Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Վրաստանի ռազմածովային ուժերին՝ սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի թշնամական գործողությունները զսպելու և դրանից պաշտպանվելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բուխարեստում ռումինացի պաշտոնակից Նիկոլաե Չուկէի հետ հանդիպման ժամանակ։
Պենտագոնի ղեկավարը Ռումինիայից առաջ այցելել էր Ուկրաինա, մինչ այդ էլ Վրաստան՝ դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցությունը ամրապնդելու նպատակով։ «Սև ծովում և դրա շուրջը Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները արտացոլում են տարածաշրջանում գերիշխող դիրքը վերականգնելու նրա հավակնությունները և խանգարում են խաղաղ, ազատ ու միասնական Եվրոպա ստեղծելուն»,- հայտարարել է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Լլոյդ Օսթինի եվրոպական ուղևորությունը տեղի է ունենում Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի և դրա սևծովյան դաշնակիցների միջև լարվածության ֆոնին։