Մատչելիության հղումներ

ՔՊ-ն կմասնակցի Գյումրիի ավագանու ընտրություններին, ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը


Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի հոկտեմբերին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրություններին։ Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Որոշումը «Քաղաքացիական պայմանագիրն» ընդունեց երեկ կայացած վարչության նիստում։

Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն 33 տարեկան է, մասնագիտությամբ բժիշկ, մարզպետ նշանակվել էր այս հունվարին։ Մյուս քաղաքական ուժերը, բացի նորաստեղծ «Գյումրին կռնա» դաշինքից, չեն շտապում հայտարարել՝ կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին, թե՝ ոչ, թեև առաջադրումներին հինգ օր է մնացել։

Որոշ ուժեր ակտիվ բանակցում են դաշինք կազմելու շուրջ և «Ազատությանը» փոխանցեցին, որ այսօր կամ վաղը արդեն հստակություն կլինի։ Մինչ այդ, սակայն, արդեն պարզ է, որ գործող ավագանու կազմում ընդգրկված ուժերը հակված չեն մասնակցելու ընտրություններին, թե ինչու, տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում։

2016-ին Գյումրիի 33 հոգանոց ավագանու իշխող «Բալասանյան» դաշինքը ձևավորվել էր Հանրապետական ու Քրիստոնեադեմոկրատական կուսակցություններից։ Գյումրին արդեն 9 տարի ղեկավարող Սամվել Բալասանյանը դեռ չի հստակեցրել՝ կմասնակցի ընտրություններին, թե՝ ոչ, սակայն «Բալասանյան» դաշինքը առաջիկա օրերին հայտարարությամբ հանդես կգա ու, «Ազատության» տեղեկություններով, նույն անվամբ, բայց քաղաքական այլ ուժով կմասնակցի ընտրություններին, քաղաքապետի թեկնածուն էլ գործող քաղաքապետը չէ, այլ նրա ազգականը:

Ավագանու մեծությամբ 2-րդ խմբակացությունը «Բարգավաճ Հայաստանն» (ԲՀԿ) է։ Կուսակցության տեղի կառույցի պատասախանտուներից Վարդևան Գրիգորյանը փոխանցեց, որ ինքը չի մասնակցի ընտրություններին, ինչ վերաբերում է կուսակցությանը, ասաց՝ տեղեկություն չունի, թե վերջնական ինչ որոշում է կայացվել:

ԲՀԿ-ն, որ նախորդ գումարման Ազգային ժողովում ևս մեծությամբ երկրորդ ուժն էր, վերջին խորհրդարանական ընտրություններում չհաղթահարեց անցողիկ շեմը։ Ընտրություններին չի մասնակցի գործող ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցությունը։ 4 մանդատ ունեցող «Գալա» խմբակցությունը ևս չի միանա ընտրապայքարին, «Ազատությանը» փոխանցեց ավագանու անդամներից Արմենուհի Վարդանյանը:

«Մենք՝ կուսակցականներս, ևս ունենք որոշում՝ չմասնակցել ՏԻՄ ընտրություններին, թեև այս ընթացքում եղել են հանդիպումներ տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց որոշում ենք կայացրել, այնուամենայնիվ չմասնակցել այս ընտրություններին», - ասաց Վարդանյանը։

Նախորդ ՏԻՄ ընտրություններից ամիսներ առաջ հիմնված կուսակցությունը նաև հիմանվորում է, թե ինչու այլևս չեն ցանկանում մասնակցել Գյումրիի կառավարմանը։

«Պատճառները շատ են՝ թե՛ ստեղծված ներքաղաքական իրավիճակը, թե՛ խորհրդարանական ընտրությունները, դրա արդյունքները, երկրում ստեղծված իրավիճակը, հասարակական տրամադրվածությունը։ Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններին, տեսնում ենք թե, որ քաղաքական ուժերն ու ովքեր են հայտ ներկայացնում՝ մասնակցելու, ու էս իրավիճակում, էս դասավորվածության պարագայում, մենք նպատակահարմար չենք համարում մասնակցել», - ասաց Արմենուհի Վարդանյանը։

Վերջինիս խոսքով՝ 5 տարի ավագանու ընդդիմադիր խմբակցությունը 4 մանդատով կարողացել է արդյունավետ աշխատել․ - «Եղել ենք ուշադիր, վերահսկել ենք համայնքային բյուջեի ծախսերը, էն ամեն ինչը, ինչ տեղի է ունենում քաղաքում։ Առհասարակ, ես մեր աշխատանքը կհամարեմ արդյունավետ»։

Տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը կլրանա սեպտեմբերի 12-ին։

XS
SM
MD
LG