Մատչելիության հղումներ

Շշեր նետելու էջը ԱԺ-ում կարելի է համարել փակված. Ռուբեն Ռուբինյան 


Շշեր նետելու էջը Ազգային ժողովում կարելի է համարել փակված՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ Ռուբինյանի, խորհրդարանում ծեծկռտուքը սկսվեց, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շիշը նետեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ։ «Ես կարծում եմ, որ այդ իրադարձություններից մեր ընդդիմադիր գործընկերները համապատասխան դասեր քաղել են և այդպիսի բաներ այլևս տեղի չեն ունենա»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։

«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է օրենքի և իրավունքի դիկտատուրայի մասին, բայց իր աչքի առջև Ազգային ժողովում պատգամավորները միմյանց էին ծեծում, հիմա մենք ի՞նչ երկիր ենք կառուցում:

Ռուբեն Ռուբինյան. - Դե նախ պետք է ֆիքսենք, որ ծեծկռտուքը սկսվեց նրանից հետո, երբ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը շիշ նետեց մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորի վրա, որից հետո սկսվեց ծեծկռտուք, պետք է ասեմ, որ դրան հետևած իրադարձությունները նույնպես օրենքի և իրավունքի դիկտատուրայի հաստատման շրջանակներում էին: Եվ ես կարծում եմ, որ այդ իրադարձություններից մեր ընդդիմադիր գործընկերները համապատասխան դասեր քաղել են և այդպիսի բաներ այլևս տեղի չեն ունենա:

«Ազատություն». - Ուզում եմ հստակեցնեք՝ այսինքն պատրաստվում եք օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատել նաև ծեծի՞ միջոցով:

Ռուբեն Ռուբինյան. - Ոչ, ես ասում եմ, որ Ազգային ժողովում երեկ տեղի ունեցածից հետո ես վստահ եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները այլևս չեն անի այն, ինչ անում էին այդ օրը դրան նախորդող ժամերի ընթացքում:

«Ազատություն». - Այս ամենի ֆոնին վարչապետը նաև համագործակցության ձեռք մեկնեց ընդդիմադիրներին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին, երեկ իր եզրափակիչ ելույթում ասաց, որ պատրաստ է նաև արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցել: Ի՞նչ եք կարծում մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կսեղմե՞ն այդ ձեռքը, թե՞ առաջիկայում մեզ խորհրդարանում սպասվում են նոր ծեծկռտուքներ:

Ռուբեն Ռուբինյան. - Ընդհանրապես երբ որ խոսում ենք ընդդիմություն-իշխանություն համագործակցության մասին, ամեն դեպքում երբ որ մենք ենք խոսում դրա մասին, մենք նկատի չունենք, որ ընդդիմությունը պիտի գա և դավաճանի իր սկզբունքներին կամ նվաստանա, դառնա կեղծ ընդդիմությունը, մենք ընդամենը խոսում ենք քաղաքակիրթ բանավեճերի մասին, դա կարող է նույնիսկ համագործակցություն չլինել:

«Ազատություն». - Այսինքն՝ առնվազն, որ շիշ չնետե՞ն:

Ռուբեն Ռուբինյան. - Այո, կամ առնվազն չհայհոյեն, կոռեկտ պահեն և այսպես շարունակ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ ընդդիմությունը կոմպլեքսավորված է, որովհետև մինչև ընտրությունները նրանք աշխարհիս երեսին ինչքան մեղադրանք, հայհոյանք և հոխորտանք կա, մեր հասցեին ասել են և թերևս մեղավոր կզգան իրենց ընտրողների առաջ կամ միգուցե ոչ թե ընտրողների, այլ իրենց դաշինքի ղեկավարի առաջ, եթե մի քիչ կոռեկտ դաշտ մտնեն: Բայց ի վերջո իրենց ընտրությունն է, երեկվա փորձը ցույց տվեց, որ երբ որ իրենք շիշ են նետում, դրանից հետո այդքան էլ լավ բաներ տեղի չենք ունենում իրենց հետ: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում շշեր նետելու էջն Ազգային ժողովում կարելի է համարել փակված:

«Ազատություն». - Ռուսների միջնորդությամբ բանակցություններ էին ընթանում միգուցե շարունակվում են, տեղյակ չեմ, Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ, բայց մենք տեսանք, որ այդ բանակցությունները հաջողություն չունենցան, ադրբեջանցիները ինչպես եկել էին և դիրքեր էին զբաղեցրել Սև լճի շուրջ, այդպես էլ շարունակում են մնալ: Եթե այս բանակցությունները նույնպես ավարտվեն անհաջողությամբ, նկատի ունեմ Գորիս-Կապան ավտոմայրուղու վերաբերյալ բանակցությունները, ո՞րն է Հայաստանի պլան Բ-ն:

Ռուբեն Ռուբինյան. - Ամեն դեպքում եկեք տրամադրվենք այնպես, որ բանակցությունները պսակվեն հաջողությամբ: Սև լճի և նաև Վերին Շորժայի այն հատվածներից, որոնք ադրբեջանցիները ներխուժել են, նրանք պիտի դուրս գան, և դա մեր դիրքորոշումն է և դա նաև ռուսական կողմի դիրքորոշումն է: Գորիս-Կապան հատվածի վերաբերյալ սպասենք, տեսնենք ինչ է տեղի ունենալու այսօր: Այլընտրանքային ճանապարհ կա, և այդ ճանապարհն արագորեն թարմացվում է, նաև, ինչպես ասացի, Սիսիան-Քաջարան ճանապարհ պիտի կառուցվի, սա լոգիստիկ առումով պլան Բ-ն է:

Իսկ ընդհանուր առմամբ, այս ամենը պետք է դիտարկել մեկ համատեքստում՝ ի՞նչ է տեղի ունեցել, Ադրբեջանը փորձում է այսպիսով վիժեցնել խաղաղության օրակարգը տարածաշրջանում, ապաշրջափակման օրակարգը տարածաշրջանի: Նրանք իրենց ագրեսիվ հայտարարություններով, մտացածին միջանցքների մասին հայտարարություններով անում են մեկ բան, նրանք վիժեցնում են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը և ընդհանրապես կայունության հաստատումը: Այս իրադարձությունները՝ նույն Սև լճի իրադարձությունները, նույն Գորիս-Կապանի իրադարձությունը, նույն հետմղված հարձակումը Գեղարքունիքում, նույն իրենց հայտարարությունները սրան են ուղղված: Նրանք ինչ-որ առումով նաև մարտահրավեր են նետում ռուսական միջնորդական և խաղաղապահ առաքելությանը՝ փորձելով դելեգիտիմացնել այն, և մենք հույս ունենք, որ դա նրանց չի հաջողվի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG