Թեև վերջին օրին կարճատև անձրև տեղաց Շիրակի մարզում, բայց ինչպես գյուղացիներն են ասում, դա չոռոգվող հողատարածքների բերքը չփրկեց։ Անձրևն այդ արտերը ջրելու միակ հույսն էր, բայց այս տարվա աննախադեպ շոգի ու երաշտի պատճառով բերքը չհասած դաշտերում չորացել էր: Գարին նվազ է, ցորենը՝ հասկի մեջ չորացած, խոտն էլ՝ քիչ: Հիմա գյուղացիները հաշվում են կրած վնասները։
«Դե մոտավորապես այստեղի վնասն արդեն 1 տոննա 200 կգ գարին 140 դրամով առել եմ, սուբսիդացիա եղած, պետությունը տվել էր, ես առել եմ: Հիմա այստեղից էսքան ծախսերը մոտավորապես 130-140 հազար վարից մինչև քաղելը առանց պարարտանյութ տալու, հեկտարի հաշվարկով էդքան, մոտավորապես մեկ միլիոնի չափ փող է դրված», - ասում է տեղացիներից մեկը:
Ոռոգելի ցանքատարածություն ունեցող գյուղերում էլ ոռոգման ջուր չկար: Օրեր առաջ ոռոգման ջրի պահանջով գյուղացիները Գյումրի-Երևան ճանապարհը 2 ժամ փակ պահեցին, ջրամատակարարները խոստացան հարցը արագ լուծել, բայց ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Ազատանի համայանքապետ Վարդան Իկիլիկյանը, ջուրը ցանքատարածությունների մեծ մասին այդպես էլ չհասավ։ Վարկով հող մշակած գյուղացիներից ոմանք նույնիսկ չեն ուզում վնասը հաշվել. «Վնասը 2 միլիոնի չափ է մոտավորապես, ջրի արժեքն էլ 20-30 հազար դրամ է»:
«700 դրամով սերմ ենք առել, 7 կիլո բան չենք քաղել, սաղ վառել է: Արենդայով հող էլ էի վերցրել, ցանել, 30 հեկտար ցանք եմ արել, չգիտեմ էլ` ինչքան է: Մենակ 2 միլիոնի (վարկով) պարարտանյութ եմ առել, տվել, ավելի վատ եղավ, բայց դե ի՞նչ անենք, չես էլ տալիս, չի եղնում», - նշում է մյուսը:
Հայկաձորում այս տարի առաջին անգամ վարսակ էին ցանել, որ անասնակեր ունենան, սակայն վարսակն էլ չի հասցրել նորմալ աճել. «Տերն եկավ, նայեց, էստեղից հաշվարկեցին, մի քանի տուկ պիտի դուրս գա, հաշվեց, եթե 10 հատին պիտի տա 18 հազար դրամ, 18 հազար դրամ պիտի տա մենակ քաղելուն: Իր վառելիքը, աշխատանքը… Անասունը տեսնենք` ինչ է դուրս գալիս, ուղղակի գյուղացին էսօր անելանելի վիճակում է»:
Հայկաձորցիներից Համլետ Սարգսյանը 5 կով ունի, 2-ին որոշել է մորթել. «80-100 հատ տուկ կտաս, դաշտերն էլ նայում ես, ոչ մի բան չկա, ունեմ անասուն, 5 հատ, էդ եմ որոշել, որ 2 հատը պիտի մորթեմ, 3 հատը պահեմ, որ գոնե մի 200 հատ խոտի տուկ առինքն»:
Հայ-թուրքական սահմանին գտնվող Հայկաձորի վարչական ղեկավար Սեյրան Սմբատյանը, ամփոփելով գյուղատնտեական տարին, տխուր արձանագրում է անում՝ անտեսված են և՛ բնության, և՛ մարդկության, և՛ ղեկավարության կողմից. «Գյուղացին ամեն կողմից, ամեն ձևի, բնության կողմից պատժված, ղեկավարության կողմից անտեսված, որովհետև շատերը չեն էլ իմանում` էստեղ գյուղ կա, էստեղ մարդիկ են բնակվում, էս էլ է սահման` Թուրքիայի սահմանն է: Մի խոսքով` էդքան էլ լավ վիճակի մեջ չենք, բայց դե էս է մեր իրավիճակը, մեր երկիրը, մեր տունն ու տեղն էս է»: