ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե կենտրոնակայանի ռուսական առաքելության ութ դիվանագետներն արտաքսվել են, քանի որ եղել են «ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի գործակալներ»։ Յենս Ստոլտենբերգը նշել է, թե այս որոշումը կապված չի եղել կոնկրետ որևէ միջադեպի հետ:
«Վերջին շրջանում մենք Ռուսաստանի կողմից թշնամական գործունեության աճ էինք նկատում, այդ թվում՝ Եվրոպայում», - ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների։ Հյուսիսատլանտյան դաշինքում ռուսական դիվանագիտական առաքելությունը կիսով չափ կրճատելու, դիվանագետներին արտաքսելու մասին հայտնի էր դարձել երեկ։
Կրեմլն այսօր հայտարարել է, թե այդ որոշումը «գրեթե ամբողջովին խարխլում է երկկողմ հարաբերությունները կարգավորելու հույսերը»։ Հնարավոր պատասխան քայլերի մասին Մոսկվան դեռ չի հայտարարել։ Կողմերի միջև երկխոսությունը կտրուկ վատթարացել էր 2014-ից՝ Ղրիմի բռնակցումից հետո, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը դադարեցրեց Ռուսաստանի հետ գործնական համագործակցությունը՝ պահպանելով քաղաքական շփումները՝ դեսպանների մակարդակով:
Սա ռուս դիվանագետների երկրորդ արտաքսումն է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից․ 2018-ին էլ դաշինքը յոթ ռուս դիվանագետների էր վտարել՝ Մեծ Բրիտանիայում ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո։