Օրերս կալանավորված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանները Վերաքննիչ դատարան են դիմել՝ բողոքարկելով կալանքի որոշումը։
30-ամյա քաղաքապետի պաշտպան Արմեն Մելքոնյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ նրան կալանքից ազատ արձակելու բոլոր հիմքերը կան. «Երբ որ Լուսինե Ավետյանին կալանավորում են, Լուսինե Ավետյանը հերքում է Առուշ Առուշանյանի մասնակցությունը որևէ հանցագործության:
Երեք օր անց վարույթն իրականացնող մարմինը կրկին հարցաքննում է, և Լուսինե Ավետյանն այս անգամ ցուցմունք է տալիս, թե իրբ Առուշ Առուշանյանը տեղյակ է և ասել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին պիտի աշխատանք կատարվի, որպեսզի ընտրողները որոշակի օգնության դիմաց, որն իրենք ստանում են պարբերաբար, և համայնքն ունի իր բյուջեից 5 տոկոս և օգնություն է ապահովում տարիներ շարունակ` 17 թվականից սկսած, երբ Առուշանյանը դեռևս քաղաքապետ է եղել, այդ օգնությունը մշտապես սոցիալապես անապահով բնակիչները ստացել են, իբր թե դրա դիմաց է այդ օգնությունը տվել, որպեսզի ձայները տրվեն «Հայաստան» դաշինքի օգտին»:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը մեղադրվում է արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում, նրա դեմ ցուցմունք է տվել Գորիսի կազմի մեջ մտնող Քարահունջ համայնքի կալանավորված ղեկավար Լուսինե Ավետյանը։
Ընդ որում, փաստաբանը հակասական է որակում Ավետյանի ցուցմունքները և պնդում է՝ այլ ապացույց իր պաշտպանյալի դեմ չկա։ Ավետյանը ևս ընտրական հանցագործությունների համար է մեղադրվում՝ նույն գործի շրջանակներում, ինչ Առուշանյանը։
«Առերեսումը տեղի չունեցավ, ուղղակի Լուսինեն հայտարարեց, որ երբ որ հայտնվում ես քրեակատարողական հիմնարկում և կարիճների - կարիճը լսել եմ, որ ինչ-որ կին կալանավոր է այնտեղ, որ երկար ժամանակ պատիժ է կրել և այլն - այդ ժամանակ մոռանում ես Աստծո գոյության մասին, և իմ կողմից արձանագրության մեջ այդ մասին նշում է արվել: Ամենաուժեղ բացատրությունը հենց Լուսինե Ավետյանի այդ տվածն է, որով փորձում էր արդարացնել, ուզում էր ասել, որ ես այս պայմաններում կամ սրանից վախեցած եմ տվել այդ ցուցմունքները», - նշում է Արմեն Մելքոնյանը:
Թեև ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ ազատության մեջ Առուշանյանը կխոչընդոտի գործի քննությանը, փաստաբանը տարակուսում է՝ մեկ այլ գործով անցնող Առուշանյանը մեկ տարի ազատության մեջ է եղել և չի խոչընդոտել քննությանը։ Խոսքը դատարանում քննվող ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց պայմանագրի ընդերքի օգտագործման քրեական գործի մասին է։
Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի դուստրը՝ Մարգարիտա Ղազարյանը ստանձնել է մոր պաշտպանությունը, բայց որևէ հարցի չի ուզում պատասխանել։
Ըստ Հատուկ քննչական ծառայության` արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ Գորիսի քաղաքապետը հանդիպել է Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Բայց այս հանցագործությունն ավարտին չի հասցվել Առուշանյանի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Քարահունջի ղեկավար Ավետյանը հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց:
Ինչպես Գորիսի, այնպես էլ Սյունիքի մարզի մյուս խոշոր քաղաքների՝ Սիսիանի, Քաջարանի, Մեղրիի, նաև Որոտան և Քարահունջ համայնքների ղեկավարները կալանավորված են։ Նրանց մեծ մասը մեղադրվում է ընտրական հանցագործությունների համար։ Ինչպես Գորիսի քաղաքապետի, այնպես էլ մյուսների փաստաբանները Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների այս քրեական գործերը քաղաքական հետապնդում են որակում։ 44-օրյա պատերազմի պարտության համար այս համայնքների ղեավարները հենց Նիկոլ Փաշինյանին են մեղադրում, եռակողմ հայտարարությունից հետո վարչապետի հրաժարականն էին պահանջում, իսկ նրանց համակիրները հայհոյանքներով ուղեկցված ակցիաներով խոչընդոտում էին Փաշինյանի այցը Սյունիք։ Արտահերթ ընտրություններում էլ Առուշանյանը, Սիսիանի համայնք ղեկավար Արթուր Սարգսյանը, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամվավորի թեկնածուներ էին։
Ինչպես Առուշանյանի, այնպես էլ մյուսների քրեական գործերը քննող իրավապահները, սակայն, շարունակում են հայտարարել՝ կան բավարար հիմքեր ինչպես նրանց կալանավորելու, այնպես էլ նրանց արարքները հանցագործություն որակելու համար։ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ, օրինակ, Գորիսի քաղաքապետի կազմակերպմամբ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը հունիսի 7-ից սկսած հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ խոչընդոտել է Քարահունջի բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, նրանց պարտադրել է մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
Առուշանյանի պաշտպանը, մինչդեռ, ընդգծում է՝ ամենևին էլ պատահական չէ Լուսինե Ավետյանի՝ երեք օր անց տված ցուցմունքները, Առուշանյանին կալանավորած դատավորի ընտրությունը: Ընդգծում է՝ Առուշանանը շատ մեծ գործ է անում պատերազմից հետո տուժածների համար, բայց իշխանությունները նրան պահում են անազատության մեջ նրա իսկ քաղաքական հայացքների համար։
«Ինքը այս ազգի փրկությունը տեսել է այդ ճանապարհով, ես գուցե այլ ճանապարհ եմ տեսել, Դուք այլ ճանապարհ եք տեսել, բայց մարդուն իր մտածածի համար այսօր, բա ի՞նչ գնահատական եք տալիս, երբ անձին կանչում են քննչական, մարդը 5 րոպե շուտ ներկայանում է, իրենք ներողություն են խնդրում, ասում են, որից հետո գալիս, պառկեցնում են գետնին ու նորից մտցնում են քննչականի շենք: Սա քաղաքակա՞ն է, թե՞ չէ», - հարցնում է պաշտպանը:
Սյունիքի կալանավորված համայնքապետերի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումներում ահազանգել են խախտումների մասին: Արման Թաթոյանն, իր հերթին, պաշտոնական գրություններ է ուղարկել պարզաբանումներ ստանալու համար։