Մատչելիության հղումներ

Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչ դատարանը մերժեց նրան ազատ արձակելու միջնորդությունը 


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչ դատարանը մերժեց նրան ազատ արձակելու միջնորդությունը։

Փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը պնդում են՝ դատարանի վրա ճնշում է գործադրվել, վստահ են, որ սա քաղաքական հետապնդում է։

«Վերքննիչ քրեական դատարանը, Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Մերժեց՝ բավականին դողդողացող ձայնով։ Ամեն ինչ ընկալելի է, հասկանալի է, բայց իրավաչափ չէ։ Բոլոր ասպեկտներով կարելի է այս ամեն ինչը հասկանալ՝ ճնշումներ, դատավորների նկատմամբ նոր որակի մոտեցումներ, բայց դրանցից յուրաքանչյուրը կապ չունի իրավունքի հետ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանն՝ ընդգծելով․ - «Ցավոք սրտի, ունեցանք հերթական անգամ քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորման դեպքում կալանավորման ֆետիշացումը»։

Ալեքսանյանը հավելեց․ - «Սա ծաղր է իրավաբանության նկատմամբ։ Ճիշտ է՝ մենք երբեք մեր վերաբերմունքն, այսինքն՝ փաստաբաններս դատավորների նկատմամբ չենք պայմանավորում դատական ակտով, ես ի սկզբանե նշել եմ, որ տիկին Աբգարյանը պրոֆեսիոնալ դատավոր է և իրավաբան, սակայն, այս որոշումն՝ իր կողմից կայացրած, իրականում մեզ համար անընդունելի է, ինչո՞ւ, որովհետև իսկապես որևէ հիմք չկա պարոն Չարչյանին անազատության մեջ պահելու»։

Չարչյանը մեղադրվում է «Իզմիրլյան» հիվանդանոցի աշխատակիցներին ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որտեղ վերջինս ասում է՝ ինքը «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում է և խնդրում է, պարտադրում անպայման մասնակցել ընտրություններին։ Լսվում է նաև, թե ինչպես է նա զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։ Չմասնակցողների հանդեպ էլ վերաբերմունքը կփոխվի։

Պրոֆեսորը պնդում է՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել:

Փաստաբանների փոխանցմամբ, Առաջին ատյանի դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շուտով կսկսվի գործի բուն քննությունը, որի ընթացքում էլ փաստաբանական թիմը նորից կմիջնորդի փոխել Չարչյանի խափանման միջոցը։

Փաստաբանական թիմը մեկ այլ միջնորդություն էլ է պատրաստում՝ քրեական գործը կարճելու վերաբերյալ։ «Այսօր մուտք կանենք այս միջնորդությունը և նաև համապատասխան հիմնավորումներ ենք ներկայացրել, որպեսզի դատարանը հենց այս փուլում, այսինքն՝ դեռ դատական քննության փուլ չանցնելով, 15-օրյա ժամկետում, բացի դատական նիստ նշանակելու մասին որոշում կայացնելու, դատարանն իրավունք ունի նաև քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշում կայացնի։ Մենք ներկայացրել ենք համապատասխան հիմնավորումներ, որ հենց այս փուլում, քանի որ խոսքը գնում է կոնկրետ ակնհայտ քրեական հետապնդման դադարեցման բացառող հանգամանքի մասին, դատարանը պետք է հենց այս փուլում նմանատիպ որոշում կայացնի, քանի որ դրա նախադրյալները լիովին առկա են», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Դատախազությունն ավելի վաղ մերժել էր Ազգային ժողովի ընդդիմադիր 7 պատգամավորների և 3 բժիշկների՝ Չարչյանի կալանքը փոխելու միջնորդությունը։

Չարչյանի փաստաբանները շարունակում են պնդել՝ սա կամայական որոշում էր։ Վերջին նիստերի ժամանակ էլ նրանք վրդովվել էին դատախազի գործողություններից։ Պաշտպաններից Արամ Վարդևանյանն ասել էր, թե դատախազը խնդրել է նիստը հետաձգել, քանի որ նրա աշխատանքային ժամն ավարտվել է։ Ըստ Վարդևանյանի՝ դատախազն անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել մարդու ճակատագրի, կյանքի ու առողջության նկատմամբ։

Գլխավոր դատախազությունից խնդրել էին փաստերը չխեղաթյուրել և այս որակումները էթիկայի սահմաններն անցնող էին գնահատել։ Մինչդեռ փաստաբան Ալեքսանյանն այդպես չի կարծում, պնդում է՝ սա իրավական, այլ ոչ թե անձնավորված պայքար է։ «Գնահատականները բացառապես իրավական են։ Ես ցավում եմ, որ դատախազությունը նման ձևով է ընկալել։ Մենք հարգում ենք մեր մասնագիտությունը և միանշանակ գործը երբեք չենք անձնավորում, և որևէ մեկի նկատմամբ՝ կլինի դա դատախազ, թե՝ քննիչ, որևէ անձնական վերաբերմունք պայմանավորված գործի հետ մենք չունենք և չենք էլ կարող ունենալ», - ասաց փաստաբանը։

Կալանավորման որոշումից հետո 61-ամյա Չարչյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ շաքարային դիաբետ ունեցող և սրտի վիրահատություն տարած բժշկին վիրահատել էին։

Փաստաբան Ալեքսանյանի խոսքով՝ նրա առողջական վիճակը դեռ նույնն է, սակայն բժիշը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ․ - «Շաբաթ օրվանից նա գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնակում, առողջական վիճակն այնպես չի, որ լավ է, մնում է նույնը, ինչ-որ ես էն ժամանակ ասել էի»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG