Մատչելիության հղումներ

Գորիս-Որոտան-Շուռնուխ՝ 21 կմ հատվածի շուրջ եռակողմ փաստաթուղթ չի ստորագրվել․ Փաշինյան


Գորիս-Որոտան-Շուռնուխ՝ 21 կմ հատվածի շուրջ Հայաստանը չունի եռակողմ փաստաթուղթ, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ փորձ է արվում ներկայացնել, թե Հայաստանի կառավարությունը ժողովրդի թիկունքում որևէ բան է արել։

Վարչապետը հիշեցրեց 2020-ի դեկտեմբերի 19-ի իր ուղերձը՝ նշելով՝ խոսել է Գորիս-Կապան հատվածում պրոբլեմների մասին ու ասել, որ էդտեղ խնդիր կա, քաղաքական որոշում են կայացրել և ինքն ամբողջությամբ կրում է այդ որոշման պատասխանատվությունը։

Փաշինյանն իր ուղերձից հատված մեջբերեց․ - «Այսօր արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներկայացված են Սյունիքում, խոսքը Գորիս-Որոտան-Շուռնուխ հատվածի մասին է, և սա, անվտանգային առումով, բոլորովին նոր իրավիճակ է։ Իհարկե այս ամենի արդյուքնում կարող են ծագել տրանսպորտային լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի են և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով։ Արդյունքում մենք ունեցա՞նք եռակողմ փաստաթուղթ, ո՛չ, մենք չունեցանք եռակողմ փաստաթուղթ»։

Փաշինյանը նաև հիշեցրեց Պաշտպանության նախարարության 2020-ի դեկտեմբերի 19-ի հայտարարությունն ու մի հատված մեջբերեց․ - «Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 19-ին 2020 թվականի հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է՝ «Սյունքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նպատակով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Ավտոճանապարհի այս հատվածի անվտանգությունը կապահովվի ռուս սահմանապահների միջոցով, շփման գծի մի կողմում կտեղակայվեն Հայաստանի սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից։ Չենք տվել տեղեկատվություն միայն այն հատվածների մասին, որոնք կարող էին հավելյալ ռիսկեր առաջացնել մեր ազգային անվատնգության հետ, այդ թվում՝ մեր այսօրվա նման իրավիճակից խուսափելու համար»։

Թե ի՞նչ է տեղի ունեցել այս գիշեր Գորիս-Կապանի միջպետական ճանապարհի Շուռնուխի հատվածում, վարչապետը մանրամասնեց․ - «Էդ հատվածում՝ 21կմ-ի մասին է խոսքը, որը Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, էդ տեղերում եկել են ադրբեջանցիները փակել են, որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին։ Մենք պաշտոնապես ասում ենք, որ էդ տեղեկությունը՝ դանակահարության վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում և կոչ ենք անում, որ եթե անդրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ էդպիսի բան եղել է, կոչ ենք անում, թող փոխանցեն մեզ, որ մենք էլ հասկանանք, թե ինչ է, բայց էն, ինչ տեղի է ունեցել, հակասում է ինչպես գրված է Պաշտպանության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի միջև և ամրագրվել է այդ պայմանավորվածությունը, բայց եռակողմ հայտարարություն, ինչի պատրաստման մասին ես ասել եմ, չի ստորագրվել»։

Երեկ ուշ երեկոյան Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: «Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել», - ասված էր հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են:

XS
SM
MD
LG