Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Մխիթար Զաքարյանի փաստաբանի միջնորդությունը


Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, արխիվ
Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, արխիվ

Վերաքննիչ դատարանում այսօր միաժանակ քննվում էին Սյունիքի մարզի միանգամից երկու համայնքապետերի կալանքը վերացնելու մասին միջնորդությունները։

Ե՛վ Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը, և՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը գրեթե մեկ ամիս է կալանքի տակ են։

Զաքարյանը և Առուշյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Մասնավորապես, Մեղրիի նախկին քաղաքապետը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման, պաշտոնական կեղծիքի համար։ Գորիսի քաղաքապետի դեմ յոթից ավելի քրեական գործեր կան՝ ապօրինի ձեռնարկատիրությունից մինչև ապօրինի հավաքների անցկացում։

Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Ռուզաննա Բարսեղյանին, որը սակայն մերժվեց։ Փաստաբանը միտում է տեսնում այս գործը հենց այդ դատավորին մակագրելու մեջ։ Դատավորից պահանջել էր գրավոր ապացույց առ այն, որ այբբենական կարգով այս գործը հենց իրեն պետք է մակագրվեր, ինչը, ըստ Սարգսյանի, այդպես էլ չի ստացել դատարանից. – «Եվ այսքանից հետո եկեք մենք հավատանք, որ էստեղ կա արդարադատություն, և հավատանք, որ իրականում հենց այբբենական կարգով է։ Իհարկե, մենք նշեցինք, որ չենք հավատում դատարանի նախագահի բանավոր խոսքին, ինչպես և դատարանները չեն հավատում, երբ որ մենք բանավոր ինչ-որ փաստ ենք ներկայացնում, պետք է դրա ապացույցը ներկայացնենք։ Նշեցինք, որ էստեղ անձով չպայմանավորենք, բայց մենք գտնվում ենք դատարանում, որտեղ անձի ազատության հարց է քննարկվում, արդարադատության խնդիր է քննարկվում, և դատարանը պարտավոր է համոզել դատավարության մասնակիցներին, որ ինքը օրենքի հիման վրա ստեղծված դատարան է»։

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը բացատրել էր, թե ինչու են ձեռքով, այլ ոչ թե համակարգչով մակագրվում, թե որ դատավորը պետք է վարի գործը։ Պատճառը ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն է, որի շրջանակում առգրավվել են Վերաքննիչ դատարանի համակարգիչները, և իրենք օգտվել են օրենքի ընձեռած հնարավորությունից։

ԲԴԽ-ի ղեկավարության այս բացատրությունները փաստաբանների մի խմբի չի բավարարում, կասկածներ ունեն, որ այս միջոցով իշխանությունները իրենց ուզած դատավորներին են փոխանցում դատական աղմկահարույց գործերը։

Երեկ Վերաքննիչ դատարանը մերժել էր նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանների միջնորդությունը, որով վերջիններս ևս պահանջում էին դատավոր Մնացական Հարությունյանի ինքնաբացարկը։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբար Էրիկ Ալեքսանյանը չի մասնակցել շարունակվող նիստին, քանի որ անդրարադատություն այս դատարանից չի ակնկալում։ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի Երեմ Սարգսյանը նույնպես մեծ ակնկալիքներ թեպետ չունի, սակայն ներկայացրել է, իր պնդմամբ, բոլոր փաստերը, թե ինչու պետք է ազատ արձակվի իր պաշտպանյալը. - «

Սյունեցի ներկա և նախկին համայքնապետերի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Երեմ Սարգսյանը չեն մասնակցում բողոքի քննությանը, քանի որ ասում են՝ այլևս չեն վստահում այս դատավորների գլխավորությամբ իրականացվող դատավարությանը. - «Այս պրոցեսից հետո ակնհայտ է, որ օրինականություն և արդարադատություն այս պահին չենք կարող ակնկալել։ Հետևաբար Վճռաբեկ դատարանից էլ իրականում որևէ մեծ սպասելիք չունեմ։ Հետագայում տեսնենք դատավորը ինչ որոշում կկայացնի։ Իհարկե, եթե այս ամեն ինչը բացասական ընթացք ունենա, նաև Եվրոպական դատարան բողոք կներկայացնենք։ Բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ ենք լինելու, որ բացահայտվեն այս խախտումները»։

Երկու բողոքների քննությանն էլ այսօր ավարտվեց, դատավորներն անցել են խորհրդակցական սենյակ։ Վերաքննիչ դատարանը վաղը կհրապարակի Զաքարյանի, իսկ հաջորդ օրը՝ Առուշանյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումները։

Ինչպես Գորիսի և Մեղրիի, այնպես էլ Սյունիքի մարզի մյուս խոշոր քաղաքների՝ Սիսիանի, Քաջարանի, Որոտանի համայնքների ղեկավարներն այս պահին կալանավորված են։ Նրանց մեծ մասը մեղադրվում է ընտրական հանցագործությունների համար։

Նրանց պաշտպանող փաստաբանները այս քրեական գործերը քաղաքական հետապնդում են որակում։

44-օրյա պատերազմից հետո այս համայնքապետերը վարչապետի հրաժարականն էին պահանջում, իսկ նրանց համակիրները հայհոյանքներով ուղեկցված ակցիաներով խոչընդոտում էին Փաշինյանի այցը Սյունիք։

Արտահերթ ընտրություններում էլ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի համայնք ղեկավար Արթուր Սարգսյանը, Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ էին։ Ինչպես Առուշանյանի և Զաքարյանի, այնպես էլ մյուսների քրեական գործերը քննող իրավապահները, սակայն, շարունակում են հայտարարել՝ կան բավարար հիմքեր ինչպես նրանց կալանավորելու, այնպես էլ նրանց արարքները հանցագործություն որակելու համար։ Իսկ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը չի տարածվում, քանի որ կալանավորվել են մինչև օրենսդիրի մանդատ ստանալը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG