Մատչելիության հղումներ

Գորիսի քաղաքապետը կմնա կալանքի տակ


Ընտրական հանցագործությունների համար մեղադրվող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրան ազատ արձակելու պահանջով պաշտպանների բողոքը։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, թե այլ սպասելիք չուներ դատավոր Մնացական Հարությունյանից, և որոշումը կբողոքարկեն վճռաբեկ ատյանում, իսկ այնտեղ էլ անհաջողության դեպքում կդիմեն Եվրոպական դատարան. - «Մենք ժպիտով ենք էս ամեն ինչին վերաբերվում։ Ու շատ հստակ ընդգծեմ՝ Առուշ Առուշանյանը միևնույն է լինելու է ազատության մեջ։ Դրանում չկասկածեք»։

Գորիսի 30-ամյա քաղաքապետն արտահերթ ընտրություններին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարն էր զբաղեցնում։

Առուշանյանը մեղադրվում է արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։

Ըստ մեղադրանքի, Առուշանյանը Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանին հորդորել է «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկողներին տալ 100-220 հազար դրամ օգնություն։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա դեմ ցուցմունք է տվել Գորիսի կազմի մեջ մտնող Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը, որը սկզբում կալանքի տակ էր, հետո դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Ավետյանը սկզբում արդարացնող, հետո մեղադրող ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ, ասում է փաստաբանը. - «Լուսինե Ավետյանից այն ակնկալիքը, որը որ ստացան, ստացան ի վերջո, և դրանից հետո նրա խափանման միջոցը փոխվեց։ Կարծում եմ, այստեղ այլ կարծիք լինել չի կարող»։

Լուսինե Ավետյանի փաստաբանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս հարցերի շուրջ հրապարակային ասելիք չունեն։

Դատախազի որոշմամբ, Ավետյանին գրավով կալանքից ազատ են արձակել հանցագործության բացահայտմանը աջակցելու համար, «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Ըստ Գորիսի քաղաքապետի պաշտպանների, Առուշանյանը մեղադրանքը հիմնված է միայն Լուսինե Ավետյանի ցուցմունքի վրա։ Ու չնայած այդ փաստին՝ առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, թե կա հիմնավոր կասկած, որ քաղաքապետը կատարել է այդ հանցագործությունը. - «Ոչ մի վկա Առուշ Առուշանյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք չի տվել։ Բոլորը միաձայն նշում էին, որ Առուշ Առուշանյանի հետ եթե անգամ հանդիպել են, խոսել են դրամական միջոցների, սոցիալական օգնությունների տրամադրման վերաբերյալ, երբևէ Առուշ Առուշանյանի կողմից այդ օգնությունը տալու ժամանակ որևէ ակնարկ անգամ չի եղել առ այն, որ այդ օգնությունը տրամադրվում է նրա համար, որպեսզի հետագայում մենք՝ քաղաքացիներս, գնանք այս կամ այն դաշինքի համար ընտրենք»։

Ինչպես Առուշանյանի, այնպես էլ Սյունիքի մյուս խոշոր բնակավայրերի՝ Մեղրիի, Սիսիանի կալանավորված ղեկավարների փաստաբանները պնդում են, որ այս քրեական գործերն իրականում քաղաքական հետապնդում են։

«Սա պայմանավորված է զուտ նրանով, որպեսզի «գլխատեն» վերջնականապես Սյունիքը», - պնդեց փաստաբան Ալեքսանյանը։

Սիսիանի քաղաքապետ, կալանավորվելուց հետո ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանը ևս չի ընդունում մեղադրանքը։

Այսօր դատարանը սկսեց քննել նրան կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի դեմ ներկայացված բողոքը։ Սիսիանի քաղաքապետը մեղադրվում է պաշտոնական կեղծիքի և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։

Փաստաբան Էմին Խաչատրյանը մեղադրանքից մանրամասներ դեռ չի ասում, բայց շեշտում է՝ Սարգսյանն անմեղ է. - «Ըստ էության, պարոն Սարգսյանը չպիտի կալանավորված լիներ, որովհետև 308 հոդվածի միայն երկրորդ մասով ամբողջ ծավալով նրա արարքը, նույնիսկ եթե դա հաստատվի և այլն, և այլն, ընկնում է 18 թվականի համաներման տակ»։

Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ ազատության մեջ մնալով հեղինակություն ունեցող Սարգսյանը կխոչընդոտի գործի քննությանը, մինչդեռ նման ապացույց դատարան չի ներկայացվել, ասում է պաշտպանը և շեշտում՝ պատգամավորի անձեռնմխելիություն ստանալուց հետո Սարգսյանն անհապաղ պետք է ազատ արձակվեր։

Երեկ էլ Վերաքննիչ դատարանը մերժել էր կալանքից ազատել Մեղրիի նախկին քաղաքապետ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանին։ Նա, ինչպես և Սիսիանի քաղաքապետը մեղադրվում է նույն՝ պաշտոնական կեղծիքի և լիազորությունները չարաշահելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG