Հայաստանում, որտեղ վերջին մեկ օրում միայն քովիդից 57 մարդ է մահացել, իսկ վերջին մեկ շաբաթում՝ 334, տասնյակ պաշտոնյաներ ու օտարերկրյա հյուրեր օրերս նախագահականի փակ դահլիճում բազմամարդ միջոցառման էին մասնակցում առանց դիմակների։
Առանց դիմակի էին նաև երկրի նախագահ Արմեն Սարգսյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որի հրամանով արդեն երկու տարի է` հայաստանյան փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Այսօրվանից բուհերն անցել են հեռավար կրթության, դպրոցների աշնանային արձակուրդը երկարացվել է ևս մեկ շաբաթով, հիվանդանոցները գերծանրաբեռնված են, ազատ մահճակալներ գրեթե չկան, պատվաստումների առումով էլ Հայաստանը դեռ շարունակում է տարածաշրջանում վերջին տեղում մնալ։
Չնայած այս պատկերին՝ նախագահականից ու Առողջապահության նախարարությունից, անդրադառնալով նշյալ տեսանյութին, փոխանցում են՝ դա հյուրասիրություն էր, որտեղ դիմակ կրելը պարտադիր չէ։ Տեսանյութում երևում է, որ դահլիճում շուրջ 5 տասնյակ մարդ կար, սոցիալական հեռավորություն պահպանված չէր:
Գրեթե ամեն շաբաթ դիմակ կրելու հորդոր հնչեցնող առողջապահության նախարարի մամուլի խոսնակը «Ազատությանը» փոխանցեց՝ Ավանեսյանը դիմակ ուներ և միայն ուտելիս ու խմելիս է այն հանել։ Հիշեցրեց նաև՝ նախարարը պատվաստված է. «Հյուրասիրության ժամանակ ոչ մեկից պահանջ չկա դիմակ կրել: Տրամաբանորեն ոչ ոք չի կարող խմել կամ ուտել դիմակի առկայության դեպքում, և՛ նկարում էլ լավ երևում է, որ հյուրասիրություն է, և տիկին նախարարի ձեռքին բաժակ կա, և՛ տեսագրության ժամանակ», - հավելեց խոսնակը:
Վերջին երկու տարում նախագահ Արմեն Սարգսյանն իր պաշտոնական հանդիպումների ընթացքում առնվազն 1-1.5 մետր հեռավորություն էր պահպանում, ինքն էլ վարակվել էր կորոնավիրուսով։ Համացանցը ողողած հայտնի տեսանյութում, սակայն, ճիշտ հակառակ պատկերն էր։
Նախագահականից «Ազատությանը» գրեթե նույնն ասացին, ինչ Առողջապահության նախարարությունից. նախագահ Սարգսյանը պատվաստվել է, միջոցառման նախորդ օրերին բոլորը դիմակով են եղել, իսկ ընթրիքի ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ։
«Բոլոր մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ, մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության: Համամիտ ենք այն տեսակետին, որ պատվաստումը վիրուսից պաշտպանվելու, համավարակը հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու լավագույն ճանապարհն է», - նշել են նախագահականից:
Հենց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է տարբեր առիթներով ընդգծել՝ պատվաստված ես, թե ոչ, ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունես, թե ոչ, փակ տարածքում դիմակ դնելը պարտադիր է։
«Ինչո՞ւ ենք դեռ պահանջում փակ տարածքներում պատվաստված անգամ քաղաքացիներից կրել դիմակ, որովհետև հիմա ունենք հիվանդացության ակտիվ շրջան, և երբ որ այդ ալիքը կհաղթահարենք, կունենանք հանգիստ համաճարակային իրավիճակ, այլ երկրների նաև փորձում կամաց-կամաց կհանենք այս պահանջի կիրառելիությունը, իսկ անկախ նրանից` պաշտոնավոր, թե ոչ պաշտոնավոր, փակ տարածքներում դիմակի կրման պահանջը խիստ այս պահին կարևոր է», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասել էր Ավանեսյանը:
Միայն Վահագն Խաչատրյանն էր դիմակով
Աղմուկ բարձրացրած այդ միջոցառման կադրերում միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն էր դիմակով, որը նույնպես ընթրիքի սեղանների շուրջ էր կանգնած։ Չանհանգստացրե՞ց տեսարանը, որ շրջապատում ոչ ոք դիմակ չէր դրել, «Ազատության» այս հարցին Խաչատրյանը պատասխանեց՝ մյուսների փոխարեն չի խոսի. «Չգիտեմ` ոնց է եղել, ես ուղղակի կարգն եմ պահպանում. այդքան մարդ, որ մի տեղ հավաքված է, պիտի զգուշանանք, թե չէ առողջական խնդիրներ չունեմ, պատվաստված եմ վաղուց, ուղղակի ընդունված կարգ է` փակ միջավայրում, որտեղ կան 20-ից ավելի մարդիկ, ես ուղղակի դիմակ եմ կրում: Որտեղ որ լինել` կլինեն անձնական ինչ-որ միջոցառումներ, թե կլինեն ընդհանուր հանրային միջոցառումներ, ուղղակի ինձ մոտ սկզբունք է` անցած տարվանից ընդունված այդ կարգը պահում եմ առանց որևէ մեկի պահանջի կամ պարտադրանքի:
Պարզ ասեմ` ամեն մեկն իր խնդիրն ինքը պետք է որոշի` որ միջավայրում որ լինում է», - ասաց նախարարը:
Նորմալ կլիներ, եթե ներողություն խնդրեին. բժիշկ
Բերված պաշտոնական փաստարկները չեն համոզել բժիշկ Վահե Տեր-Մինասյանին։ Նրա կարծիքով` առաջին հերթին հենց հանրային դեմքերը պետք է օրինակ ծառայեն. «Առողջապահության նախարարը սովորական մարդ չի, հանրապետության նախագահը սովորական մարդ չի, որպես պրոպագանդայի տեսակետից ես սա դիտարկում եմ սխալ: Ինչը լավ է` ասում ենք` լավ է, ինչը ասում ենք` վատ է, պետք է ընդունենք, ասենք` վատ է: Ես չէ, որ պիտի ուրիշի փոխարեն խոսեմ, բայց կարծում եմ` նորմալ կլիներ, եթե ասեին` սխալ ենք թույլ տվել, ու ներողություն խնդրեին»:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Գայանե Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ նախագահականում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների առանց դիմակի կադրերն արդյոք հիմք չե՞ն խախտում արձանագրելու և դրանց ընթացք տալու համար: Ասաց՝ տեսչական մարմինը կուսումնասիրի և որոշում կկայացնի։ Թե որոշում կայացնելու համար ի՞նչ ժամկետ կա, խոսնակը չհստակեցրեց։
Ի դեպ, կորոնավիրուսը Հայաստանում արդեն ավելի քան 6000 մարդու կյանք է խլել, մահվան դեպքերը տասնյակներով ավելանում են հատկապես վերջին շրջանում։