Մատչելիության հղումներ

«Գրիգոր Լուսավորչում», ըստ Նարինե Գրիգորյանի, քովիդով հիվանդ հոր վիճակը համարժեք չեն գնահատել. վերակենդանացման բաժանմունք չեն տեղափոխել


64-ամյա Ատոմ Գրիգորյանը քովիդով, թոքաբորբով ու ուղեկցող հիվանդություններով տանն է բուժում ստանում: Շինարարական աստիճանի օգնությամբ ներերակային դեղամիջոցն են միացրել: Դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը պատմում է` ալցհեյմեր ու աուտոիմուն էնցեֆալիտ ծանր հիվանդություններով տառապող հոր վիճակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում համարժեք չեն գնահատել՝ անգիտակից, չսնվող, չքնող հիվանդին վերակենդանացման բաժանմունք չեն տարել:

«Ես հստակ ասում եմ, որ իմ պապայի վիճակը ռեանիմացիայի հիվանդի վիճակ էր», - նշում է նա:

Տղամարդու քրոնիկ հիվանդություններին գումարվել է քովիդը՝ թոքերի 20 տոկոս ախտահարմամբ. «Դուք սպասում եք 5 օր, որ երկուշաբթի օրը KT անեք, ինձ ասեք` ախտահարված են թոքերը, թե չէ, եթե ախտահարված չլիներ, բուժում չէիք անելու, ստորագրելու էիք, դուրս գա՞ր, բա էլ ինչի՞ էիք քովիդի թեստ հանձնում », - ասում է Նաիրա Գրիգորյանը:

Նա չի կասկածում՝ եթե հայկական տարբերակը գործի դներ՝ ծանոթով, հորը կարող էր վերակենդանացման բաժանմունք տեղափոխել. «Ցավում եմ, որ Հայաստանում դեռ այդ խնամի-ծանոթ-բարեկամ հատվածը կա, որովհետև չեմ ուզում չակերտներ բացել, անկեղծ ասած, իրավունքն էլ երևի չունեմ. շատ մարդիկ տեղափոխվում էին, մեր կողքի պալատի հայրիկն էլ ասում էր, որ իր կինը ռեանիմացիայում է, ու այնտեղ այդպես չի, այնտեղ ամեն հիվանդին մի բուժքույր, մի սանիտարկա է հասնում, իսկ այդտեղ մի ամբողջ կիլոմետրանոց հարկին մի սանիտարկա էր, մի բուժքույր էր, որ առավոտ սկսում էր սիստեմաները միացնել, ծայրի սենյակ հասնում էր երեկոյան երևի: Այդպես ծանրաբեռնված էր, էդ մի հոգին էր»:

Բուժկենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նախ բացառում է, որ ծանոթով վերակենդանացման բաժանմունքում հնարավոր լինի հիվանդի տեղավորել: Նա պնդում է՝ հիվանդի կլինիկական վիճակից ելնելով են որոշում կայացնում միայն. «Ինչ վերաբերում է հիվանդների տեղաշարժը բաժանմունքներից դեպի ռեանիմացիա, դա պայմանավորված է միայն ու միայն իրենց կլինիկական պարամետրերով»:

Բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի 114 տեղերը` բոլորը զբաղված են: Նաիրան ասում է՝ ինքն էլ էր տեսնում, որ բուժկենտրոնում քովիդ լարվածության պիկ է, սակայն իրեն որպես հիմնավորում չի ներկայացվել տեղ չլինելու հանգամանքը: Ինչո՞ւ, հարցնում է... Նրա տպավորությամբ՝ պարզապես անկազմակերպ իրավիճակ էր բուժկենտրոնի ներսում։

Քովիդ բաժանմունքում եղբայրն ու ինքն էին հորը խնամում, խնամակալները ներսուդուրս անել չէին կարող, բայց տարրական բաների կարիք ունեին. «Մուտքն ու ելքն արգելված էր, այսինքն` եթե դու սոված ես, ուզում ես գնաս, մի բան առնես, գոնե ուտես, դու դա չես կարող անել, ուղղակի մեր բախտը բերել էր, որ մենք երկրորդ հարկում էինք, երկրորդ հարկից հարմար էր, օրինակ, քուրդ շոկոլադ բերի, գցի, բռնես, ուտես: Անձեռոցիկ չէր կարելի, իբրև թե իրենք տալիս էին: Ես դեմ չեմ, որ իրենք տալիս են, բայց իրենք նենց ծանրաբեռնված գրաֆիկով են գնում-գալիս, որ անձեռոցիկ ուզես, կարող է հասնի քեզ երեք ժամ հետո»:

Պետրոս Մանուկյանը ծանրաբեռնվածության հետ համաձայն է՝ անձնակազմի պակասի հետ՝ ոչ. «Աշխատում ենք լարված, բայց բժշկական անձնակազմի պակաս այս պահին մենք չունենք», - «Ազատության» հետ զրույցում նշում է նա:

Նաիրան հույս ունի՝ հոր վիճակը տան պայմաններում մի քիչ կկայունանա, ու ինքը տեղ կփնտրի քովիդի բուժմամբ զբաղվող այլ բուժհաստատություններում։

Վիրուսն արտակարգ իրավիճակ է ստեղծել բոլոր բուժկենտրոններում

Վարակակիրների տեսակավորման և ուղղորդման տրիաժ կենտրոնում բոլոր հեռախոսների կարմիր լամպերը թարթում են՝ ավելի քան 400 հոգի սպասում է հոսպիտալացման, ու տեղ չկա:

«Ներկայացված ազատ մահճակալներն արդեն զբաղեցրել ենք համեմատաբար ավելի ծանր հիվանդներով, որոնք սպասում են իրենց հոսպիտալացմանը, ցավոք սրտի, պետք է նշեմ, որ մեր հանրապետությունում հիմա շատ վատ վիճակ է տիրում այդ առումով, որովհետև ունենք սպասող հիվանդների բավականին լուրջ քանակ», - ասում է տրիաժ կենտրոնի ղեկավար, բժիշկ-վարակաբան Հռիփսիմե Մովսիսյանը:

Միայն այսօր` օրվա առաջին կեսին արդեն 100 զանգ են ստացել, ասում է նա` ավելացնելով` քանի որ հիվանդանոցային տեղեր չկան, օգնության են հասնում կենտրոնի թթվածնով հագեցած շտապօգնության մեքենաները. «Աշխատում ենք մեր շտապօգնության մեքենաներին ուղղորդել տուն` գոնե թթվածին շնչեցնելու այդ պահին, մինչև որ կազատվի որևէ տեղ մահճակալ թթվածնով հագեցած»:

Վերջին 24 ժամում քովիդի 2066 նոր դեպք է գրանցվել, քովիդի բուժմամբ հանրապետությունում 23 հիվանդանոց է զբաղվում: «Ազատության» նկարահանման պահին մեկ հատիկ տեղ ազատվեց միայն Մասիսում:

Նորքի ինֆեկցիոնի, օրթոպեդիկի բակերը, ընդունարանները խաղաղ ու սակավամարդ են: Շտապօգնության որևէ մեքենա չի մոտենում, նոր հիվանդների համար տեղ չկա։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG