Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները գնահատել են Ռուսաստանից բխող հրթիռային սպառնալիքները, որոշել են հզորացնել ՀՕՊ ուժերը


ՆԱՏՕ-ի անդամ երկրների դրոշները Բրյուսելում Դաշինքի կենտրոնակայանում, 21-ը հոկտեմբերի, 2021թ․
ՆԱՏՕ-ի անդամ երկրների դրոշները Բրյուսելում Դաշինքի կենտրոնակայանում, 21-ը հոկտեմբերի, 2021թ․

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները գնահատել են Ռուսաստանի հրթիռային հնարավորություններից բխող սպառնալիքները, որոշել են հզորացնել իրենց հակաօդային պաշտպանության ուժերը և համաձայնեցրել են ընդհանուր պաշտպանական ծրագիրը: Բրյուսելում այսօր շարունակվում է երեկ մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է. - «Մենք հայելային չենք պատասխանի Ռուսաստանի ապակայունացնող պահվածքին և մտադրություն չունենք Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով նոր ցամաքային հրթիռներ տեղակայել: Հետևաբար, մենք կկիրառենք քաղաքական և ռազմական միջոցների հավասարակշռված փաթեթ, որպեսզի արձագանքենք այս սպառնալիքներին»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն արվել է ռուսական «Բուլավա» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին տեղեկության ֆոնին։

Ստոլտենբերգը նշել է, որ սպասվում է նաև հակահրթիռային պաշտպանության զգալի բարելավում, հինգերորդ սերնդի կործանիչների միջոցով սովորական սպառազինության կարողությունների ընդլայնում, վարժանքների և հետախուզության հարմարեցում, նաև միջուկային զսպման պատրաստակամության բարձրացում:

Հանդիպման մյուս թեման Աֆղանստանում տիրող իրավիճակն էր։ Ստոլտենբերգն ասել է․ - «Մենք կհետևենք Աֆղանստանում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վերախմբավորման ցանկացած փորձին: Այս երկրից դուրս գտնվելով, դաշնակիցները հնարավորություն ունեն արձագանքել ահաբեկչական սպառնալիքներին: Մենք պահանջելու ենք, որ թալիբները կատարեն խոստումները»: Խոսքը ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգ տեղաշարժի և մարդու իրավունքների հարգման մասին է։

XS
SM
MD
LG