Մատչելիության հղումներ

«Կա անգրագիտություն, կա մանիպուլյացիա․ չպատվաստվել քարոզող բժիշկները պետք է զրկվեն արտոնագրից». Վահե Տեր-Մինասյան


Չպատվաստվել քարոզող բժիշկները պետք է զրկվեն արտոնագրից, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վիրաբույժ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը՝ շեշտելով, նրանք «փոքրամասնություն են և ամեն մեկն ինչ-որ փորացավ ունի»։

Երեկ Հայաստանում կորոնավիրուսից 57 մարդ է մահացել, սա Հայաստանում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է։

Վահե Տեր Մինասյանը վստահ է՝ բժիշկներն, ովքեր էս վիճակը տեսնելով կարող են հայտարարել, որ պատվաստումները վատ են, մի պատվաստվեք, նպաստում են մահերի քանակին։ «Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի նման բժշկին լիցենզիայից զրկելու և այլ ոլորտում իր համար աշխատանք փնտրելու», - ասաց բժիշկը։

Հարցին, թե գուցե այստեղ մասնագիտակա՞ն ինչ-որ վեճ կա, նա հավատում է իր ասածին, որ պատվաստումը կարող է ինչ-ինչ վտանգներով հղի լինել, Տեր-Մինասյանը պատասխանեց․ - «Մասնագիտական վեճ չկա, կա անգրագիտություն, կա մանիպուլյացիա։ Դուք ասում եք վեճ, ստացվում է, որ բժիշկների 50 տոկոսն ասում է՝ «եկեք, պատվաստվեք», 50 տոկոսն ասում է՝ «եկեք, մի՛ պատվաստվեք։ Դա ընդամենը մարդկանց մի խումբը է, որոնց պարագայում ցանկացած լրագրողական հետաքննություն կարող է ցույց տալ, թե ամեն մեկի փորացավն ինչ է իրենցի ներկայացնում, թե ով, որ ժամանակահատվածում է պաշտոնից զրկվել, ով որ ժամանակահատվածում է փողի աղբյուրից զրկվել և ով, ինչու է ուզում առողջապահական համակարգը տանի այսպիսի վատ վիճակի, հետո կանգնի ասի՝ «տեսե՛ք, դուք չկարողացաք վիճակը կառավարել»։

Օրերս հղիության 20-րդ շաբաթում քովիդից մահացավ 44-օրյա պատերազմում զոհվածի մայրը՝ 41- ամյա Սիրանույշ Նալբանդյանը։

«Դուք պատկերացրեք էդ ընտանիքի վիճակը, երբ որ էդ ընտանիքում զինվորն է զոհվում, հետո մայրն այնուամենայնիվ կարողանում է ուժ գտնել, հղիանալ, հասնել 20 շաբաթական հղիության ու չծնված բալիկի հետ մահանալ։ Էդ կինը մահացավ երևի ինչ-որ մեկի մեծամտության՝ «ինձ ոչ մի բան չի լինի», «կլավանանք», կամ ասենք թե «սուտ է, չկա կորոնավիրուս» ու ամեն անգամ, երբ որ նման միտք եք արտահայտում, մտածեք, որ գուցե այդ զոհված զինվորի մոր մահվան մեջ դուք էլ որոշակի մեղքի բաժին ունեք», - ասաց Վահե Տեր-Մինասյանը։

Սա հղիի մահվան առաջին դեպքը չէ Հայաստանում։

Բժիշկը համոզված է՝ եթե պատվաստումները պատշաճ կատարվեին, երկրում էսպիսի վիճակ չէր լինի։

Ընդգծելով, որ եթե պետությունն ուզում է էս վիճակից դուրս գալ, որոշակի խիստ սահմանափակումներ պետք է մտցնի, բժիշկն առաջին հերթին նշեց քարոզչությունը․ - «Պետք է կտրականապես արգելվի ոչ մասնագետի ցանկացած քննարկում ու արտահայտություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG