնվում են այն հանգամանքի վրա, որ այդ ճանապարհների ինքնիշխանությունը մնալու է այդ պետությանը, երեկ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների», - նշել է Օվերչուկը։

Նման մի հայտարարություն երեկ նաև Ռուսաստանի արտործնախարարությունն է արել՝ հայտնելով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի բոլոր կողմերը համաձայնել են՝ ապաշրջափակված բոլոր ճանապարհները շահագործվելու են պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա։

Մի քանի օրից կլրանա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ տարին։ Ռուսաստանի փոխվարչապետը Երևան էր ժամանել շրջանառվող այն լուրերի ֆոնին, թե նոյեմբերին առաջին տասնօրյակում Մոսկվայում հնարավոր է կայանա Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Պուտինի մասնակցությամբ։

Ադրբեջանն ու Թուրքիան ապաշրջափակման մասին խոսելիս կիրառում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը, ինչը կտրականապես մերժում է Հայաստանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ աշխատանքային խմբում Ռուսաստանը ներկայացնող փոխվարչապետին Երևանում ընդունելով՝ վերստին հայտարարել է՝ Ադրբեջանը միջանցքի մասին խոսելով փորձում է պարտադրել իր ընկալումները փոխվարչապետի համանախագահությամբ գործող հանձնաժողովին, ինչը Հայաստանի համար անընդունելի է։

«Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում մեր աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա, հատկապես հաշվի առնելով, որ մեր եռակողմ հայտարարություններում միջանցքների մասին որևէ խոսք չկա», - ընդգծել է Փաշինյանը:

Երևանը հայտարարում է՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում պատրաստ է կոնկրետ լուծումների գնալ, ըստ վարչապետի՝ Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանն էլ՝ Հայաստանի, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող:

Ռուսաստանը նախկինում էլ է հայտարարել, որ միջանցքի գաղափարն իրենց համար ընդունելի չէ, ասում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ըստ նրա, Ադրբեջանի ու Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն առաջնային է և նրանք այժմ ամեն ինչ անում են Հայաստանին իրենց կամքը պարտադրելու համար:

«Թե որքանով այս իշխանությունը կունենա հնարավորություն չեզոքացնելու, նվազագույնի հասցնելու իրեն ուղղված և՛ սպառնալիքները, և՛ ճնշումները, դա արդեն հարցի երկրորդ մասն է, որովհետև Հայաստանին դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է անվտանգային համակարգ, անհրաժեշտ է բանակցելու էֆեկտիվ գործիքներ, ինչը, ցավոք, այս իշխանությունը որևէ ձևով չի ապահովում», - ասաց Աբրահամյանը:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանին մտահոգել է Ռուսաստանի փոխվարչապետի այն հայտարարությունը, թե ճանապարհների հսկողությունն իրականացվելու է պարիտետային, այսինքն հավասարության հիմքով, ասում է՝ պետք է հասկանալ, թե սա ինչ է նշանակում:

«Ադրբեջանն արդեն բացահայտ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ն Ադրբեջանի տարածք է, մինչդեռ հիմա, փաստորեն, հայկական մեքենաները օգտագործում են Ադրբեջանի տարածքը Հայաստանի Ա կետից Բ կետ հասնելու համար՝ առաց որևէ ստուգման և Ադրբեջանը փորձագիտական մակարդակով հստակ հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ պետք է լինի պարիտետային սկզբունք: Ինչպես Հայաստանն է օգտվում այն Գորիս-Կապան ավտոճանապարհի Ադրբեջանի վերահսկողության տակ եղած հատվածից՝ առանց որևէ ստուգման, այնպես էլ իրենք են պահանջում, որպեսզի պարիտետային սկզբունքով կարողանան օգտվել Հայաստանի տարածքից», - նշեց Պողոսյանը:

Ըստ քաղաքագետի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս Ադրբեջանն հենց այսպիսի լուծում է ցանկանում. «Ասում են, որ ցանկանում են նստել ավտոմեքենա նախկին Խորհրդային Ադրբեջանի Զանգելանի շրջանում, հատել Ադրբեջան- Հայաստան սահմանը Սյունիքի մարզում, այնուհետև հատել Հայաստան-Նախիջևանի ինքնավար հանրապետություն սահմանը էլի Սյունիքի մարզում և այդ ամբողջ հատվածում չեն ցանկանում տեսնել որևէ հայ ոստիկանի հայ սահմանապահ զորքերի ներկայացուցչի»:

Ռուսաստանի փոխվարչապետին ընդունած Հայաստանի վարչապետը երեկ նաև շեշտել է՝ պետք է բանակցել նաև մաքսային, ֆիտոսանիտարական, սահմանային հսկողության և հսկողության այլ հնարավոր տեսակների շուրջ:

Ընդգծելով, որ բոլոր տեսակի հսկողական գործառույթները իրականացվելու են պարիտետային հիմքով՝ Օվերչուկը հավելել է՝ եռակողմ աշխատանքային խմբում արդեն քննարկել են, թե ինչպես, ինչից պետք է սկսել ավտոմոբիլային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ժամկետների մասին, սակայն, ո՛չ Փաշինյանը, ո՛չ Օվերչուկը չեն խոսել։

XS
SM
MD
LG