Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին պնդում է, որ նոր բանտ տեղափոխվելիս ծեծի է ենթարկվել


Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից փոխադրում են Գլդանիի բանտի հիվանդանոց, 8 նոյեմբերի, 2021թ.
Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից փոխադրում են Գլդանիի բանտի հիվանդանոց, 8 նոյեմբերի, 2021թ.

Վրաստանի ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները:

Հոկտեմբերի 1-ից հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին երեկ երեկոյան Ռուսթավիի թիվ 12 բանտից փոխադրել են Թբիլիսիի արվարձանում գտնվող Գլդանիի բանտի հիվանդանոց:

Երրորդ նախագահը փաստաբանի միջոցով հայտնել է, որ բանտի ծառայողներն իրեն ուժով դուրս են հանել մեքենայից, դա ուղեկցվել է հարվածներով և հայհոյանքներով:

«Նրանք ինձ քաշել են մազերիցս, մի քանի անգամ հարվածել են, ես, իհարկե, դիմադրություն եմ ցույց տվել»,- ասվում է Սաակաշվիլիի նամակում:

Փաստաբանը հայտնել է, որ Սաակաշվիլին հրաժարվում է դեղորայքից և չի դադարեցնում հացադուլը:

Թբիլիսիում շարունակվում է ընդդիմության բողոքի հանրահավաքը, մերթ ընդ մերթ տեղի են ունենում ընդհարումներ Սաակաշվիլիի աջակիցների և ոստիկանների միջև:

Ընդդիմադիրները պնդում են, որ չեն դադարեցնի ցույցերը: Երեկ նրանց ակցիան Ազատության հրապարակում էր, այսօր ցուցարարները տեղափոխվել են հարևանությամբ գտնվող կառավարության շենքի մոտ: Հավաք է եղել նաև արդարադատության համալիրի մոտ, որտեղ «Ազգային միացյալ շարժման» լիդեր Նիկա Մելիան բոլորին կոչ է արել այսօր երեկոյան անպայման հավաքվել և մեծ ցույց անցկացնել:

«Շատ կարևոր է, որ մենք բոլորս երեկոյան լինենք Ռուսթավելիի վրա և ժամը 7-ին խորհրդարանի մոտ հզոր ցույց կազմակերպենք»,- ասել է Մելիան: Նա էլ է նշել, որ բանտարկված Սաակաշվիլիին երեկ իրավապահները ծեծի են ենթարկել:

Նախկին նախագահին Գլդանիի բանտի հիվանդանոցում այցելել է Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան, ով ասել է, թե այդ բուժհիմնարկի պայմանները բավարար չեն երկարատև հացադուլի մեջ գտնվող անձին խնամելու համար:

«Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն քննադատել է մարդու իրավունքների պաշտպանին, ասելով, թե նրա դիրքորոշումն ամբողջությամբ համապատասխանում է «Ազգային միացյալ շարժման» օրակարգին:

Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Վրաստանի իրավապահներին երեկ զսպվածություն և բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելու համար:

«Հեշտ չէ տարատեսակ մելիաների կողմից ենթարկվել հայհոյանքների տեղատափին և հունից դուրս չգալ: Շատ շուտով մարդիկ հանգիստ կընդունեն այն փաստը, որ Սաակաշվիլին դարձել է Վրաստանի օրենքներով պատիժը կրող շարքային կալանավոր: Կտտանքներ, անմարդկային վերաբերմունք, ռեկետ, սպանություններ, երկրի տարածքի 20 տոկոսի հանձնում՝ այս է Սաակաշվիլիի կառավարումը, նա շատ ավելի ծանր հանցանքներ է գործել ուրիշ կալանավորների համեմատությամբ»,- ասել է Կոբախիձեն:

Իշխող կուսակցության ղեկավարը նաև ասել է, թե ըստ պետական անվտանգության ծառայության, Սաակաշվիլիի աջակիցները ծրագրել էին իրենց իսկ հավատարիմ զինակիցներից մեկին ֆիզիկապես վերացնելու դավադրություն:

Կոբախիձեի խոսքով, նրանք մտադիր էին թունավորել «Դրոա» կուսակցության ղեկավար Էլենե Խոշտարիային, ով օրերս հացադուլ է հայտարարել` պահանջելով ազատել Սաակաշվիլիին: Ըստ Կոբախիձեի, իրավապահները կանխել են դավադրությունը:

Խոշտարիան անմիջապես արձագանքել և «անհեթեթություն» է անվանել Կոբախիձեի այդ պնդումները:

Օմբուդսմենի գրասենյակը հայտնել է, որ Սաակաշվիլիին Գլդանիի բանտի հիվանդանոցում տեղավորել են առանձին պալատում, և այդ բաժնում ուրիշ կալանավորներ չկան:

Արձագանքելով արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի պնդմանը, թե երեկ փոխադրման ժամանակ Սաակաշվիլին հարվածներ և հայհոյանքներ է հասցրել բանտի աշխատակիցներին, օբմուդսմենի ներկայացուցիչ Միխայիլ Գոգաձերն ասել է, որ իրավապահները նախկին նախագահին հունից հանել են, քանի որ ուժ են գործադրել մեքենայից դուրս քաշելու և պալատ փոխադրելու համար:

«Սաակաշվիլին չէր ցանկանում փոխադրվել Գլդանիի թիվ 18 բանտ, նրանք ուժով են դրան հասել և շտապօգնության մեքենայով են փոխադրել»,- ասել է Գոգաձեն:

Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց փոխադրելու կոչեր են հնչեցնում նաև Կիևում, որտեղ նշում են, որ Վրաստանի նախկին նախագահն ունի Ուկրաինայի քաղաքացիություն:

Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով, որոնցից երկուսով հեռակա կարգով դատապարտվել է 3 տարվա և 6 տարվա ազատազրկման:

Սաակաշվիլին հերքում է մեղադրանքները և պնդում է, որ այդ գործերը հարուցվել են «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խամաճիկ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի պատվերով»:

Վրաստանի իշխանությունն էլ պնդում է, որ Սաակաշվիլին սեպտեմբերի վերջին երկիր է վերադարձել պառակտումներ հրահրելու և հեղաշրջում իրականացնելու նպատակով, որն ամբողջությամբ ձախողվել է, քանի որ հոկտեմբերին տեղական ընտրությունների երկու փուլերում հանրությունը միանշանակ սատարել է «Վրացական երազանքին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG