Երեկ այս գործով առաջին դատական նիստին, որի ընթացքում քննարկվեց Չարչյանին կալանքից ազատ արձակելու հարցը, նրա փաստաբանները հայտարարեցին, որ գործի նախաքննությունն ավարտված է, ուստի այն պնդումները, թե պատգամավորի թեկնածուն կխոչընդոտի քննությանը, արդեն ժամանակավրեպ են։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշել էր, որ այս գործով անցնող բոլոր վկաների ցուցմունքները կրում են արդարացնող բնույթ, չկա գեթ մի հոգի, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված լինի, և որ դատավարության այս փուլում առկա չէ մի այնպիսի գերակա շահ, որը կարող է արդարացնել Չարչյանի՝ հետագա կալանքի տակ մնալը։ Ալեքսանյանը ևս մեկ անգամ պնդել էր, որ քաղաքական հետապնդում է իրականացվում իր պաշտպանյալի նկատմամբ։
Պրոֆեսորն իր հերթին դատարանում պատմել էր, թե ազատության մեջ գտնվելով հանրության համար կարևոր գործով էր զբաղված, օրական մի քանի տասնյակի հասնող բարդ վիրահատություններ կատարում, խորհրդատվություններ անցկացնում և որ իր՝ կալանքի տակ մնալուց պետությունը որևէ շահ չունի։
Մոտ մեկ ամիս առաջ կալանավորված 61-ամյա պրոֆեսորը մեղադրվում է իր ղեկաված հիվանդանոցի աշխատակիցներին հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում:
«Արդարադատությունը հիվանդանում է, բայց երբեք չի մահանում։ Մենք ականատես եղանք այդ երևույթին», - հայտարարեց Էրիկ Ալեքսանյանը։
«Ցավոք սրտի, արդարությունը այդքան երկար տևեց, որովհետև պրոֆեսորը իրականում երբեք պետք է կալանավորված չլիներ։ Հավատացեք, սա մեծ անարդարություն էր, որը մենք տեսանք, որը տևեց, ցավոք, մեկ ամիս, բայց արդարությունը ի վերջո միշտ հաղթում է։ Դատավոր տիկին Մելիքսեթյանը առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց։ Տիկին Մելիքսեթյանի վերաբերյալ եկեք ես գնահատական չտամ։ Ուղղակի հարցրեք ցանկացած երկրորդ փաստաբանի, իրավաբանի, թե ինչ կարծիք ունեն տիկին Մելիքսեթյանի արդարադատության որակի վերաբերյալ։ Երկրորդը, որ այս կալանավորումը ամեն կերպ փորձեց, որ պահպանվի, Լուսինե Աբգարյանն էր։ Լուսինե Աբգարյանի վերաբերյալ էլ ևս հարցրեք։ Հարցրեք քանի ծանր գործով Լուսինե Աբգարյանը կարողացել է իրականում դատավորին հարիր արդարադատություն իրականացնել։ Եվ հետո նաև հարցրեք պարոն Միսակյանի՝ որպես դատավորի, արդարադատություն իրականացնելու մակարդակի մասին։ Ու այս բանաձևի մեջ դուք ամեն պատասխան կգտնեք», - ասաց Արամ Վարդևանյանը։
Մեղադրող կողմը դատարանի որոշումը ստանալուց հետո միայն կորոշի՝ բողոքարկելու է այն թե ոչ։ Դատախազությունից հայտնում են՝ դա կախված է, թե դատարանը նման որոշում կայացնելիս ինչն է հիմք ընդունել։
Հունիսի 20-ի ընտրություններից մի քանի օր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյան»-ի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակել էին որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտում, և մեղադրանք առաջադրել բժշկական կենտրոնի նախին ղեկավարին։ Վերջինս ձայնագրությունում ասում է՝ ինքը «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում է և խնդրում է անպայման մասնակցել ընտրություններին։ Լսվում է նաև, թե ինչպես է նա զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։ Չմասնակցողների հանդեպ էլ վերաբերմունքը կփոխվի։
Չարչյանը հիշեցնում էր նաև, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը պատկանում է Մայր Աթոռին, իսկ վերջինիս դիրքորոշումն է, որ ներկա իշխանությունների օգտին չպետք է քվեարկել։
Կալանավորվելուց առաջ Չարչյանը «Ազատությանն» ասել էր՝ իր արարքը հանցագործություն չէ, իր աշխատակիցներին ո՛չ հարկադրել է, ո՛չ էլ պարտադրել, արձակուրդի մեջ է եղել այդ օրերին, և ժողովն անցկացրել է ոչ որպես գործատու։
Արմեն Չարչյանը «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի 20-րդ համարն է, պատրաստվում է վերցնել պատգամավորական մանդատը։
Իսկ պատգամավորական անձեռնմխելիության շնորհիվ հնարավո՞ր է քրեական հետապնդումը դադարեցվի, թեև քրեական գործը հարուցվել է ավելի վաղ, քան պատգամավորի կողմից մանդատը ստանալը։ Դատախազությունը այս հարցը դեռ չի հստակեցնում, հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։
Արմեն Չարչյանին մեղսագրվող հոդվածով նախատեսվում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։