«Թալիբան» շարժման զինյալներն այսօր առավոտյան մի շարք ուղղություններից միաժամանակ մուտք են գործել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ», - հաղորդում է Reuters գործակալությունը։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի աշխատակազմը հաստատել է, որ մայրաքաղաքի մի շարք շրջաններում փոխհրաձգության ձայներ են լսվում։ Դրա հետ մեկտեղ, Գանիի կառավարությունը պնդում է, որ անվտանգության ուժերը վերահսկում են իրավիճակը։
Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, ըստ Reuters-ի, ուղղաթիռներով տեղափոխվել են Քաբուլի միջազգային օդանավակայան՝ հետագա տարհանման նպատակով։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ՝ Եվրամիության մի շարք պետությունների դեսպանատների աշխատակիցներն այժմ Քաբուլի սահմաններում գտնվող անվտանգ մի տարածքում են։
Ընդամենը երկու օր առաջ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին հայտարարում էր, թե «այս պահին Քաբուլին անմիջական վտանգ չի սպառնում»։