ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելությունը կիսով չափ կկրճատվի, իսկ 8 դիվանագետներ կարտաքսվեն: Հաղորդվում է, որ նրանք կասկածվում են թշնամական լրտեսական գործունեության մեջ: Դիվանագետները պետք է լքեն Բրյուսելը մինչև հոկտեմբերի վերջ:
Ռուսաստանցիների վտարման մասին նախօրեին առաջին անգամ հայտնել են բրիտանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրները Հյուսիսատլանտյան դաշինքում:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն դրա հետ կապված վստահության ճգնաժամի մասին է խոսել։ «Եթե նախկինում ինչ-որ մեկը հավատում էր ՆԱՏՕ-ի հայտարարությունների անկեղծությանը, ապա այսօր այդպիսիք չկան», - ասել է Գրուշկոն:
Կողմերի միջև երկխոսությունը կտրուկ վատթարացել է 2014 թվականին ուկրաինական ճգնաժամից հետո, ՆԱՏՕ-ն հայտարարեց Ռուսաստանի հետ գործնական համագործակցության դադարեցման մասին՝ միաժամանակ պահպանելով քաղաքական շփումները դեսպանների մակարդակով: Դաշինքը 2018 թվականից սկսած մի քանի անգամ կրճատել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը, Ռուսաստանը ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչ չունի: