«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը բացառում է Ազգային ժողովի լուծարման տարբերակը։
«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Սարգսյանն ասաց՝ չի տեսնում որևէ ուժ, որը փողոց է դուրս գալու ու պահանջելու է Ազգային ժողովի լուծարում և էդ ուժը հանրային լուրջ աջակցություն է ունենալու։
Սարգսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև
Արամ Սարգսյան․ - Մեզ շատ բարդ, շատ դժվարին ժամանակներ ես սպասում, իսկ ապագայի պատասխանատվությունն իշխանական թևի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ ընկերների վրա է, ժողովուրդն իրենց քվե է տվել՝ ապագա կերտելու, ոչ թե անցյալը քչփորելու համար։ Մեր ժողովուրդն էլ Ազգային ժողովի վեճերը նայելով՝ պիտի հետևություն անի ու սովորի ճիշտ ընտրություն անել, որովհետև ընտրությանը պետք չի ձայն տալ նրանց, ովքեր բարձր են հայհոյում, ովքեր կռվում են, ովքեր տեսարաններ են ստեղծում, էդ մարդիկ հետո պետք է աշխատեն։ Լսեք՝ մարդիկ ինչ են ասում։ Շատ տխուր է, որ Ազգային ժողովում Կառավարության ծրագիր էր քննարկվում ու լուրջ քննարկում տեղի չունեցավ։ Ես շատ ուզում էի Բաբկեն Թունյանի տեսակետները լսել, այդ բանավեճը լսել, որովհետև էդտեղ կան խելոք մարդիկ, որոնք խելոք բաներ են ասում, որոնք չարչարվել են ամեն տողի համար, բայց համոզված եմ նաև, որ էս ընդդիմությունն, ում խորհրդարան գործուղել են ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» հետ աշխատելու, այլ քերելու համար, էդ սցենարով անընդհատ չի կարող քերել, որովհետև անհնարին է հինգը տարի գաս ասես՝ «կապիտուլյանտ», կամ՝ «դավաճան», կամ՝ «հողատու»։ Դրանից հոգնելու են, եթե մի անգամ դա իրենց հաջողություն է բերել՝ 20-22 տոկոս քվե, չի նշանակում, որ հինգ տարի նույն բանն ասելով՝ էդ 22 տոկոսն ավելանալու է։ Ձեզ ազնիվ քվե տված մարդիկ ձեզանից հոգնելու են։ Վերջիվերջո էս պետությունը նաև ձեր պետությունն է, էդ 22 տոկոսի մեջ եղած ազնիվ մարդիկ էլ ապագայի մասով սպսումներ ունեն, աշխատել է պետք։
«Ազատություն»․ - Իսկ հնարավո՞ր է հանկարծ, որ էլի արտահերթ լուծման անհրաժեշտություն լինի՝ էլի ընդդիմությանը վկայակոչելով, որ «այս ծեծուջարդը վկայում է, որ սպառելու է շուտ իրեն էս խորհրդարանը»։
Արամ Սարգսյան․ - Նման տարբերակը գրեթե բացառում եմ, որովհետև եթե Գագիկ Ծառուկյանը և Էդմոն Մարուքյանը համաձայնեցին արտահերթ ընտրությունների, ասացին՝ խնդիր չէ, իրավիճակը հանգստանալու համար պատրաստ ենք նաև իշխանության առաջարկած տարբերակին, էս թիմին ու էս թիմի լիդերներին ստիպես էլ, սրանք մանդատ դնող չեն, սրանց էնքան է դուր եկել էդ Ազգային ժողովի տեղը, որ իրենք հինգը տարին ժամացույցով նստելու են։ Այնպես որ ես չեմ տեսնում որևէ ուժ, որը փողոց է դուրս գալու ու պահանջելու է Ազգային ժողովի լուծարում և էդ ուժը հանրային լուրջ աջակցություն է ունենալու։
Հարցազրույց ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․