70-ամյա Զարիկ Հակոբյանը նեղսրտում է վերակենդանացման բաժանմունքում՝ լարերի մեջ խճճված, սարքերի աղմուկի տակ. - «Շատ եմ հոգնած, ուզում եմ լավ լինեմ, բայց չի ստացվում»։
Նա երկու ամիս առաջ է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն տեղափոխել քովիդ ախտորոշմամբ։
Այս բուժկենտրոնի 500-ից ավելի մահճակալները, վերակենդանացման բաժանմունքի 114 տեղերը բոլորը զբաղված են՝ քովիդ վարակակաիրներ են։
41-ամյա Սիրանույշ Նալբանդյանը շնչառական սարքերի տակ է, թոքաբորբի ծանր ընթացքով։ Բայց ժպիտը նրա դեմքին անընդհատ է։ Պիտի պայքարեմ, ասում է՝ կլորացող փորիկը ցույց տալով, հինգ ամսական է՝ ձեռքերով է ցույց տալիս, աղջիկ է... Հետո ցույց է տալիս այս պատերազմում զոհված որդու՝ Հայկի նկարը։ Սիրանույշը հասկացնում, որ այս հղիությունից հետո մեկն էլ է պլանավորում, աղջկանից հետո որդի է ուզում ունենալ... Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր։
Հայաստանում այժմ հիմնականում «դելտա» շտամն է շրջանառվում, որ շատ արագ ընթացք ունի, ասում է բուժկենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը. - «Թոքաբորբը զարգանում է շատ կարճ ընթացքում՝ մեկ-երկու օրում։ Կարող է զրո տոկոս թոքաբորբից դառնալ 80-90 տոկոս»։
Վերականեդանացման բաժանմունքնում հիմնականում երկկողմանի թոքաբոբերի ծանր պատկերով, ուղեկցվող այլ հիվանդություններով մարդիկ են։ Այս բաժանմունքի հարյուրից ավելի հիվանդներից միայն մեկն է, որ պատվաստման ամբողջական երկու դոզա է ստացել, շեշտում է փոխտնօրենը։ Մյուսները ընդհանրապես պատվաստված չեն, ավելին՝ նույնիսկ քովիդի ռեանիմացիայում են դեմ պատվաստմանը։
Վերակենդանացման բաժանմունքնում 10-րդ օրն անցկացնող Լիլյա Մարտիորսյանն էլ է պատճառներ գտել չպատվաստվելու համար. - «Արյունս թանձր ա , երկաթս բարձր ա»...
Տիկին Լիլյան քովիդին էլ քամահրանքնով էր վերաբերվում մինչև այստեղ հայտնվելը. - «Ես կասեմ, թող բոլորը մի քիչ իրանց հանդեպ ուշադիր լինեն, որովհետև... չենք հավատում, բայց պետք ա շատ զգույշ լինել»։
Բաժանմունքի միակ պատվաստվածը Սամվել Միրզախանյանն է։ «Պատվաստվել էի, չինականից», - ասում է նա ու հետո արագ ավելացնում. - «Եթե չպատվաստվեի, մեռած կլինեի»։
Թե ինչ կորուստներ է պատճառել քովիդը, թվարկել դժվարանում է, որովհետև հիշողությունը արդեն տուժել է , տեսողությունն էլ այն չէ, կիլոգրամներ էլ է կորցրել. - «Յոթանասուն կիլո եմ էղել, հիմա հիսում կիլո էլ չկամ»։
Վերջին 24 ժամում քովիդի 1054 նոր դեպք է գրանցվել: 37 հոգի է մահացել։
«Մենք ալիքի գագաթնակետին ենք, կարելի է ասել», - ասաց Պետրոս Մանուկյանը։
Բուժկենտրոնի մուտքի մոտ իրենց հարազատի մասին որևէ տեղեկություն փնտրող հարազատներ են, ծանրոցներ, իսկ ընդունարանում ամեն պահի նոր հիվանդների են ընդունում։
Նորայր Հակոբյանը ընդունարանում սպասում է, թե որ բաժանմունք կտանեն իրեն։ Սրտի խնդիրներ ուներ, քովիդն ավելացված՝ պատվաստվել չի հասցրել. - «Գնացի ստուգումների, ասեցին՝ արյունդ շատ խիտ ա, գնա բուժման... սենց պատմության մեջ ընկա»...
«Եթե պատվաստված լիներ, - ասում Մանուկյանի, - միգուցե անգամ չհիվանդանար, իսկ հիվանդանալու դեպքում ախտանիշներն ավելի թեթև կլինեին»։
Վերակենդանացվման բաժանմունքում քովիդից ու հիվանդանոցային պատերից ազատագրվելը ամենամեծ ցանկությունն է...