Մատչելիության հղումներ

«Իմ ընտրվելու դեպքում սահմանների անվտանգությունն է լինելու մեր առաջին թեման». Գորիսի քաղաքապետի իշխանության թեկնածու


Հոկտեմբերին Սյունիքի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում ավագանու ընտրություններ են։

Թեժ մրցակցություն է սպասվում Գորիսում։ Պայքարելու են իշխանական ու ընդդիամդիր ուժերը։ Ավագանու ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակով, ինչպես խորհրդարանական ընտրությունները։

Գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանն ընտրապայքարին կմիանա կալանավայրից։

«Կարծում եմ, նրա այս պահին կալանքի տակ գտնվելը, ընդհակառակը, ավելի կմոտիվացնի և կխթանի, որպեսզի մարդիկ գնան և իսկապես ասեն իրենց ձայնը և քվեով պաշտպանեն իրենց համայնքապետին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մի քանի հոդվածներով մեղադրվող Առուշանյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների դաշինքը։ Այն կկոչվի «Առուշ Առուշանյան» դաշինք։

«Հայաստան» դաշինքի սյունեցի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Աննա Գրիգորյանը Առուշանյանի շանսերը բարձր է գնահատում՝ չնայած, որ ազատազրկված է ու քարոզարշավին չի կարողանա մասնակցել. - «Առուշանյանը ամբողջ պատերազմի ընթացքում իր քաղաքացիների կողքին է եղել։ Պատերազմի ընթացքում եղել է խրամատում մինչև վերջին օրը։ Մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ, երբ հրաման է եղել, որ վերջիններս պետք է հետ քաշվեն։ Այսինքն՝ ամեն բան արել է համայնքը ապահով պահելու համար»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու ցուցակը գլխավորելու է Վլադիմիր Աբունցը։ Նա օրեր առաջ է անդամագրվել իշխող կուսակցությանը։ Նախկինում անկուսակցական է եղել, աշխատել է մաքսային ծառայությունում։

«Նախ, իմ ընտրվելու պարագայում նորից մեր սահմանների անվտանգության հարցն ա լինելու թիվ մեկ առաջին թեման։ Ժողովուրդն ա հաշվի առնելու թեկնածուների շանսը, թեկնածուների գնահատումը ժողովրդի կողմից, թեկնածուների անցած ուղին, իրանց անցած ճանապարհը», - ասաց Աբունցը։

Գորսիում ընտրապայքարին կմիանա նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը։ Ցուցակը կգլխավորի Կարեն Լազարյանը։ Նա Գորիսի պետական քոլեջի տնօրենն է, ավագանու անդամ։

Կոնգրեսը վերջին խորհրդարանական ընտրություններում Սյունիքի ամբողջ մարզում շուրջ 500 քվե էր ստացել։

Ի՞նչ ակնկալիքով են մասնակցում ավագանու ընտրություններին։ Կարեն Լազարյանի կարծիքով, համայնքային ու համապետական ընտրություններում քաղացիները նույն չափանիշով չեն առաջնորդվում. - «Տարբեր ընտրություններ են դրանք, համապետական ընտրությունը չի կարելի համեմատել ՏԻՄ ընտրությունների հետ։ Կսպասենք, արդյունքները կտեսնենք»։

Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա մեկ տարուց։ Եթե նա մինչ այդ հրաժարական չտա, ապա հաջորդ տարի ավագանին իր կազմից կկարողանա նոր քաղաքապետ ընտրել։

Հնարավո՞ր է իշխանության հաղթանակի դեպքում Առուշանյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսեն։ Իշխանության քաղաքապետի թեկնածու Աբունցը չի ուզում իրադարձություններից առաջ ընկնել. - «Թույլ տվեք դա ես պատասխանեմ ընտրություններից հետո, հաղթանակից հետո»։

Ավագանու ընտրությունների մասնակցելու որոշում դեռ չունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանն» արդեն հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ին սպասվող համայնքային որևէ ընտրության չի մասնակցի։

Խորհրդարանական վերջին ընտրություններում Գորիսում ձայների առավելությամբ առաջին տեղում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդ տեղում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը, որին միացել էին Սյունքիի խոշոր համայնքների ղեկավարները։

Պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով, համայնքային ընտրություններում քաղաքացիներն այլ տրամաբանությամբ են առաջնորդվում. - «Ես կարծում եմ, հաշվի առնելով նրա հեղինակությունը Գորիս համայնքում, պարոն Առուշանյանը կհաղթի»։

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել կալանավորվելուց հետո։ Նա և Առուշանյանը պատգամավոր են ընտրվել «Հայաստան» դաշինքով։ Աննա Գրիգորյանն ասաց, որ Մեղրիի ընտրույթուններին չեն մասնակցի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG