Մատչելիության հղումներ

Բաքուն դատապարտում է Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Արցախ


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այսօր դատապարտել է Հայաստանի պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Արցախ:

Նոյեմբերի 6-ին Արցախ մեկնած Արշակ Կարապետյանը Ստեփանակերտում մասնակցել էր Արցախի Պաշտպանության բանակի ղեկավար կազմի հետ աշխատանքային խորհրդակցությանը, այցելել էր մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական աշխատանքներին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս առիթով տարածած հայտարարության մեջ սադրանք է որակել նախարարի այցը եռակողմ համաձայնագրի տարելիցի նախօրեին: «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով եռակողմ համաձայնագրի դրույթները, նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ստվերել ռուս խաղաղապահների գործունեությունը», - ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի ռազմական ղեկավարությանը մեղադրում է 44-օրյա պատերազմում կրած պարտությունից դասեր քաղելու, տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրավիճակին հարմարվելու, խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու փոխարեն՝ «էժանագին արկածախնդրության դիմելու համար»։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև զգուշացրել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, թե «Ադրբեջանի տարածք նման անօրինական այցերի կրկնության դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ ագրեսիվ անջատողականությունը և ահաբեկչական գործողությունները կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի օրենսդրությանը համաձայն»։

Երեկ Ադրբեջանում նշում էին հաղթանակի օրը և այդ կապակցությամբ Երևանին ուղղված ռազմաշունչ հայտարարություններ հնչեցին, զուգահեռաբար նաև խաղաղության կոչեր։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը «հաղթանակի օրվա» առիթով տարածած հայտարարությունում շեշտել էր, որ Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ և ակնկալում է, որ հայկական կողմը ընդառաջ կգնա խաղաղության առաջարկներին։

«Ցանկանում ենք, որ Հայաստանը Բաքվի և Անկարայի մեկնած խաղաղության ձեռքը որպես հնարավորություն ընդունի». Աքար

Տարածաշրջանային խաղաղության հաստատման ակտիվ քարոզչություն է տանում նաև Թուրքիան: «Ցանկանում ենք, որ Հայաստանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնած խաղաղության ձեռքը որպես հնարավորություն ընդունի և օգտագործի այն», - հայտարարել է թուրք նախարարը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկրորդ օրն է՝ Ադրբեջանում է, և այս հայտարարությունը նա արել այսօր իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Թուրք պաշտոնյան կրկին բարձրաձայնել է տարածաշրջանի հետ կապված Անկարայի ծրագրերի մասին՝ շեշտելով 3+3 համագործակցության ձևաչափի կարևորությունը: «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը միասնական քննարկումներով խաղաղ մթնոլորտ կապահովեն: Աշխարհում շատ շրջաններ կան, որտեղ բախումներ ու հակամարտություններ են եղել: Եվ նրանք, ովքեր կարողացել են քաղաքական լուծումներ գտնել, ավելի ապահով ու զարգացող երկրներ են դարձել: Հայաստանը պետք է հասկանա այս իրողությունը և քայլեր ձեռնարկի և եթե այս ճանապարհով գնա, անվտանգության ու բարօրության հասնելու հարցում լուրջ առաջընթաց կգրանցի»,-ասել է Աքարը:

Թուրք նախարարը նաև խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ շեշտելով, որ այս ծրագիրը չի սպառնում որևէ երկրի շահերին: Ընդ որում, նա նշել է, որ այս հարցը պետք է քննարկեն հայկական ու ադրբեջանական կողմերը, և անհրաժեշտ է աջակցել այս նախաձեռնությանը, քանի որ դրանից կշահի ոչ միայն Ադրբեջանը, այլև հարևան բոլոր երկրները:

Թուրքիան պատրաստ է անել իր հասանելիքը, որպեսզի լույս բացվի այս տարածաշրջանում. Էրդողան

Հարավային Կովկասում մնայուն խաղաղության հասնելու հեռանկարի մասին երեկ խոսել էր նաև Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ամեն հարթակում շարունակելու են աջակցել ադրբեջանցի եղբայրներին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող իրավունքների՝ գլխավորապես «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման հարցում:

«Այս նոր շրջանը Հայաստանի առաջ հնարավորություններ է բացում դուրս գալու փակուղուց, որին ինքն իրեն դատապարտել է տարիներ շարունակ։ Քանի դեռ մեր երկիրն ու ժողովուրդին ուղղված թշնամանք չկա, մենք ոչ ոքի հետ չլուծվող հարցեր չունենք: Մեր ցանկությունն է, որպեսզի քաղաքական և տնտեսական տեսանկյունից աշխարհի ամենածաղկուն շրջաններից համարվող Կովկասի մարդկային և տնտեսական հարստությունը ծառայի այստեղի բոլոր բնակիչների բարօրությանը: Նոր աշխարհակարգում աճելու է Կովկասի ռազմավարական դերը: Թուրքիան պատրաստ է անել իր հասանելիքը, որպեսզի լույս բացվի այս տարածաշրջանում, որի հետ պատմական ու մշակութային դարավոր կապեր ունենք», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ի դեպ, Էրդողանի խաղաղասիրական հայտարարությունների ֆոնին այսօր Թուրքիայի մեջլիսի նախագահությանն է ներկայացվել Ադրբեջանում թուրք զինվորականների ծառայությունը մեկ տարով երկարաձգելու մասին նախագահի ստորագրությամբ օրինագիծը: Թուրք զինվորականները ծառայություն են իրականացնում Աղդամի ռուս - թուրքական մոնիտորինգային կենտրոնում։

XS
SM
MD
LG