Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները ցույց են անցկացնում կառավարության շենքի մոտ, պահանջում վարչապետի հրաժարականը


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը կառավարության շենքի մոտ՝ ցույցի ժամանակ, 11-ը նոյեմբերի, 2021թ․
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը կառավարության շենքի մոտ՝ ցույցի ժամանակ, 11-ը նոյեմբերի, 2021թ․

«Նիկոլ՝ դավաճան» վանկարկումներով Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները բողոքի ակցի են անցկացնում Կառավարության շենքի մոտ։

«Մինչև չկարողանանք քեզ հեռացնել, մեր երկիրը նորմալ չի ապրելու», - հայտարարեց խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ շարունակելով․ - «Դավաճանությունը չես մարսելու և լավ կլինի ժամը 2-ին ներկայանս և ցույց տաս, թե ինչպես ես հերթական անգամ մեր հայրենքը ծախում, հետո կորոշենք՝ քո հետ ինչ անել»։

Ադրբեջանական կողմը երեկ տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-ի լույս գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանը օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսօր ցույցի ժամանակ տեղեկացրեց, որ ժամը 14։00-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ՝ քննարկելու «Հայաստանի սուվերեն տարածքում՝ Գորիս-Կապան մայրուղում թշնամական մաքսային և ոստիկանական հենակետեր տեղադրելու և այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցերը։ Կանչվել են հատուկ հաշվետվության նաև կառավարության ներկայացուցիչներ»։

Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովի նիստին զուգահեռ Կառավարության շենքի դիմաց ցույցը շարունակելու են։

Մանրամասներն՝ ավելի ուշ

XS
SM
MD
LG