Բուռն կրքեր` ծեծ, քաշքշոց, վիրավորանք, աթոռակռիվ
Ծեծ, քաշքշոց, վիրավորանք, աթոռակռիվ՝ ուղիղ իմաստով. խորհրդարանում աշխատանքն այսօր այսպես շարունակվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը 3 ժամ ներկայացնելուց հետո պատրաստվում էր պատասխանել օրենսդիրների հարցերին։
Իրարանցումը սկսվեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ Փաշինյանին ուղղված վիրավորանքներով ու հեգնանքով համեմված հարցից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ որոշեց դուրս հրավիրել Մկրտչյանին նիստերի դահլիճից, իսկ անվտանգության աշխատակիցների դահլիճ մուտք գործելուց հետո ծեծկռտուք սկվեց։ Միայն 20 րոպե ընդմիջումից հետո համեմատաբար խաղաղ պայմաններում նիստը շարունակվեց։
44-օրյա պատերազմում հայկական կողմից 3773 մարդ է զոհվել, 243-ը՝ անհետ կորած. վարչապետ
Այսօր նախքան պատգամավորների 2 տասնյակից ավելի հարցերին պատասխանելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրը, իր ձևակերպմամբ, արտառոց պայմաններում։ Նախ թվարկեց բոլոր այն դժբախտությունները, խնդիրները, որոնք Հայաստանն ապրեց 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո։ Պատերազմ, որը վարչապետի խոսքով` 3773 մարդու կյանք խլեց, 243 զինվորների գտնվելու վայրը դեռ անհայտ է, գերեվարված զինվորների մի մասը չի վերադարձել, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերն են ապօրինի ներխուժել։
«Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար», - նկատեց նա:
Նախքան առաջիկա անելիքների մասին խոսելը պատմական ակնարկ արեց՝ ինչ կլիներ, եթե դեռ 90-ականների ավարտին իրադարձություններն այլ կերպ զարգանային։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմավարության մասին էր: Փաշինյանի խոսքով՝ կարևորագույն այս հարցը դուրս մղված է եղել քաղաքական օրակարգից. «Չենք ձևակերպել ամենակարևոր հարցի պատասխանը` իսկ ի՞նչ ենք անելու, եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի մեզ համար ընդունելի լուծման հասնել: Ընդ որում, ես չեմ խոսում տարբեր իշխանությունների կամ կառավարությունների, կամ ղեկավարների արածների կամ չարածների մասին, այլ փորձում եմ ձևակերպել այն համակարգային խնդիրը, որ մենք ի սկզբանե ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում:
Այս համակարգային պրոբլեմը շատ լուրջ ազդեցություն է ունեցել Երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքի և հարաբերությունների վրա: Մենք` որպես հանրություն, չենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմավարություն»:
Ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին. վարչապետ
Կառավարությունը ստանձնում է տարածաշրջանում խաղաղության համար իր բաժին անելիքը, արդեն անդրադառնալով ծրագրին` ԱԺ ամբիոնից հնչեցրեց Փաշինյանը՝ նպատակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը վերադարձնել բանակցային գործընթաց, իսկ Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ստեղծելու գրավականը, ըստ վարչապետի, տարածաշրջանի ապաշրջափակումն է։
Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ փաստաթղթերում որևէ ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին, հերթական անգամ պնդեց Հայաստանի ղեկավարը։ Այդուհանդերձ, փակագծեր բացեց՝ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է ճանապարհ ստանա ՌԴ և Իրան տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջաններ. «Բայց միևնույն ժամանակ մենք չենք հերքել և չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար, և սա է պատճառը, որ կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին»:
Արտաքին քաղաքականության մասին
Արտաքին քաղաքականությանն անդրադառնալիս Փաշինյանը նախ խոսեց Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ ընդգծելով` ռուս խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխիք են, և Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմական, տնտեսական, քաղաքական հարաբերությունները։
Ըստ Փաշինյանի` ռուս խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում
Ուշագրավ էր Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում։ Ընդգծեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված և ադրբեջանական դատարանների կողմից ազատազրկման դատապարտված հայ զինվորականները գերեվարվել են, երբ տարածքը ռուս խաղաղապահների հսկողության տակ էր. «Եթե այս փաստը համադրում ենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն` Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»:
Փաշինյանը նաև Արևմուտքի հետ Հայաստանի ամուր կապերի մասին խոսեց. ԱՄՆ և ԵՄ-ի, Ֆրանսիայի հետ արդյունավետ համագործակցության օրինակներ թվարկեց։ Ընդգծեց՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի:
3 ժամ ընթացող ելույթում անդրադարձ կատարեց Հայաստանի զարգացման համար բոլոր ոլորտներում ակնկալվող ծրագրերին` կրթություն, մշակույթ, տնտեսություն, սպորտ։
«Ընդունո՞ւմ եք, որ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը Դուք եք». պատգամավորի հարցը
Ընդդիմադիր պատգամավորների հարցերը, սակայն, անվտանգության խնդիրներին էին առնչվում: Դրանց մեծ մասը, այդուհանդերձ ոչ թե ապագայի, այլ անցյալի կորուստների մասին էր։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմինե Կյուրեղյանը, մասնավորապես, հետաքրքրվեց. «Ընդունո՞ւմ եք արդյոք, որ դուք այն իշխանությունն եք, որ այս երկիրը տարավ պարտության, մեր երկիրը տարաք պարտության և պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը Դուք եք»:
«Նախ` ես պատերազմից անմիջապես հետո եմ հայտարարել, որ ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, ինձ համարում եմ մեղավոր և նաև ինչ-որ տեղ ընդունում եմ, որ սխալ եմ արել, որ 2018 թվականին ողջ ժառանգված բանակցային բովանդակությունը չեմ հրապարակել»:
«Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ավելի կոշտացրեց հռետորաբանությունը՝ պնդելով՝ Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարել՝ երկիրը տանելով կործանման. «Եթե Դուք հետևողականորեն խորշում եք այս բառերից` դավաճան, հողատու, որը հասկանալի է, արդյոք ի՞նչ անվանում այս գործողություններին: Եվ երկրորդ` հաշվի առնելով, որ գլխավոր դատախազությունը հետևողականորեն հրաժարվում է առերևույթ այս հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերից, արդյոք Դուք պատրա՞ստ եք հետևողական լինել և դավաճանության հոդվածով քրեական գործի շրջանակներում ներգրավվել այս գործի քննությանը»:
«Մի՛ ինձ ստիպեք, որպեսզի ցույց տամ, թե ով պիտի խորշի, ով է դավաճանը, պետությունը թալանելով, ով է հողատուն, ով է կապիտուլյանտը», - եղավ Փաշինյանի արձագանքը:
Սա խաղաղություն մուրալու ծրագիր է. Ռուստամյան
Նոր վեճի առիթ դարձավ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցը. «Դուք մի քանի անգամ ընդգծեցիք գաղտնի, ոչ գաղտնի հանգամանքը: Ես կարծում եմ` դրա վերաբերյալ էլ եք տեղյակ, որ քրեական գործ կա հարուցված այդ ուղիղ օպերատիվ կապ Հայաստանի, կոնկրետ Ձեր և թշնամի Ալիևի միջև, որի շրջանակներում նաև, տեղյակ եք երևի, 5 միլիարդից էին խոսում և այլն, դրա մասին էլ ասեք էլի»:
Նիկոլ Փաշինյան. - «Այդ միլիարդների մասին Ձեր վստահորդի հետ, կարծում եմ, շատ ճիշտ կանեք, որ խոսեք: Միլիարդների մասին գնա, վստահորդիդ հետ խոսա»:
Հարցուպատասխանի ավարտից հետո 50 պատգամավոր հերթագրվեց մտքերի փոխանակման համար։ Թեև այսօր կառավարության ծրագիրը պետք է քննարկվեր, այդուհանդերձ ինչպես հարցերը, այնպես էլ ելույթները կրկին փոխադարձ մեղադրանքներ էին պարունակում։
«Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ կառավարությունը խաղաղություն պարտադրելու ծրագիր չի ներկայացրել. «Սա խաղաղություն մուրալու ծրագիր է, որովհետև այս կառավարությունը պատրաստվում է նոր զիջոըմների, նոր կապիտուլյացիայի»:
Կառավարության ծրագրի շուրջ քննարկումները կշարունակվեն վաղը։ Ամփոփիչ ելույթով հանդես կգա վարչապետը, այնուհետև փաստաթուղթը կդրվի քվեարկության։