Գլխավոր դատախազությունը պետք է նյութեր նախապատրաստի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, թե դեկտեմբերին Սյունիքի հատվածում զորքերի հետ քաշվելու բանավոր հրամանն ինքն է տվել։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեցին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ովքեր հանցակազմ են տեսնում Փաշինյանի այս որոշման մեջ:
«Չէր կարող որևիցե մեկը բանավոր հրաման տալ հետ քաշվելու, այն էլ այն վայրերում, որոնք հետագայում պետք է վիճաբանության առարկա դառնային մեր սահմանները ճշտելու ուղղությամբ», - ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Օրինակ` եթե լիներ նորմալ կառավարիչ, ապա այդ նորմալ կառավարիչը գոնե նույն պատերազմի չվերսկսելու կամ չշարունակվելու պատճառով հրահանգ կտա զորքերը կանգնեցնել գոնե այն տեղերում, որտեղ ռազմավարական նշանակություն ունեն` բարձունքներ, ճանապարհներ, գոնե մեզ համար ավելի շահելի վիճակում, այդ վիճաբանության կետերից ավելի առաջ կանգներ, որոնք հետագայում կարող էին նաև դառնալ դելիմիտիացիայի, դեմարկացիայի համապատասխան առարկա», - կարծում է պաշտպանության նախկին նախարարը:
Ո՞ւմ հրամանով և ինչի՞ հիման վրա է 44-օրյա պատերազմից հետո նման որոշում կայացվել, այս հարցը արդեն մի քանի շաբաթ է` ընդդիմադիրների օրակարգում է։ Նրանց գրավոր հարցումներին Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր մեկնաբանություններով հրաժարվել են պատասխանել։
Չորեքշաբթի կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ ևս մի քանի անգամ հնչեց այս հարցը, և միայն ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան Փաշինյանը հստակեցրեց. «Ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»:
Փաշինյանն այս որոշումը հիմնավորում է այսպես. այդ շրջանները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով, իսկ որ Սյունիքին սահմանակից Զանգելանն ու Կուբաթլուն բանակցությունների առարկա դարձած 7 շրջանների մաս են, ըստ նրա, հիմնավորվում է նաև արդեն հայտնի դարձած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է 2010 թվականին նախկին իշխանությունների ժամանակ:
Ապա Փաշինյանն ակնարկում է ինչ-որ փաստաթղթի նախապատրաստման մասին, որն այդպես էլ չի ստորագրվել, այլ մանրամասներ չի փոխանցում:
Նիկոլ Փաշինյանը խոսում է 2020 թվականի դեկտեմբերի 14-ի ուղերձի մասին, որից հետո էլ ըստ Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի` հայկական զինված ուժերի հետքաշման հրաման է եղել:
«Նույնիսկ չեն էլ բանակցվել Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված մանրամասները»
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը մինչդեռ պնդում է` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որն այդ պահին հանրությանը հայտնի միակ գրավոր փաստաթուղթն էր, այդ հատվածներում հայկական զինված ուժերի հետքաշման մասին ոչինչ չկա: Եռակողմ փաստաթղթի երկրորդ կետն ասում է Աղդամի շրջանի վերադարձի մասին, վեցերորդ կետը` Քելբաջարի և Լաչինի:
«Հանձնման պարագայում նույնիսկ չի էլ բանակցվել Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված մանրամասները, որովհետև դրանք հարցի տարբեր նաև ենթակետերն են, և այս պարագայում որևէ մեկն այդ պայմաններում հաշվի չի առել, թե այդ շրջանների հանձնման պարագայում ինչ իրավիճակում ենք հայտնվելու մենք:
Մի կարևոր արձանագրում էլ կա, երբ խոսում ենք այն մասին, որ եթե դա չհանձնվեր, օրինակ` պատերազմ կլիներ և այլն, հիմա նույն տրամաբանությամբ Ադրբեջանը կարող է ասել` եկեք հանձնենք, օրինակ, Վարդենիսը, Կապանը, Մեղրին»:
Դատախազություն. Այդ հանգամանքը ՀՔԾ-ում գտնվող քրգործի շրջանակներում արդեն քննվում է
Վարչապետի աշխատակազմից մեկնաբանություն ստնաալ չհաջողվեց ընդդիմադիրների հայտարարության առնչությամբ։ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ այդ հանգամանքը ՀՔԾ -ում քննվող քրեական գործի շրջանակներում արդեն քննվում է։ Գործը հարուցվել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։