Ինտենսիվ պատվաստվելով պետք է այնպես անենք, որ հետ չգանք լոքդաունի ռեժիմի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ուղիղ եթերում
Անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեպքերին՝ Թորոսյանը նշեց, որ մահացության թվերը մեծ են, և Հայաստանը գտնվում է աշխարհում վատագույն 8-րդ տեղում։
«Մենք տարբերվում ենք շատ երկրներից նրանով, որ բազմաթիվ զարգացած, զարգացող, մեր նման երկրները հասցրել են շատ մեծ ծածկույթ ապահովել պատվաստման, որը բերել է քիչ թվով հոսպիտալիզացիայի ու մահացության, մենք, դժբախտաբար, չենք կարողացել դա անել, որը պետք է արագ շտկենք։ Ցավոք սրտի, արագ շտկելն արագ էֆեկտ չի տալու», - ընդգծեց պատգամավորը։
Արսեն Թորոսյանը պարզաբանեց՝ պատվաստումն առավել էֆեկտիվ է դառնում երկրորդ ամբողջական դեղաչափի ստացումից հետո՝ մոտ 14 օրվանից սկսած։
«Մենք հիմա պատվաստվածության ցուցանիշով գտնվում ենք աշխարհում վերջից մոտ 40-րդ տեղում։ Մեր մոտ այս պահին ամբողջական պատվաստվածությունը մոտ 7 տոկոս է», - հավելեց նա։
«Մենք արդեն կես տարի է ասում ենք՝ հարգելի քաղաքացիներ, պատվաստվեք, որպեսզի այդ երկու հոգին էլ չմահանան։ Իմ համար շատ զարմանալի և տարօրինակ է, երբեմն նաև զավեշտալի, որ հնարավոր է՝ չպատվաստված քաղաքացու մահվան մեջ մեղադրվի 24 ժամ աշխատող ու ջանք ու եռանդ չխնայող բուժաշխատողը, այլ ոչ թե այն, որ պարզապես մարդիկ այդքան էլ չեն կարևորել իրենց կյանքը կամ հարազատի կյանքը», - ընդգծեց պատգամավորը։
Հարցին, եթե իրեն առողջապահության նախարարի պաշտոնին վերադառնալու առաջարկ արվեր, կընդունե՞ր, Թորոսյանը պատասխանեց. «Ես հիմա Ազգային ժողովի պատգամավոր եմ, գումարած հետաքրքրված լինելով ոլորտով հնարավորինս ամեն ին չ անում եմ՝ օգնելու, որպեսզի այս մարտահրավերը և ոչ միայն այս մարտահրավերը մենք արագ դիմակայենք և լուծենք։ Կարծում եմ, որ քաղաքականության մեջ ընդհանրապես ոչինչ պետք չէ բացառել և չեմ կարծում, որ քաղաքական այս իրավիճակում նման բանավեճը տեղին է, մենք բոլորս պետք է լծվենք այդ հարցի լուծմանը»։
Օգտատերերից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, որ իրավիճակով պայմանավորված Հայաստանն անցնի տոտալ լոքդաունի, Թորոսյանը պատասխանեց. «Մենք մայսի 20-ից կառավարությունում որոշել ենք, որ որդեգրում ենք ոչ թե կրկնակի, եռակի կամ հաճախակի լոքդաունների քաղաքականությունը, այլ քովիդի հետ ապրել սովորելու քաղաքականությունը։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս, թեկուզ այս պահին խստացված ռեժիմով դիմակներ կրելով, բայց շատ ինտենսիվ պատվաստվելով պետք է այնպես անենք, որ հետ չգանք լոքդաունի ռեժիմի։ Դա մեր երկրի համար հատկապես այս հետճգնաժամային իրավիճակում հավելյալ հարված կլինի»։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 146-ով՝ հասնելով 291 հազար 052-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 42 դեպք: