Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 307-ով՝ հասնելով 302 հազար 450-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 38 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 962-ով և հասել 264 հազար 678-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 15 հազար 818 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 48 հազար 128-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 189-ի, ևս 1280 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 303 մարդ։
«30 հազար 433 դրական ակտիվ դեպքերի շրջանում պատվաստված քաղաքացիները ընդամենը 1702-ն են»
Այսօր Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը երկրում «ծայրահեղ լարված է»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց վերջին տվյալները։
Ըստ նախարարի՝ տվյալ պահին Հայաստանում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են քովիդ պացիենտներին, ընդհանուր առմամբ 3 հազար 50 մահճակալ գործնականում անընդհատ զբաղված է։
Ծանր վիճակում է 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 307, թոքային օդափոխության սարքերին է միացված 152 քաղաքացի։
«Պետք է նշեմ, որ այս շտամի առանձնահատկությունն է, որ այն թե՛ իր ծանրության, հիվանդության ընթացքի ծանրության առումով, թե՛ վարակելիության առումով և թե՛ տարիքային առումով իսկապես մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում դնում», - ասաց Ավանեսյանը՝ շարունակելով․ - «Այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ, և այս պահին էլ մենք ունենք 122 հղի կին, ովքեր որ հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»։
Նախարարի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ այս պահին «դրական ակտիվ դեպքերի 30 հազար 433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիները ընդամենը 1702-ն են, հոսպիտալացված մոտ 3 հազար 100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվը ընդամենը 96-ն է, և վերակենդանացման բաժանմունքում [1500] գտնվողների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, ովքեր որ պատվաստված են»։
Վարչապետը հայտարարեց․ - «Մեր ռազմավարությունը այս իրավիճակում՝ մենք պետք է դիմակների կրման պայմանները խստացնենք, և երկրորդը՝ պետք է գնանք պատվաստումների ծավալը ընդլայնելու ճանապարհով»։
Փաշինյանը դրսում դիմակ կրելը պարտադիր դարձնելու հնարավորության մասին խոսեց, Ավանեսյանն էլ ճեպազրույցում հաստատեց՝ նախագիծն ուղարկել են Արդարադատության նախարարություն, մի քանի օրից կարծիքը կստանան։
Արցախում՝ կորոնավիրուսի 65 նոր դեպք, մահացել է ևս մեկ մարդ
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք է գրանցվել:
Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 148 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։
Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան ևս մեկ դեպք։ 69-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էին երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարություն, մի շարք ուղեկցող հիվանդություններ:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16 հազար 197 քաղաքացու հետազոտություն, որից 1828-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։