Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց Առուշ Առուշանյանի փաստաբանների միջնորդությունը


Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյան, արխիվ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյան, արխիվ

Վերաքննիչ դատարանը մերժեց մոտ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանների միջնորդությունը, որով վերջիններս պահանջում էին դատավոր Մնացական Հարությունյանի ինքնաբացարկը։

Որոշումը դեռ չհրապարկված՝ Առուշանյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքասնյանը արդեն իսկ վստահ էր, որ իրադարձությունները հենց այսպիսի զարգացում են ունենալու, ուստի չմասնակցեց ո'չ որոշման ընթերմանը, ո'չ էլ կալանքը վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանը։

«Այս բողոքի քննությունը հենց էնպես չի մակագրվել այս դատավորին։ Նա պատահաբար չի ընտրվել։ Նույնպես պատահաբար չէր ընտրվել Արմեն Դանիելյանը Մանվել Փարամազյանի դեպքում», - ասաց Ալեքսանյանը։

Բանն այն է, որ Առուշանյանի գործը մակագրվել էր դատավորին ոչ թե էլեկտրոնային համակարգով, այլ ձեռքով ու փաստաբան Ալեքսանյանն հենց այս հանգաման էր ընգծում։

Նկատենք, որ այսօր ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը բացատրել էր, թե պատճառը ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն է, որի շրջանակում առգրավվել են Վերաքքնիչ դատարանի համակարգիչները, և իրենք օգտվել են օրենքի ընձեռած հնարավորությունից։

Մինչդեռ փաստաբանների մի խումբ, այդ թվում Գորիսի 30-ամյա քաղաքապետի պաշտպանը, կասկածներ ունի, որ այս միջոցով իշխանությունները իրենց ուզած դատավորներին են փոխանցում դատական աղմկահարույց գործերը. - «Միգուցե այս դատավորը անկողմնակալ է, անաչառ և օբյեկտիվ։ Բայց արդյո՞ք առկա օբյեկտիվ իրականության մեջ իրողությունները, մասնավորապես Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների կալանավորման օրինականության վերաբերյալ բողոքները մուտք անելուց հետո Ազգային անվտանգության ծառայության գործողությունները չեն վկայում նրա մասին, որ այս բոլոր դատավորները, որոնք համայնքների ղեկավարների բողոքների քննությունն են իրականացնում, ընտրվել են պատահաբար»։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը մեղադրվում է արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։ Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում։

Թեև ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ ազատության մեջ Առուշանյանը կխոչընդոտի գործի քննությանը, փաստաբանական թիմը տարակուսում է՝ մեկ այլ գործով անցնող Առուշանյանը մեկ տարի ազատության մեջ է եղել և չի խոչընդոտել քննությանը։

Խոսքը դատարանում քննվող ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց պայմանագրի ընդերքի օգտագործման քրեական գործի մասին է։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով, այս դատավորի վարած քննությունից ակնկալիք չունեն։ Փաստաբանը կրկնում է՝ սա քաղաքական հետապնդում է. - «Եթե այսօրվա իշխանությունները մտածում են, որ Առուշ Առուշանյանին կարող են կոտրել, վախեցնել կալանքով, միգուցե այն անձինք, այդ պետական մարմինները իրենց ներքին վա՞խը ունեն։ Առուշանյանը որևէ վախ չունի, հաստատ ոչ մի կալանքից չի վախենում, և այս ամեն ինչին վերաբերվում է ժպիտով»։ Ինչպես Գորիսի, այնպես էլ Սյունիքի մարզի մյուս խոշոր քաղաքների՝ Սիսիանի, Քաջարանի, Մեղրիի և Որոտան համայնքների ղեկավարներն այս պահին կալանավորված են։ Նրանց մեծ մասը մեղադրվում է ընտրական հանցագործությունների համար։

Այսօր վերքաննիչ դատարանում նաև քննվում էր Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի փաստաբանների բողոքը կալանքը վերացնելու վերաբերյալ։ Սկսվելուն պես նիստը ընդմիջվեց։ Փաստաբան Երեմ Սարգսյանից տեղեկացանք, որ դատավոր Ռուզաննա Բարսեղյանին խնդրել են բացատրել, թե ինչու է հենց իրեն մակագրվել այս գործը։ Արդեն նիստի ընթացքում պահանջել են դատավորից փաստաթուղթ՝ պարզելու, թե արդյոք այբբենական կարգով հենց իրեն պետք է մակագրվեր Զաքարյանի գործը։ Նիստը ընդմիջվել է մինչև վաղը՝ ժամը 12-ը։

XS
SM
MD
LG