Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին դեպքի սցենարի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր. Գեղամ Մանուկյան


Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին դեպքի սցենարի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Գեղամ Մանուկյան. - Մուրճը, որ թափահարում էր ամբողջ քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը, պողպատե մանդատի մասին էր խոսում, մենք հասկանում էինք, որ ոչ միայն բռունցքներ են լինելու, լինելու են անօրինական ձերբակալություններ, կալանքներ, ինչպես հիմա է տեղի ունեցել: Արմեն Չարչյանի դեպքն ուղղակի արդեն զավեշտի վերածվող է: Մեր երկու սյունեցի գործընկերների՝ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի դեպքը, նույն խայտառակությունն է՝ ուղղակի ծիծաղելի մեղադրանքներով: Գորիսի քաղաքապետի, Քաջարանի քաղաքապետի, մեր գործընկերների, ովքեր պատգամավորության թեկնածու են, ուղղակի խայտառակությունն է այն, ինչ որ կատարվում է: Դրա մեջ չէր բացառվում, որ Փաշինյանը դիմի նաև նման սադրանքների:

«Ազատություն». - Փաշինյանը դիմի՞ սադրանքների, Դուք անձամբ կամ ձեզ հարվածե՞լ են:

Գեղամ Մանուկյան. - Արձանագրենք հստակ՝ վերջին դեպքը, որը տեղի ունեցավ Ազգային ժողովում, խայտառակ դեպքը, ամբողջովին սցենարի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր:

«Ազատություն». - Նկատի ունեք երկրորդ օրվա երկրորդ դեպքը:

Գեղամ Մանուկյան. - Այո, գլխավոր դերերում մի քանի ՔՊ-ական պատգամավորներ են, եթե չասեմ մեծամասնությունը, հանցավոր դերակատարություն ուներ տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող, օրենքի սահմաններում գործող պետական պահպանության ծառայությունը:

«Ազատություն». - Ինչո՞ւ:

Գեղամ Մանուկյան. - Տեսանյութերից հստակ երևում է, որ պետական պահպանության ղեկավար, հրամանատար գեներալ-մայոր ստացած Փաշինյանի ձեռքից Սարգիս Հովհաննիսյանը, եթե չեմ սխալվում, ուղղակի, երբ որ հստակ է, որ դահլիճում ինչ է կատարվում, արգելում է ՊՊԾ ծառայողներին մուտք գործել դահլիճ, դեռ մի քանիսի մուտք գործելուց հետո նրանք դուրս են հրավիրվում, ինչ-որ անհասկանալի 1-2 ծառայողներ դուրս են հանում դահլիճից, նոր միայն մոտ 1 րոպե հետո նրանք մուտք են գործում և այդ ամբողջ ընթացքում մուտք գործելուց հետո ոչ թե փորձում էին հանդարտեցնել իրավիճակը, այլ փորձում էին ավելի կոնֆորտ իրավիճակ ապահովել ՔՊ-ական պատգամավորներին այդ կռվի ժամանակ:

«Ազատություն». - Այսինքն ո՞նց, ձեզ էին պահո՞ւմ, որ չմոտենաք:

Գեղամ Մանուկյան. - Հա: Հիմա ՀՔԾ-ում գործ է հարուցված, փաստաբանական խումբը, մեր գործընկերները շատ հանգամանալից կներկայացնեն, և եթե ՀՔԾ-ում գոնե մեկ պրոֆեսիոնալ կամ պարկեշտ քննիչ լինի, այս հարցով վստահ եմ, որ շատ ավելի փակագծեր կբացեն:

«Ազատություն». - Ձեզ հարվածե՞լ են, Դուք հարվածե՞լ եք:

Գեղամ Մանուկյան. - Ես նախաքննական մարմնին մանրամասները կասեմ:

«Ազատություն». - Պարոն Մանուկյան, Դուք ոչինչ չէիք անում, մոտեցան սկսեցին հարվածե՞լ, թուրք, դավաճան, ինչ ասես ասում եք, երբեմն մարդկանց համբերությունը կարող է հատել, արժանապատվություն ունեն:

Գեղամ Մանուկյան. - Եկեք ձևակերպումները հստակեցնենք, դահլիճում թուրք բառ չի հնչել: Մեկ արձանագրում ես եմ կատարել, որ շարունակում է մեզ համար Նիկոլ Փաշինյանը մնալ հողատու և դավաճան, բայց մենք պետք է մեր հանրության աչքերը բացենք, մենք պետք է մեր հանրությանը իրականությունը պարզենք և մնում ենք դահլիճում կառավարության ծրագրի քննարկման համար և մնացել ենք մինչև վերջ ծրագրի քննարկման համար, խոսել ենք կառավարության նախկին գործունեությունից, ծրագրում տեղ գտած դրույթներից՝ տնտեսականից սկսած մինչև ռազմաքաղաքական:

«Ազատություն». - Պարոն Մանուկյան, սա արմատներ ունի, չե՞ք հիշում Facebook-ում ում ինչ հայհոյանքներ էիք գրում, անվանական նշում էիք իմքայլականներին:

Գեղամ Մանուկյան. - Այդ մասին չեմ ուզում խոսել, որովհետև շատ տգեղ մի պատմություն է կոնկրետ ՔՊ-ական պատգամավորներից մեկը, որ հետո փորձեց մանիպուլացնել, այս օրերին ՔՊ-ի պատգամավորից շատ-շատերի հետ այդ հարցով զրուցել ենք, բայց գիտե՞ք հարցը որն է, շատ դժվար էր, առաջին իսկ պահից հասկանալի էր, որ գնում ես մի խորհրդարան, որ ունեցել ես բանավեճ, բախում, լեզվակռիվներ, հազար ու մի տեսակ բաներ: Բայց նաև հասկանում ենք, որ մենք գնում ենք խորհրդարան որպես այլընտրանք, որպես մի հերթական ամբիոն, որտեղ մարդկանց պետք է ասվի ճշմարտությունը, բայց մարդկանց ցանկացած փորձ ճշմարտությունն ասելու հանդիպում է մի այսպիսի հարայ-հրոցի, գոռոցի և նաև Ազգային ժողովի ղեկավարության անհարկի միջամտությունների՝ սկսած պատգամավորների նկատմամբ իրականացվող անօրինականություններից մինչև մեր գործընկեր լրագրողների նկատմամբ ուղղակի աննախադեպ այն բռնությունները, որ հիմա գործադրում են:

«Ազատություն». - Արդարացված չե՞ն անվտանգության միջոցառումները, երբ պատգամավոր են դառնում մարդիկ, որոնք մեկ ամիս առաջ Սյունիքում վերջին հայհոյանքներն էին տալիս Փաշինյանին, սպառնալիքները և հետո ասում են՝ մենք քաղաքական գործիչ ենք, մեզ քաղաքական հայացքի համար են հետապնդում:

Գեղամ Մանուկյան. - Նույն ձևով եկեք ասենք՝ դահլիճում նստածներից որոշները իշխանական թևում ինչերով են զբաղված եղել:

«Ազատություն». - Ինչերո՞վ:

Գեղամ Մանուկյան. - Մամուլում, օրինակ, Հայկ Սարգսյանի արկածների մասին չե՞ք կարդացել, բայց այն քայլերը, որը ձեռնարկվել է Ազգային ժողովի ղեկավարության կողմից որևէ կերպ դրա հետ կապ չունի: Հիմա արդարացնում են՝ Հոկտեմբերի 27, Հոկտեմբերի 27-ից հետո, 99 թվականից հետո 20 տարուց ավելի է անցել: 20 տարվա ընթացքում քանի՞ գումարման Ազգային ժողով է եղել, որևէ մեկը մտածե՞լ է նման քայլերի դիմի:

«Ազատություն». - Այս իրավիճակն արտառոց չե՞ք համարում. չեք ճանաչում այս ընտրությունների արդյունքները, ըստ էության, վիճարկեցիք դրանք, Փաշինյանին վարչապետ չեք ասում, «այդ անձը, աթոռը զբաղեցնողը» և այլն, բայց ինքներդ այդ ընտրությունների արդյունքում եք զբաղեցնում այդ աթոռը, պարոն Մանուկյան, ուրեմն մի գնացեք, փողոցում պայքարեք, հեռացրեք նրան:

Գեղամ Մանուկյան. - Մենք պետք է գնանք, որպեսզի ամեն օր բացահայտենք կեղծիքը, սուտը:

Հարցազրույցն ամբողջությամբ ստորև.

XS
SM
MD
LG