Մատչելիության հղումներ

Ում ասում էին «դավաճան», հետո այդ մարդկանց քվեով ընտրվեցին ԱԺ փոխնախագահ. Մարուքյան  


Մեր ժողովուրդն է որոշել ունենալ այսպիսի խորհրդարան, և ժողովուրդն ի սկզբանե իմացել է, որ ում ընտրել է՝ այս օրակարգով է գնում Ազգային ժողով, արձագանքելով խորհրդարանում օգոստոսի 25-ին տեղ գտած ծեծկռտուքին՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով` իր համար զարմանալի է՝ ընդդիմադիր այն ուժերը, որոնք իշխանություններին կոչում էին «դավաճան», հետո այդ նույն մարդկանց քվեներով ընտրվեցին Ազգային ժողովի փոխնախագահ և հանձնաժողովների նախագահներ։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Էդմոն Մարուքյան. - Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, և մեր ժողովուրդը որոշել է, որ ունենա այսպիսի խորհրդարան: Մեր ժողովուրդն ի սկզբանե իմացել է, ես նաև զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են ու ասում են` վայ, էս ի՞նչ է կատարվում: Ի սկզբանե իմացել է, որ ում որ ընտրում է` այդ օրակարգով են գնում, այսինքն` ի՞նչ է տեղի ունեցել. մեր ժողովուրդը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի ուժի օգտին, Ռոբերտ Քոչարյանի ուժի օգտին և Սերժ Սարգսյանի ուժի օգտին: Հիմա երկու նախկին ղեկավարների և գործող ղեկավարի ուժերն են խորհրդարանում:

Երկու նախկին ղեկավարների ուժերն ամբողջ քարոզարշավի ընթացքում հայտարարություններ են արել, որ գործող իշխանությունը հողատու է, դավաճան է, կապիտուլյանտ է, և գնացել են, նույնն այդ շենքում են անում: Պարզ է, որ դա ինչ-ոչ մի պահի բերելու էր նաև ծեծկռտուքների, հրմշտոցների և այլն: Այսինքն` մեկը մյուսի նկատմամբ ծայրահեղ անհանդուրժող ուժեր են մի կողմից, հետևաբար այն, ինչ տեղի է ունեցել, նախատեսելի տեսարան է, և ես զարմանում եմ, որ մեր ժողովուրդը զարմանում է, որովհետև ժողովո՛ւրդ ջան, ձեր ձևավորած խորհրդարանն է, ինչի՞ վրա եք զարմանում, ումի՞ց եք նեղանում: Դուք եք ձևավորել այդ խորհրդարանը, և սա այն խորհրդարանն է, որը ներկայացնում է մեզ բոլորիս, կապ չունի` մենք ընտրել ենք, այդ ուժերին չենք ընտրել:

Մյուս կողմից, որ ինձ շատ զարմացնում է ընդդիմության պահվածքի իմաստով, ես, օրինակ, այդ հայտարարություններից հետո քարոզչության, ամբողջ ինը ամիսների տեքստերից հետո տեսնում եմ, որ ընդդիմությունը մի ինչ-որ իրավիճակում գնում է, ուզում է դառնալ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հանձնաժողովներում նախագահի տեղակալ, հանձնաժողովներում նախագահ և այն ձայներով, ում որ իրենք ասել են «ուսապարկ, կապիտուլյանտներ, դավաճանների խումբ և այլն», այսինքն` դուք ակնկալում եք, որ ում ասել եք դավաճան, ձեզ ընտրեն, դառնաք տեղակալ: Մեկ էլ տեսնում եմ, որ ընտրեցին, դարձան տեղակալ: Մեկ էլ մյուս օրը ծեծում են, այսինքն` բաներ կան էլի, որ անհասկանալի է դեռ ինձ համար: Կամ ասենք այդ ծեծից հետո ամբողջ օրը անվրդով դեմքով հանձնաժողովի նիստ է վարում ընդդիմության ներկայացուցիչը: Էլի ինձ համար անհասկանալի է:

Բնականաբար, բռնությունն, այդ պահվածքն, ինչ որ այնտեղ կա, դատապարտելի է: Եթե դա կարող է` նորմալ է ընկալվում, աշխարհի բոլոր պառլամենտներում էլ լինում է, բայց մի երկրում, որտեղ թշնամին մտել է այդ երկրի տարածք, դա՞ է մեր օրակարգը, դրա՞ մասին է: Մյուս կողմից` գիտեք` ինչ տեղի ունեցավ. ընդդիմությունն իշխանությանն ասում էր, որ այ դուք պետք է խելոք նստեք և լսեք` մենք ձեզ ոնց ենք ասում կապիտուլյանտ և դավաճան, այ դրա համար ենք մենք եկել: Իշխանությունն էլ ասում է` դե դուք պետք է խելոք նստեք և լսեք, թե մենք ձեզ ոնց ենք ասում, որ դուք թալանչի եք, թալանել եք բանակը կամ փողով բանակից մարդ եք ազատել, և երբ որ այդ երկու կողմներն իրար ասելիքներն սկսեցին ասել, ինչ-որ պահի ինչ-որ մի կողմ չի հանդուրժելու, մեկի նյարդերը տեղի չի տալու: Եվ տեսանք այն, ինչ որ տեսանք, շշի պատմությունից սկսվեց, առաջին դրվագը, երկրորդ դրվագը, և սա է այն, ինչ որ կա: Ես հույս ունեմ, որ գոնե այսքանով կավարտվի այս ամեն ինչը, և կլծվեն գործի:

«Ազատություն». - Հիմա մենք կարո՞ղ ենք ընդհանուր առմամբ համարել, նաև այս ծեծկռտուքից հետո, որ ներքաղաքական լարվածությունը, ճգնաժամը Հայաստանում ավարտվեց, թե՞ Ձեր փորձն, օրինակ, հուշո՞ւմ է, որ առաջիկայում մեզ նոր ծեծկռտուքներ են սպասվում:

Էդմոն Մարուքյան. - Գիտեք, խորհրդարանի ծեծկռտուքն այն մասին չէ, որ ներքաղաքական ճգնաժամը խորն է կամ մակերեսային, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է այնքանով, որքանով որ ժողովուրդը հնարավորություն է ստացել` որոշելու, թե ապագա 5 տարին երկիրը ով է ղեկավարելու, որ ուժը, և ինչ ուժեր են լինելու ընդդիմադիր ուժերը խորհրդարանում:

Մենք մեր մանդատները զոհաբերել ենք հանուն այսօրվա փողոցները բաց լինելու և երկիրը հանգիստ լինելու համար, մենք դա արել ենք, բայց այն մարդիկ, ովքեր այդ ցնցումները փողոցներում էին անում, հիմա տեղափոխվել են խորհրդարանի շենք, որ էլի մեր ժողովրդի կամքով է տեղի ունեցել, որովհետև ժողովուրդն է ընտրել այդ մարդկանց: Հիմա այն, ինչ որ տեղի է ունենում այդ շենքում, ավելի լավ է, քան այն, ինչ որ տեղի էր ունենում փողոցում:

Հասկանո՞ւմ եք, այդ շենքում թող կռվեն, թող բանավիճեն, միգուցե այդ գոռգոռոցների, այդ բանավեճերի արդյունքում ինչ-որ ճշմարտության հանգեն, բայց իրար հետ այդ շենքի ներսում խոսեն, և ըստ էության մեր ժողովրդի տարբեր խմբերի իրար դեմ չհանեն: Սա շատ մեծ, կարևոր ձեռքբերում է, և այս մասով, այո, ճգնաժամը հաղթահարված է: Մենք հանգիստ մեր գործերով ենք, տեսնում եք, իրենք այդ շենքի ներսում են, այսինքն` այդ կաթսան տեղափոխվել է փողոցներից այդ շենքի ներս, և քաղաքականության մեջ այդպես է` բոլոր բանավեճերը պետք է տեղափոխել բանավեճի դաշտ, որը պառլամենտն է, խոսելու վայրն է, այլ բան է, որ խոսելու վայրում` պառլամենտում, չի կարելի իրար հարվածել, բայց հիմա դա էլ է եղել, դա էլ է լինում, պետք է փորձել կրքերը հանդարտեցնել և շարժվել առաջ:


Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ.

XS
SM
MD
LG