Մատչելիության հղումներ

«Գորիսի քաղաքապետարանի գլխատում օպերացիա են իրականացնում», վստահ է ձերբակալված փոխքաղաքապետի պաշտպանը

Գորիս, արխիվ
Գորիս, արխիվ

Առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը։ Ընդ որում, Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև ընտրական խախտումների մեջ, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Յոլյանին ու Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում, իսկ Հովսեփյանին նաև օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով՝ ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով նախընտրական քարոզչությանը մասնակցելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը խոչընդոտելը», - մանրամասնեց նա։

Այսօր համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են իրավապահները Գորիսի քաղաքապետարանի շենքից ուղեկցում երկու փոխքաղաքապետերին։ Նրանցից բացի, Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ձերբակալվել են նաև Գորիսի համայնքապետարանի 2 աշխատակիցներ՝ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը: Գորիսի քաղաքապետարանից առգրավվել են փաստաթղթեր, խուզարկություն է իրականացվել նաև ձերբակալվածների բնակարաններում։

Գորիսի քաղաքապետարանում, աշխատակիցների շրջանում անհանգստություն կա, բայց շարունակում են աշխատել, «Ազատությանը» փոխանցեցին քաղաքապետարանից՝ այլ հարցերի չցանկանալով պատասխանել։

Թե կոնկրետ ինչ յուրացումների մասին է խոսքը՝ իրավապահները դեռ չեն մանրամասնում։ «Ազատությունը» փորձեց մանրամասներ ճշտել Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանից, ով փոխանցեց, որ մինչ ձերբակալությունը Գորիսի փոխքաղաքապետերից և աշխատակիցներից ոչ մեկը որևէ ծանուցում չի ստացել Քննչական կոմիտե ներկայանալու։ Առավոտյան անակնկալ կերպով Երևանից Գորիս հասած իրավապահները ձերբակալել և տարել են փոխքաղաքապետերին և երկու կին աշխատակիցներին։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել, ներկայացվել է կալանքի միջնորդություն։

«Անհիմն է մեղադրանքը, այդտեղ մեղադրանք չկա, առաջադրված մեղադրանքներում մեղավոր չեն ճանաչում», - ասաց նա:

Մեզ հետ զրուցելիս փաստաբանը Մելքոնյանը դեռևս գործի ողջ նյութերին ու մանրամասներին ամբողջությամբ ծանոթանալ չէր հասցրել, բայց նշեց, որ մեղադրանքն առաջադրվել է պատերազմի օրերին ուղարկված օգնությունն աղքատության ոչ համապատասխան սանդղակ ունեցող ընտանիքներին բաժանելու համար, խոսքը 115 ընտանիքի մասին է, ինչը որակվել է որպես միջոցների վատնում. «Չարաշահում չկա, վատնում, իբր էդ մարդկանց չէր հասնում օգնություն տալ, և իրենք օգնություն են տվել: 3 միլիոն 530 հազար դրամի մասին է խոսքը, ընդհանուր գումարն այդ է եղել: Դրա տեղն ասենք չորս անչափահաս երեխա, մի քանի անչափահաս երեխաներ ունեցող 3 կին և մեկ տղամարդ են կալանավորում, երբ որ մենք պատրաստ ենք հենց հիմա, ես իմ միջոցների հաշվին պատրաստ եմ այդ 3 միլիոն 530 հազարը վերականգնել, մինչև քննություն կլինի, կպարզվի»:

Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին նաև մեղադրանք է առաջադրվել ընտրական խախտումների համար, մասնավորապե, ընտրական հավաքի ժամանակ 80 անձ ապահովելու համար։ Այս մասով մեղադրանքը կառուցվել է` հիմնվելով ավելի վաղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի տված ցուցմունքի վրա, ով ևս մեղադրվում է ընտրական մի շարք հանցագործություններ կատարելու մեջ։

«Դա ուղղակի Գորիսի քաղաքապետարանի գլխատում օպերացիա են իրականացնում, մի նպատակով` ըստ իս, որպեսզի քաղաքապետ չկա, կալանավորված է, տեղակալներին են կալանավորում են, որպեսզի կառավարությունը Գորիսի քաղաքապետ նշանակի: Սա այդ օպերացիան է գնում, ուրիշ բան չկա», - շեշտեց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Այս պահին փաստացի Գորիսը մնացել է առանց ղեկավարի։ Շուրջ մեկ ամիս առաջ կալանավորվել է նաև Գորիսի 30-ամյա քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով մեղադրվում է ընտրական հանցագործությունների համար։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում 32-րդ տեղը զբաղեցնող Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում։

Գորիսի քաղաքապետից բացի, այժմ քրեական հետապնդման են ենթարկվում Սյունիքի խոշոր համայնքների մեծ մասի ղեկավարները։ Նրանց թվում է նաև Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ով չարաշահումներ կատարելու մեղադրանքով կալանավորվել էր մինչև Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքով պատգամավորական մանդատ ստանալը։

Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց, որ Զաքարյանի գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն առաջիկայում կուղարկվի դատարան:

Ըստ իրավապահների՝ 2016 թվականից Մեղրին ղեկավարած Զաքարյանը համայնքին պատկանող և վաճառքի ոչ ենթակա, արգելոց հանդիսացող «Շամբ» լճի ափը կեղծ փաստաթղթերով հանել է արգելոցների ցանկից և ծառեր տնկելու նպատակով օտարել է իր մտերիմներին, սակայն փոխարենն այնտեղ սրճարան է կառուցվել։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, Մխիթար Զաքարյանը և նրա տեղակալ Արմեն Սամվելյանը կալանավորվել են, իսկ համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Ընդդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր ընտրված Զաքարյանը, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջած սյունեցի մյուս համայնքապետերը իրենց դեմ քրեական գործերը քաղաքական հետապնդում են համարում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG