Մատչելիության հղումներ

«Դաշտերը մեկ ամսից ավելի է ջուր չեն տեսել». 13 գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը


Բերքը ցանել են, ջրել չեն կարողանում. Արմավիրի մարզի 13 գյուղերի բնակիչներ, այսօր մի քանի ժամ շարունակ փակ պահեցին Երևան-Արմավիր ճանապարհը՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը։

Գյուղացիները մարզպետին էին սպասում, փոխարենը պատասխանատու ընկերության՝ «Ջրառի» ներկայացուցիչները եկան՝ պարզաբանելով, որ ջրի բացակայության պատճառը վթարն է։

«10 մետր Մալաթիա-Սեբաստիա համայնքում ստորին Հրազդան ջրանցքը փլուզվել է, վթարվել է, աշխատում ենք մինչև օրվա վերջ վերացնել, երևի մինչև 4-5-ը: Մասնակի վերացնենք, ամբողջովին այդ ծավալի աշխատանքը...., շուտ վերացնել հնարավոր չէ», - ասաց «Ջրառի» գլխավոր ինժեներ Արման Բեգլարյանը:

«Ջրառի» ներկայացուցիչը խոստացավ՝ ամենաուշը վաղը բնակիչները ջուր կունենան։ Ճանապարհը բացեցին, բայց խոստմանը շատերը թերահավատորեն մոտեցան, եթե անգամ վթարի վերացման հետևանքով վաղը ջուր լինի, միևնույն է՝ խնդիրն ավելի խորքային է, ասում են գյուղացիները։

«Մեր տարածքում եղել է ջուր, յոլա ենք գնացել, բայց էս քանի օր ա ընդհանրապես ջուր չկա», - ասաց գյուղացիներից մեկը:

Հավաքվածներից մեկն էլ հավելեց. «Այնքան քիչ էր ջուրը, որ հերթով ջրում էինք, գնում էր մեկը գիշերն էր ընկնում, մեկը ցերեկն էր ընկնում»:

«Ջրառի» ներկայացուցիչը պարզաբանում է՝ ջրի առումով սակավ տարի է՝ այստեղից է գալիս հիմնական խնդիրը. «Տարին սակավաջուր է, բայց հնարավորության սահմաններում ինչքան հնարավոր է եղել ազգաբնակչությանը ջուր է տրվել: Մենք ավելի շատ ջուր ենք վերցրել և՛ ջրամբարներից անցած տարվա հետ համեմատած, և՛ Սևանա լճից»:

Գյուղացիներն ասում են, որ դաշտերն արդեն մեկ ամսից ավելի է ջուր չեն տեսել։ Բերքը չորանում է, ներդրած գումարները փոշիանում։

«Ընդհանուր 4 հա լոլիկի դաշտ է, 10-12 հա խաղողի այգի է, ես չեմ հասկանում էս ինչ ա, ծաղիկները չորանում, թափվում են: 20 օրից ավելի, էսօր արդեն 22-րդ օրն է չենք ջրել», - ասաց Ակնալճի բնակիչ Հովհաննես Կնյազյանը:

Ակնալճի բնակիչը մոտ 15 հա ընդհանուր մակերեսով հողամաս ունի, ջրի բացակայության պատճառով լոլիկի երկու բերք արդեն կորցրել է, նույնն է վիճակը 1 տարեկան խաղողի այգիներում։ 24 մլն դրամի չափ վարկային ներդրումները հետ բերելու հույսը ժամ առ ժամ, ջրի պես կտրվում է։

Մեկինը մի քիչ ավել, մյուսինը քիչ պակաս, բայց իրավիճակը նույնն է 13 գյուղերում էլ։ Արևից ճաքած հողն ու չորացած բերքը հույս չեն ներշնչում, որ վաղը լավ է լինելու, ասում են գյուղացիները՝ ընդգծելով՝ պատկան մարմինների կողմից տրված պատասխանը մեկն է՝ ջուր չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG