Մատչելիության հղումներ

Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու կասկածանքով, նա մեղադրանքը չի ընդունում


Հատուկ քննչական ծառայությունը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրել ընտրակաշառք տալու կասկածանքով և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախաքննությունը պարզել է, որ Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը, «հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»:

Ապա ՀՔԾ-ն մանրամասնում է, որ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ Առուշանյանը հանդիպել է Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին:

Հատուկ քննչական ծառայությունն ասում է, որ հանցագործությունը ավարտին չի հասցվել Առուշանյանի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Քարահունջի ղեկավար Ավետյանը հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց:

Ինքը` Ավետյանը մեկ շաբաթից ավելի է` կալանավորված է նույն՝ ընտրական մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով։

Այսքանից բացի, ըստ ՀՔԾ-ի` 2021 թվականի ապրիլի 28-ին Առուշանյանի պահանջով Ավետյանը կազմակերպել է վերջինիս հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների հետ, ովքեր Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել, որից հետո համայնքապետարանից բանկային փոխանցման միջոցով ստացել են 100 հազարից 220 հազար դրամ:

Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը: Առանց մանրամասներ փոխանցելու ասաց` բերման են ենթարկել նաև Առուշանյանի հորեղբոր որդուն, հիմա ոստիկանական բաժանմունքում են. «Առուշանյանի հորեղբոր որդին էլ պառկեցվեց ապօրինի հատակին, ձենաշղթաներ գցեցին և ապօրինի բերել են Արաբկիրի բաժին: Հիմա էլ այստեղ ենք: Դեռևս փնտրտուքների մեջ ենք, որ հասկանանք, թե այս մարդուն ինչի են բերել»:

Սյունիքում իրավիճակը լարված է օրեր շարունակ, տարբեր մեղադրանքներով ձերբակալվում, ապա կալանավորվում են համայնքապետերը։ Այս պահին կալանավորված են Սյունիքի 4 համայնքապետերը` Մեղրիի համայնքի՝ օրերս հրաժական ներկայացրած քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Եթե դատարանը միջնորդությունը բավարարի, Առուշանյանը կլինի 5 -րդ կալանավորված համայնքապետը։

Սյունիքի մարզից «Իմ քայլի» ցուցակով պատգամավոր ընտրված և «Հայաստան» դաշինքի 3-րդ համարով վերընտրված Աննա Գրիգորյանը սա Փաշինյանի կողմից անձնական վրեժխնդրություն է որակում. «Սա պետք է ընկալել որպես անձնական վրեժխնդրություն նախ և առաջ, և գիտեք, ես առանց ավելորդ պաթոսի եմ սա ասում, և բացառապես մի՛ դիտարկեք այն համատեքստում, որ համայնքապետերն իմ գործընկերներն են, իմ կուսակից ընկերներն են, այլ նաև այն պատճառով, որ համայնքապետերն ամբողջ պատերազմի ժամանակ եղել են առաջնագծում, ավելին` օրինակ` Գորիս համայնքի ղեկավարը, որ այսօր ձերբակալվում է, 2019թ. Գորիսը ճանաչվել է լավագույն համայնք», - ասաց Գրիգորյանը:

Այսօր մի քանի հոդվածներով Առուշանյանին առաջադրված մեղադրանքը միակը չէ։ Նրա դեմ 7-ից ավելի քրեական գործեր կան՝ ապօրինի ձեռնարկատիրությունից մինչև ապօրինի հավաքների անցկացում։

Սյունիքից ընտրված իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց` որևէ քաղաքական հետապնդում չկա. «Քաղաքական հայացքներն այստեղ կապ չունեն, բայց եթե մարդիկ կատարել են հանցագործություններ` ով ուզում է լինի, պետք է պատասխան տա»:

XS
SM
MD
LG