Մատչելիության հղումներ

Դատարանի որոշմամբ՝ Արմեն Չարչյանի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է նշանակվում


Դատարանն այսօր հետաձգեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին՝ նվազագույնը 20 մլն դրամ գրավով ազատ արձակելու փաստաբանի միջնորդության քննությունը, որը ներկայացվել էր այսօրվա հրատապ նիստի ընթացքում։ Միևնույն ժամանակ բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը՝ այն է ընտրություններին հարկադրելու համար մեղադրվող պրոֆեսորի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել։

Փորձաքննությունը հանձնարարվել է առողջապահության նախարարությանը։ Փորձագետներին առաջադրվելու են, օրինակ, հետևյալ հարցերը. Արմեն Չարչյանն ի՞նչ հիվանդություններով է տառապել կամ տառապում, ինչպիսի՞ ախտորոշմամբ և ի՞նչ վաղեմություն ունեն դրանք, Չարչյանի առողջական վիճակը կալանավորվելուց հետո մինչև օրս բացասական դինամիկա ունեցել է, թե ոչ, արդյոք նրա հիվանդությունները ընդգրկվա՞ծ են կառավարության համապատասխան որոշման մեջ, որտեղ առանձնացվում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունները։

Գրավի դիմաց Չարչյանին ազատ արձակելու փաստաբանների միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև հանձնաժողովի կողմից եզրակացություն ստանալը։ Դատավորը նշեց՝ խափանման միջոցի վերաբերյալ օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար էական նշանակություն ունի Չարչյանի առողջական վիճակի մասին մասնագիտական կարծիք ստանալը, որից հետո արդեն կքննարկվի գրավը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։

Մինչև որոշման հրապարակումը փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խոսեց պրոֆեսորի վատառողջ լինելու մասին, դատարանին հանձնեց նաև բժշկական փաստաթղթեր։

«Պաշտպանության կողմը սույն միջնորդությունը ներկայացնելով չի խնդրում դատարանին քննարկել պարոն Չարչյանի մոտ առկա նոր հիվանդությունները և նախկինում առկա առողջական վիճակի վատթարացման հանգամանքը հենց կալանավորման հետ անհամատեղելիության տեսանկյունից հիվանդության: Մենք, հարգելի դատարան, խնդրում ենք պարոն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվի գրավով՝ ստեղծված իրավիճակի պայմաններում: Ստեղծված այն իրավիճակի տեսանկյունից, որ ունենք նոր հիվանդություններ, ես կցանկանայի, որպեսզի մինչ դատախազը սույն դատական նիստին ներկայանալը և այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը այցելեր պարոն Չարչյանին և տեսներ նրա առողջական վիճակը: Շնչառությունը գտնվում է շատ վատ վիճակում, գրեթե չի վերկենում անկողնուց», - նշեց Ալքսանյանը:

Մեղադրող կողմը միջնորդելով դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել, ընդգծել էր՝ փորձաքննությունը պետք է կատարվի անկախ փորձագետների կողմից։

«Դատարանը կամ դատախազը այն սուբյեկտները չեն, որ պետք է գնահատեն անձի առողջական վիճակը: Մինչև դատական նիստը պաշտպանության կողմը արդեն ներկայացրել է Արմեն Չարչյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր, խոսքը վերաբերում է նախորդ դատական նիստին: Հիմա դուք կամ ես կարո՞ղ ենք հետևություն անել՝ նախորդ փաստաթղթերում նշված ախտորոշումներն են ավելի ծանր ու ավելի վատթարացման վերաբերյալ, թե էս միջնորդությանը ներկայացված փաստաթղթերը», - ասաց Մարգարյանը:

Պաշտպանական կողմն արձագանքեց՝ իրենք դեմ չեն, սակայն փորձաքննություն նշանակելը տևական ժամանակ է պահանջում, մինչև այդ էլ, փաստաբանի խոսքով, Չարչյանի վիճակը էլ ավելի կվատանա։

«Ես տենդենց եմ նկատում, որ մեղադրող կողմը ամեն գնով մեղադրաքի կողմը ցանկանում է Չարչյանին պահել կալանքի տակ», - ընդգծեց Ալեքսանյանը:

«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանն այսօրվա նիստին ներկա չէր, նա այժմ ստացիոնար բուժում է ստանում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավորի մանդատ ստանալուց առաջ 61-ամյա պրոֆեսորը մեղադրվեց իր ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցներին հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում, իրեն կալանավորելու որոշումը քաղաքական է որակում։

Իրավապահները, սակայն, մատնացույց են անում նրա մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունը, որը նրանք որակեցին որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտում։ Պրոֆեսորը ձայնագրությունում իր ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցներին զգուշացնում էր, թե ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։


Արմեն Չարչյանին մեղսագրվող հոդվածով նախատեսվում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։

XS
SM
MD
LG