Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտարարում է, որ Մոսկվան դեռ չի ճանաչելու թալիբների իշխանությունը


Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե չնայած Քաբուլի օդանավակայանից այսօրվա սարսափելի կադրերի` աղետ Աֆղանստանում այսօր չկա: Թալիբները վերահսկում են Ռուսաստանի դեսպանության շենքը, ավելին` Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը հավաստիացնում է, թե Քաբուլում այսօր նույնիսկ աշխատել են աղջիկների համար դպրոցները, և ընդհանրապես թալիբները խոստացել են, որ իրենց քաղաքակիրթ ձևով են պահելու:

«Նրանք խոստացել են պահպանել այդ ամենը, սպասենք, նոր է իշխանություն փոխվել: Այս պահին ամեն ինչ հանգիստ է Քաբուլում», - «Վեստի 24»-ի եթերում ասել է Աֆղանստանում ՌԴ դեսպանը:

Այնուամենայնիվ, Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Զամիր Կաբուլովը հայտարարել է, թե Մոսկվան դեռ չի ճանաչելու թալիբների իշխանությունը:

«Մենք չենք շտապում, ճանաչել-չճանաչելը կախված է լինելու նրանից, թե ինչպես է իրեն դրսևորում Աֆղանստանի նոր իշխանությունը», - ասել է նա։

Պաշտոնական Մոսկվայի գնահատմամբ` ընդհանուր առմամբ իրավիճակը Քաբուլում հանգիստ է. «Իրավիճակը Քաբուլում ամբողջովին հանգիստ է․ «Թալիբանի» ղեկավարները հայտարարել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում: Հավաստիացրել են, որ դիվանագիտական առաքելությունները կարող են հանգիստ լինել»:

Մոսկվան իրարամերժ հայտարարություններով է արձագանքում Քաբուլում տեղի ունեցող զարգացումներին։ Մի կողմից` ասում է, թե դեռ չի ճանաչելու թալիբների իշխանությունը, մյուս կողմից, թե Աֆղանստանը չի վերածվի ահաբեկչական պետության, և Ռուսաստանը կկարողանա թալիբների հետ համագործակցել։ Մի կողմից` ասում է նաև, թե չի վախենում ռուս դիվանագետների անվտանգության համար, մյուս կողմից` հայտարարում, թե նրանց մի մասը տարհանվելու է Աֆղանստանից։

Համենայն դեպս, Ռուսաստանի նախագահի Աֆղանստանում հատուկ ներկայացուցիչ Զամիր Կաբուլովը նման հայտարարություններ է արել այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում։

Կաբուլովը նաև ասել է, թե թալիբներն իրենց վերահսկողության տակ են վերցրել ռուսական դեսպանությունը, սակայն Ռուսաստանի արտգործնախարարությունն ունի պլան Բ Աֆղանստանում իրադարձությունների անսպասելի շրջադարձի դեպքում:

Ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է Աֆղանստանում, ասում է ռուսաստանցի դիվանագետը և հավելում. «Ռուսաստանի Դաշնությունը թալիբների կողմից Կենտրոնական Ասիայի համար սպառնալիքներ չի տեսնում»։

Կաբուլովը նաև հորդորեց չհամեմատել Աֆղանստանի Խորհրդային Միության դուրս գալը ներկա իրավիճակի հետ: Նա հիշեցրեց, որ 1989-ին` խորհրդային զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի կառավարությունը երեք տարի դիմացավ: Այժմ թալիբները իշխանությունը վերցրին այնքան արագ, որ Միացյալ Նահանգները նույնիսկ չհասցրեց ավարտին հասցնել իր բանակի վերջնական տարհանումը:

Սրա հետ մեկտեղ Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը խոստովանեց, որ Քաբուլի գրավումը անակնկալ էր նաև Մոսկվայի համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ինչպես շատ այլ երկրներ, վստահ էր, որ «աֆղանական բանակը, ինչպիսին էլ այն լինի, դեռ որոշ ժամանակ դիմադրելու է»:

«Թալիբան» շարժումը Ռուսաստանում արգելված է և ճանաչված է ահաբեկչական, այդուամենայնիվ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը և այլ պաշտոնյաներ «Թալիբանի» հետ վերջին յոթ տարիներին ակտիվ բանակցություններ են վարել, շարժման ներկայացուցիչներն այցելում էին Մոսկվա։

Երեկ, երբ թալիբները դեռ մոտեցել էին մայրաքաղաք Քաբուլին, պաշտոնական Մոսկվան շտապեց հայտարարել, թե ռուս դիվանագետները երկրից չեն հեռանա, կշարունակեն աշխատել Քաբուլում, մինչդեռ այսօր Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնել է, որ տեխնիկական և լոգսիտկ միջոցներ է փնտրում Քաբուլից ռուսաստանցի դիվանագետներին պլանային արձակուրդների ուղարկելու համար։

Մոսկվայում աֆղանական հնարավոր աղետի մասին սկսեցին խոսել դեռ անցած տարի, երբ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ամերիկացի զինվորականներին Աֆղանստանից դուրս հանելու մասին։ Աֆղանստանը ընդանուր սահմաններ ունի հետխորհրդային երեք երկրների՝ Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ։ Վերջինս, հիշեցնենք, ՀԱՊԿ-ի անդամ է: Ճգնաժամը և սպասվելիք հումանիտար աղետը Աֆղանստանում սպառնում է հետխորհրդային երկրներին, հատկապես Տաջիկստանին, որի հետ Աֆղանստանի սահմանը գրեթե 1400 կիլոմետր է։

Պաշտոնական Մոսկվան վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, որ հնարավորինս կօգնի Տաջիկստանին, զորավարժություններ է անցկացնում աֆղանա-տաջիկական սահմանին։ Իրավիճակը, սակայն, թե՛ աֆղանա-տաջիկական, թե՛ աֆղանա-ուզբեկական սահմաններին մնում է չափազանց լարված, ինչը չի կարող սպառնալիք չլինել նաև Ռուսաստանի համար։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր հայտարարել է, թե Տաջիկստանին մենակ չեն թողնի, և եթե սպառնալիք ստեղծվի Տաջիկստանի համար, կձեռնարկվեն կանոնադրությամբ նախատեսված բոլոր քայլերը:

Մոսկվայի վերաբերմունքը աֆղանական աղետին կարելի է երկու տեսանկյունից դիտարկել՝ մի կողմից մտավախությունն է, որ աֆղանական զարգացումները լուրջ գլխացավանք և սպառնալիք կդառնան Ռուսաստանի համար, կա մտավախություն նաև, որ թալիբները կարող են ներթափանցել Կենտրոնական Ասիայի սահմանակից երկրներ, հատկապես՝ Տաջիկստան։ Ի դեպ, բազմազգ 32 միլիոնանոց Աֆղանստանում բնակչության 23 տոկոսը տաջիկներ են, իսկ 9 տոկոսը` ուզբեկներ։

Մյուս կողմից` Մոսկվայում անթաքույց ուրախանում են, որ, ինչպես նշվում է ռուսական մամուլում ամենից հաճախ հանդիպող արտահայտության մեջ, «ամերիկացիներն Աֆղանստանում խայտառակ ձևով տապալվել են»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG