Մատչելիության հղումներ

Կառնուտի ջրամբարը ոռոգման այս սեզոնին գրեթե դատարկ է


Կառնուտի ջրամբարը, հուլիս, 2021թ.
Կառնուտի ջրամբարը, հուլիս, 2021թ.

Շիրակի մարզի մի շարք գյուղեր սպասարկող Կառնուտի ջրամբարը ոռոգման այս սեզոնին գրեթե դատարկ է: Մի քանի հազար հեկտար ցանքատարածությունների ոռոգումն ապահովող ջրամբարի ջրի պակասը հիմա փորձում են լրացնել Արփի լճից, սակայն ճանապարհին ընկած գյուղերի ոռոգումից հետո ջուրը Կառնուտ, հատկապես` ցերեկային ժամերին, գրեթե չի հասնում։

Այս ջրամբարից է կախված նաև Ազատան ու Բենյամին գյուղերի ցանքատարածությունների ոռոգումը. ջրի ցածր ճնշման պատճառով այս գյուղերին արդեն շուրջ երկու շաբաթ է՝ ոռոգման ջուր գրեթե չի հասնում։ Գյուղացիներն արդեն երկու անգամ ճանապարհ են փակել՝ պահանջելով լուծել խնդիրը։

Կարտոֆիլի մշակմամբ զբաղվող ազատանցի Սամվել Հակոբյանն ասում է, որ շատերի պես ինքն էլ չի հասցրել գոնե մեկ անգամ ջրել իր ցանքատարածությունները. - «Վիճակը, ահա, չորացել է, այդ է վիճակը, արդեն մոտենում է քոքին: Երեքից չորս օր հետո էստեղ էլ բան չկա»:
Հաշվարկ է անում, թե որքան գումար է ներդրել ու ինչ վիճակում է բերքը, ասում է՝ թող ոչ ոք չմեղադրի, թե ինչու են գյուղացիները ճանապարհ փակում, ջուր պահանջում. - «Ո՞նց ոռոգեմ: Թող ջուր տան՝ ոռոգեմ: Ասում են, թե ինչո՞ւ եք ճանապարհ փակում, սրա տերը ճամփա չփակի ի՞նչ անի՝ միլիոնուկեսի կարգի ծախսել ենք արդեն իր վրա, ու ջրի երես էլ չենք տեսնում, որ ջրենք, գոնե էդ միլիոնուկեսից մի բան ավելով հանենք, որ տուն պահենք: Է ջուր երբ կա՞ որ: Մենք որ զրո էլ կանգնենք շատ լավ է, ու չենք էլ կարող, բացառվում է: Ով հանկարծ կասի՝ զրո կկանգնի, թող գա՝ էս դաշտը կտամ իրեն, թող ինքը զրոյով կանգնի»:

Բանկից վարկ էր վերցրել, որ այս տարի ցանած բերքի եկամուտով մյուս վարկերն էլ մարեր, բայց բերքը դաշտում չորանում է. - «Ինչ որ վերցրել ենք՝ դա էլ չենք կարող տալ: Միլիոնուկես վերցրել եմ, որ էս հեկտար 3000 մետրի տակից դուրս գայինք, էն էլ ինչպե՞ս դուրս կգանք: Գոնե թող բանկերի փողերը փակեն, տեսնեմ կփակե՞ն: Վերցրածներս փողը, որ վերցրել ենք, դրել էս կարտոշկի վրա, թող դա փակեն, եթե իրենք էդ կարգի հոգ են տանում գյուղացու համար»:

Թող գան տեղում տեսնեն, թե հողն ինչպես է չորացել, ասում է գյուղացին:«Բույսերը կարծես լեզու են առնում, ասում՝ «ջուր տուր»: Էդ մեղավորին բերես կանգնեցնես էստեղ՝ շատ չէ, երկու օր, էդ ով որ ջուր չի տալիս, թող գա կանգնի էստեղ, մի երկու օր ջուր չխմեն, իրենք էս կարտոլից վատ վիճակում կհայտնվեն», - շեշտեց ազատանցին:

Տարին սակավաջուր է, եղանակն էլ՝ աննախադեպ շոգ: Ազատանցիներն ասում, են որ եթե ժամանակին Կառնուտի ջրամբարը անհրաժեշտ ծավալի՝ 19 միլիոն խորանարդ ջուր լցնեին Արփի լճից, ապա այս խնդրի առաջ չէին կանգնի: «Համ չորային է, համ եղանակն է սարսափելի շոգ, Կառնուտի լիճն էլ ջուր չկա՝ տվել են ՀԷԿ-երին: ՀԷԿ-ի տերն էլ ասում է՝ «ձերը չի էդ ջուրը, իմն է», թե ինչպես իրենը դարձավ, մենք չգիտենք», - նշեց Սամվել Հակոբյանը:

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեռ հուլիսի 2-ին ոռոգման ջրի խնդրի լուծման հետ կապված կառավարությունում ձևավորվել է միչգերատեսչական հանձնաժողով, և խնդիրը տեղում լուծելու համար որոշվել է, որ Ջրային պետական կոմիտեի նախագահը մի քանի օր կլինի Շիրակի մարզում՝ տեղում հետևելու ոռոգման համակարգի խնդիրներին:

XS
SM
MD
LG