Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ մոտ մեկ ամիս առաջ 15 միլիոն դրամ գրավով կալանքից ազատ արձակված ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը պետք է կրկին կալանավորվի։ Իր աշխատակիցներին ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող Չարչյանին կալանքից ազատելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։
Մինչև պատգամավորի մանդատ ստանալը մոտ մեկ ամիս կալանքի տակ անցկացրած 61-ամյա բժշկին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել գրավի, ինչպես նաև չհեռանալու մասին ստորագրության դիմաց։ Վերաքննիչ դատարանի միջանցքում պատասխանելով «Ազատության» հարցին՝ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող նորընտիր պատգամավոր Չարչյանը շատ կարճ արձագանքեց. «Վստահ եմ արդարադատության հաղթանակին»:
Դատախազ Ազատ Մարգարյանը, ներկայացնելով դատախազության դիրքորոշումը, պնդեց՝ մեծ հեղինակություն ունեցող պրոֆեսորը ազատության մեջ կարող է ազդել գործով անցնողների վրա, և ո՛չ գրավը, ո՛չ էլ ստորագրությունը չեն կարող զսպել նրա ազդեցությունը գործի քննության վրա։ Դատախազը հիշեցրեց ընտրությունների ժամանակ համացանցում տարածված, հիվանդանոցի դահլիճում Չարչյանի անցկացրած ժողովի տեսագրությունը, որտեղ երևում է, թե նա ինչ տոնով է իր ստորադասներին հարկադրում մասնակցել ընտրություններին. «Նշեմ այն բացասական, կոշտ և վատ վերաբերմունքը այն անձանց նկատմամբ, որը վրա կհասնի այդ պահանջը չկատարելու դեպքում»:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի պատգամավորի թեկնածուն, որն այդ ժամանակ նաև ղեկավարում էր Մայր Աթոռին պատկանող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում, իրեն հանցագործության մեջ մեղադրելը որակում է քաղաքական հետապնդում. «Ես արդեն որևէ հարկադրանքի, պարտադրանքի մեխանիզմ չունեմ, աշխատակիցների նկատմամբ, այդ թվում` վկա անձանց նկատմամբ, մնացել է սոսկ հեղիանակություն ասածը»:
Մեղադրող դատախազը կրկին հայտարարեց՝ Չարչյանը ծանր հանցագործության մեջ է մեղադրվում է, և ամենևին նշանակություն չունի, որ նա այլևս հիվանդանոցի տնօրենը չէ և չի կարող օգտագործելով իր հեղինակությունը ազդել վկաների վրա։ Դատախազ Մարգարյանն ընդգծեց՝ նախաքննության ու վկաների հարցաքննությունների ավարտը չի նշանակում, որ չկա գործին խոչընդոտելու ռիսկ. «Դատարանի կողմից կայացվել է անհիմն որոշում, ուստի ելնելով վերոգրյալից, նաև նկատի ունենալով, որ կալանավորելուց բացի, այլ խափանման միջոց ի զորու չէ ապահովել մեղադրյալ Արմեն Չարչյանի պատշաճ վարքագիծը. վերջինս, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատարանի գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակից անձանց նկատմամբ ազդեցություն գործադրելու ճանապարհով, ուստի խնդրում եմ վերացնել բողոքարկվող որոշումը»:
Չարչյանն ու նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, սակայն, հայտարարեցին՝ նախ գործով անցնող գրեթե բոլոր վկաների ցուցմունքները իրենց համար դրական նշանակություն ունեն։ Միևնույն ժամանակ՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պնդեց՝ դատաքննության փուլում, երբ հարցաքննվել են բոլորը, իմաստ չկա խոսելու գործով անցնող վկաների վրա ազդեցության ռիսկի մասին։ Ալեքսանյանը վկայակոչեց Եվրոպական դատարանի որոշումները այն մասին, որ դատաքննության փուլում արդեն այդ ռիսկը նվազում է. «Որոշումն օրինական է, բեկանելու որևէ հիմք չկա, բացի դրանից, ես մի փոքր դժվար եմ պատկերացնում, թե ինչպես այս պահի դրությամբ Արմեն Չարչյանը, հանդիսանալով ԱԺ պատգամավոր, փաստացի ունենալով նոր կարգավիճակ, ինչը Սահմանադրության 96-րդ հոդվածով օժտում է նրան անձեռնմխելիության երաշխիքով, պետք է զրկվի ազատությունից»:
Ամբաստանյալի կարգավիճակ ունեցող պատգամավոր Չարչյանի պաշտպանը Վերաքննիչ դատարանում նաև հայտարարեց՝ արդեն մեկ ամիս է, ինչ պաշտպանյալն ազատության մեջ է և գործին խոչընդոտելու գեթ մեկ օրինակ դատախազությունը չի կարող բերել։ Նաև շեշտվեց նորընտիր պատգամավորի անձեռնմխելիության, առողջական վիճակի և խնամքին անչափահաս երեխա ունենալու մասին։
Մեղադրող դատախազը, սակայն, հայտարարեց՝ մեծ հեղինակություն ունեցող պատգամավորը կարող է ազդել վկաների վրա և կրկին հիշեցրեց հայտնի տեսագրությունը՝ այդ հեղինակության դեպքում գործադրվել է ճնշում իր արդեն նախկին աշխատողների վրա, ասաց դատախազը և ընդգծեց՝ միայն դատարանը կարող է գնահատել՝ վկաների ցուցմունքները դրական են, թե բացասական մեղադրյալի համար։
Դատավորը հարցրեց փաստաբան Ալեքսանյանին՝ արդյոք Չարչյանի հեղինակությունը հնարավորություն չի՞ տալիս ազդելու գործով անցնողների վրա: Փաստաբանը պատասխանեց՝ դրա անհրաժեշտությունը չկա։
Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 25-ին։ Ենթադրվում է, որ այդ օրը դատավոր Ռուբիկ Մխիթարյանը կմտնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։