Վերաքննիչ դատարանի՝ այսօր առավոտյան կայացրած կալանավորման որոշումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանը երեկոյան ինքնակամ ներկայացավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։
«Ես վստահ և համոզված եմ, որ ի վերջո արդարադատություն, արդարագիտությունը հաղթելու են», - ասաց նա:
Դատախազությունը բողոքարկել էր մոտ մեկ ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որի արդյունքում մոտ մեկ ամիս կալանավորված բժիշկն ազատ էր արձակվել չհեռանալու մասին ստորագրության և 15 միլիոն դրամ գրավի դիմաց։
Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կայացրած որոշումը հարուցեց մեղադրյալ Չարչյանի ու նրա պաշտպանի զայրույթը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքով պատգամավորի մանդատ ստանալուց առաջ Չարչյանին մեղադրանք առաջադրվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր աշխատակիցներին քվեարկությանը մասնակցելուն հարկադրելու համար։ 61-ամյա Չարչյանն այդ ժամանակ ղեկավարում էր Մայր Աթոռին պատկանող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը և միայն քրեական գործի հարուցումից հետո հրաժարվեց այդ պաշտոնից։
Դատական նիստից հետո Չարչյանն «Ազատության» հետ զրույցում իրեն կալանավորելու որոշումը քաղաքական որակեց. «Իմ գնահատմամբ` լրիվ nonsense, լրիվ ոչ իրավաչափ որոշում էր, իմ գնահատմամբ` դա, թերևս քաղաքական, իմ քաղաքական հայացքներից, իմ քաղաքացիական հայացքներից ելնելով: Այստեղ գերակշռեց ոչ թե իրավաբանությունը, այստեղ իրավաբանությունը ոտնակոխ արվեց, զոհ տրվեց իրավաբանությունը քաղաքացիական ամբիցիաներին, ինչ-որ մարդկանց ցանկություններին», - ասաց Չարչյանը:
Չարչյանը հիշեցնում է անձեռնմխելիության` պատգամավորական մանդատի առկայությունը
Պատգամավորի մանդատը ստանալուց հետ անձեռնմխելիություն ունեցող Չարչյանը պնդում է՝ չի կարող կալանավորվել. «Ես իրապես ունեմ անձեռնմխելիության խնդիր, ես հենց հիմա ինձ մոտ ունեմ Ազգային ժողովի պատգամավորի վկայականը: Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, իրավիճակ է փոխվել` այն ժամանակ, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտոնել էր, որ ինձ կալանավորեն, հիմա այս պահին ես արդեն պատգամավորական մանդատը վերցրել եմ, պատգամավոր եմ»:
Պաշտպանական կողմը պնդում է՝ պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված Չարչյանին ազատությունից զրկելու համար դատախազությունը պետք է դիմի խորհրդարան, հակառակ դեպքում կստացվի, որ քրեակատարողական հիմնարկը հանցագործություն է կատարում՝ ընդունելով անձեռնմխելի համարվող պատգամավորին։
Մինչդեռ «Ազատությանը» գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել, երբ նա պատգամավոր չէր, հետևաբար չուներ անձեռնմխելիություն։ Երկու ամիս առաջ պատգամավորության թեկնածուին մեղադրյալ ներգրավելու և կալանավորելուց առաջ դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից թույլտվություն է ստացել, ինչը բավարար է։ Խորհրդարան դիմելու կարիք չկա, Վերաքննիչ դատարանում Չարչյանին կրկին կալանավորելու հարցը քննելիս ասել էր մեղադրող դատախազ Ազատ Մարգարյանը։ Նա հայտարարել էր՝ թեև բժիշկ Չարչյանն այլևս չի ղեկավարում հիվանդանոցը, բայց կա ռիսկ, որ մեծ հեղինակություն ունեցող պրոֆեսորը ազատության մեջ կարող է ազդել գործով անցնողների վրա, և ո՛չ գրավը, ո՛չ էլ ստորագրությունը չեն կարող զսպել նրա ազդեցությունը գործի քննության վրա. «Նշեմ այն բացասական, կոշտ և վատ վերաբերմունքը այն անձանց նկատմամբ, որը վրա կհասնի այդ պահանջը չկատարելու դեպքում»:
Իր հերթին մեղադրյալը դատարանում նկատել էր՝ որևէ հարկադրանքի, պարտադրանքի մեխանիզմ այլևս չունի։
Ըստ «Հայաստան» դաշինքի` իշխանությունը քրեական հետապնդումներով փորձում է խոչընդոտել իրենց գործունեությունը
Ռոբերտ Քոչարյանն այսօր մասնակցել է իր առաջնորդած «Հայաստան» դաշինքի նիստին, որտեղ նաև Չարչյանի հարցն է քննարկվել, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեցին ընդդիմադիր պատգամավորները։ Դաշինքի պատգամավոր, Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն ու մյուսները ապօրինի որակեցին Չարչյանի, նաև մյուս ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդումները։ Հայտարարեցին՝ իշխանությունը սրանով փորձում է խոչընդոտել իրենց գործունեությունը. «Այս իշխանությունը Հայաստանը պարտության տարած, դավադիր պատերազմի մեջ ներքաշած, այսքան կորուստներ բերած և ըստ էության օտարի օրակարգը սպասարկող իշխանությունը հետևողականորեն պայքար է մղում հայրենիքի պաշտպանների նկատմամբ»:
«Ազատության» դիտարկմանը՝ արդյո՞ք Չարչյանի ղեկավարությամբ անցկացված ժողովում նրա հնչեցրած արտահայտությունները հարկադրանք չեն ստորադասների նկատմամբ՝ մասնակցել քվեարկությանը, երբ նաև բժիշկը ընդգծում է, որ իր խոսքը չկատարողները կոշտ վերաբերմունքի կարժանանան, Չարչյանի քրեական նետապնդումը ապօրինի որակող պատգամավոր Արթուր Ղազինյանը նկատեց. «Մենք չենք խոսում` տվյալ անձը մեղավոր է, թե անմեղ, խոսքն այս պահին բացառապես վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն»:
«Ազատության» դիտարկմանը, որ դատախազությունը, թերևս, խորհրդարանում կարող է հասնել իրենց գործընկերոջը ազատությունից զրկելուն, քանի որ անձեռնմխելությանը վերաբերող որոշումը ընդունվում է ձայների մեծամասնությամբ, ընդդիմադիրները արձագանքեցին՝ գլխավոր դատախազի համար դժվար կլինի խորհրդարանի ամբիոնից ապացույցներ ներկայացնել։ Արթուր Ղազինյանի կարծքիով՝ դատախազը կվախենա գալ խորհրդարան. «Կվախենա խայտառակվելուց, որովհետև ստիպված կլինի բացել հանգամանքներ, որտեղ ինքը ուղղակի կապացուցի, որ այս քրեական գործն ունի բացառապես քաղաքական դրդապատճառ, բովանդազուրկ է և նպատակ ունի վախի մթնոլորտ սփռել ողջ հանրապետությունում»:
Մեկ այլ ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօր տարածած հայտարարությամբ գործընկեր պատգամավորին կալանավորելու որոշումը որակում է ապօրինի և շեշտում անձեռնմխելիության հարցը։