Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է ռուսական զորքերն իրական խաղաղապահներով փոխարինելու հարց բարձրացնի. Հովսեփ Խուրշուդյան


Ռուսաստանն Արցախում ոչ թե խաղաղապահ զորքեր է տեղադրել, այլ՝ բազա, երեկ «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ մասնավորապես մատնանշելով Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպը։

«Տեղի ունեցավ սպանություն՝ հայ քաղաքացու և երեքի վիրավորում, մինչև հիմա որևէ արձագանք, որևէ արձանագրում չկա՝ ո՛չ խաղաղապահների կողմից, ո՛չ արտգործնախարարության կողմից։ Խաղաղապահ զորքերը նրանք են, ովքեր կատարում են խաղաղապահ առաքելություն, ապահովում են տեղի բնակչության անվտանգությունը, ապահովում են շփման բացակայությունը երկու հակամարտող կողմերի միջև, այլ ոչ թե թույլ են տալիս, որ զինված հրոսակը՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչը գա, մոտենա աշխատող անզեն բանվորներին և կրակի նրանց վրա, բա ո՞ւր էին խաղաղապահները», - ասաց Խուրշուդյանը։

Նեյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, քաղաքացիներից մեկը զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Դեպքից միայն մեկ օր անց Ռուսաստանի պաշտպանության նախարարաությունը հաստատեց՝ ադրբեջանական կողմը կրակել է 4 արցախցիների վրա։

Ընդգծելով, որ խաղաղապահները ժամանակավոր են Արցախում՝ Խուրշուդյանը շեշտեց՝ խաղաղապահները կգնան Արցախից, եթե Ադրբեջանն այդպես ցանկանա։ Հայաստանը, նրա համոզմամբ, պետք է ռուսական զորքերն իրական խաղաղապահներով փոխարինելու հարց բարձրացնի։

«Ռուսական ռազմաբազան պետք է փոխարինվի իրական արևմտյան մանդատ ունեցող խաղաղապահներով։ Ռուսաստանն այսօր չունի մանդատ, խոցել է, և եթե նույնիսկ ցանկանա, շատ դեպքերում շատ բաներ չի կարող անել հայ բնակչության շահերը պաշտպանելու տեսակետից, որովհետև մանդատի հարց գոյություն ունի։ Ինքը լեգիտիմ չի այնտեղ, ըստ էության, որովհետև միջազգային որևէ պայմանագիր՝ գրանցված ՄԱԿ-ում և այլն, էդ ամեն ինչի հետ կապված չկա՝ մանդատ չունի», - ասաց ՀԿ ղեկավարը։

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում են՝ եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Հայաստանը շահագրգռված է ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգման հարցում՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը։ Պաշտոնական Բաքուն, սակայն, հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

«Եթե Հայաստանում նույնիսկ իշխանափոխություն լինի, ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, ոչ էլ իրենց խամաճիկները իշխանության չեն գալու»

Երեքշաբթի օրը «Հայաստան» դաշինքը հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում։ Դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ «վստահ եղեք՝ սրանց մենք վռնդելու ենք [գործող իշխանություններին] կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով, յուրաքանչյուր ճանապարհով: Այդ բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջը կանգնած եմ լինելու»։

Հարցին, թե խորհրդարանական ընդդիմության օրակարգը իր համար հասկանալի՞ է, Խուրշուդյանը պատասխանեց․ - «Իրենց փեշակն է, հիմա թող խոսեն, թող իրենք իրենց հույսեր տան, եթե Հայաստանում նույնիսկ իշխանափոխություն տեղի ունենա, էդ իշխանափոխության ընթացում ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ իրենց խամաճիկները հաստատ իշխանության չեն գալու, դա միանշանակ է, և այդ հարցի պատասխանը հայ ժողովուրդն արդեն տվել է ընտրությունների ժամանակ»։

Քաղաքական գործընթացները գեներացվում են, երբ որ կա քաղաքական պահանջ որևէ բանի, իրենց գործունեության հասարակական պահանջ չկա, եզրափակեց ՀԿ ղեկավարը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG