Ադրբեջանցի խաղաղապահները շարունակում են մնալ Աֆղանստանում: Ըստ երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության` ադրբեջանական բանակի 120 հոգանոց անձնակազմը`Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ, գտնվում է մայրաքաղաքում`ապահովելով Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը:
«Մենք մշտական կապի մեջ ենք մեր խաղաղապահների հետ, օպերատիվ իրավիճակը վերահսկվում է եղբայրական Թուրքիայի հետ համակարգված ջանքերով»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Միացյալ Նահանգները անցած մայիսից սկսել է Աֆղանստանից դուրս բերել ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը, Թուրքիան, սակայն, հայտարարել է, թե մտադիր է մոտ 500 զինվորական թողնել`միջազգային օդանավականը պաշտպանելու համար:
Անցած օրերին տեղից ստացվող հաղորդումները վկայում են, որ օդանավակայանում իրավիճակը ծայրահեղ լարված է․ արևմտյան մի շարք աղբյուրների հաղորդմամբ, այս առավոտ այնտեղ կրակոցներ են հնչել, Wall Street Journal-ի հաղորդմամբ, առնվազն երեք մարդ է զոհվել, Al Arabiya֊ն հաղորդում է հինգ զոհի մասին:
Հազարավոր մարդիկ փորձում են հեռանալ երկրից`մինչ «Թալիբան» շարժման զինյալները բանակցում են`Աֆղանստանի նոր կառավարությունը ձևավորելու համար: