Մատչելիության հղումներ

ՀՀ-ին օգնելու պարտավորություն ունեցող ՀԱՊԿ անդամ երկրները բացահայտ աջակցության խոսքեր են շռայլում Ադրբեջանին. քաղաքագետ


«Սրտանց շնորհավորում եմ ձեզ և Ադրբեջանի ժողովրդին ազգային տոնի՝ հաղթանակի կապակցությամբ»։ Նման շնորհավորական ուղերձ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երեկ ուղարկել էր ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից պետության՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Այս նշանակալի օրը ընդմիշտ գրվել է Ադրբեջանի Հանրապետության փառապանծ տարեգրության մեջ՝ որպես ձեր ժողովրդի միասնականության, ամրության, անկոտրում կամքի խորհրդանիշ՝ հանուն հանրապետության ամրացման և երկրի ինքնիշխանության», - նշել էր Տոկաևը։

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպության անդամ ցանկացած երկրի հանդեպ ագրեսիայի դեպքում մյուս անդամ պետությունները այդ երկրի խնդրանքով անհապաղ պետք է տրամադրեն վերջինիս անհրաժեշտ, այդ թվում` ռազմական օգնություն։

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, նկատում է` Հայաստանին օգնության հասնելու պարտավորություն ունեցող երկրները բացահայտ աջակցության խոսքեր են շռայլում Ադրբեջանին:

«Պատերազմի հետ կապված, պատերազմ, որը արդար պատերազմ չէր, որն ուղեկցվեց պատերազմական հանցագործություններով զանգվածային, որևէ զարմանալի բան չկա այդտեղ, զարմանալին այլ տեղ է, թե մենք ինչպես է ստացվել, որ այդ կառույցի հետ ունենալով հարաբերություններ` սահմանափակվում ենք միայն դրանով: Այսինքն` բացարձակապես մեր շահերը մի կողմ դրած` սպասարկում ենք միայն այդ կառույցի, այդ կառույցի գաղափարախոսների շահերը», - ասաց Մեհրաբյանը:

Հայաստանի հետ նույն անվտանգային համակարգում գտնվող Բելառուսը դաշնակից պետություն Հայաստանի ղեկավարին չի զանգել, փոխարենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ ու ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարամյա առճակատման ավարտը։ Նախագահները հաստատել են երկկողմ համագործակցության ռազմավարական բնույթը և քննարկել «Ադրբեջանի ազատագրված տարածքների լայնածավալ փոխշահավետ նախագծերում բելառուսական ընկերությունների մասնակցությունը»։

«Ազատության» հարցին, թե դաշնակիցների նման քայլերին ինչպե՞ս պետք է արձագանքեն Հայաստանի իշխանությունները, վերլուծաբանը պատասխանեց. «Այդ նոտաներն այսպես վերբալ բնույթի քայլեր են, Հայաստանը պետք է գործնական քայլերով պատասխանի, Հայաստանը պետք է իրական դաշնակիցներ ձեռք բերի, դիվերսիֆիկացնի իր բոլոր քաղաքականությունները, պետք է ամրապնդի իր ժողովրդավարությունը»:

Հայաստանի հետ անվտանգային ու տնտեսական միևնույն դաշինքներում գործող պետությունների ղեկավարները ոչ մի խոսք, սակայն, չեն ասում Ադրբեջանում պահվող հայ գերիների, նոյեմբերի 9- հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած, բայց չկատարած պարտավորությունների մասին։ Դատապարտելի են արդյոք պաշտոնական Երևանի համար դաշնակիցների այս շեշտադրումները, և առաջիկա հանդիպումների ժամանակ պատրաստվո՞ւմ են բարձրաձայնել այս հարցը համատեղ նիստերի ընթացքում, վարչապետի աշխատակազմից և Արտաքին գործերի նախարարությունից պատասխան ստանալ չհաջողվեց։

Իշխող խմբակցության պատգամավորները ևս չցանկացան մեկնաբանություն տալ այս թեմայով։

XS
SM
MD
LG