Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի ոռոգելի հողերին ջուրը չի հասնում


Շիրակի մարզի չոռոգվող ցանքատարածությունները շոգից են չորանում, իսկ ոռոգելի հողերին ջուրը չի հասնում։

Առավոտյան Ազատան ու Բենիամին գյուղերի բնակիչները փակել էին Գյումրի - Երևան ճանապարհը, պահանջում էին այդքան անհրաժեշտ ոռոգման ջուրը, որ դեռ մեկ շաբաթ առաջ պետք է իրենց հասած լիներ։

«Ոռոգման ջրի խնդիր ունենք։ Անցած շաբաթ էկան, ըսեցին կեղնի, լուծում չտվեցին։ Հըմի նորից հելել ենք, տեսնենք ինչ պըտի էղնի», - ասաց գյուղացիներից մեկը։

Ամենամեծ ցանքատարածություններն ունի Ազատանը, հիմնականում կարտոֆիլ ու ցորեն են մշակում։ Համայնքապետ Վարդան Իկիլիկյանն ասում է, որ եթե ժամանակին պատասխանատուները Կառնուտի ջրամաբարում բավարար ջուր կուտակեին, ապա հիմա իրենք բերքը կորցնելու վտանգի առաջ չէին կանգնի. - «Էսօր արդեն կորցրել ենք մենք գյուղատնտեսությունը, ժողովուրդը փոխհատուցման պահանջ ունի։ Հացահատիկները չկա, չեն հասցրել մարդիկ ոռոգեն։ Հացահատիկներից ոչինչ չի սպասվում։ Կարտոֆիլն էլ փչանում է ամբողջապես, ժողովուրդը սաղ մնում են վարկի տակ։ Էլ ոչ մեկը չի խոսում, թե ձմեռը ինչով պըտի ապրինք, խոսում են վարկերն ինչո՞վ պիտի տանք։ Լիքը միջոցներ են դրել ստեղ, ֆերմերներ կան, որ 500 հազար եվրո, 600 հազար եվրո, մեծ փողեր դրել, Եվրոպայից կարտոֆիլ են ներկրել, աշխատողներ են պահել։ Ստեղ մենակ իրանց խնդիրև չէ. նաև իրենց հետ ապրում են շատ գործազուրկ մարդիկ, որոնք ցանքատարածության վրա աշխատում են։ Էս մասով հարկավոր է շուտ մտածել, որովհետև յուրաքանչյուր տարի ապրիլի 1-ից ԳԷՍ-ը կանգնեցնում էին, բերում ջուրը լցնում էին Կառնուտի ջրամբարը։ Ոռոգման սեզոնը սկսելուց Կառնուտի ջրամբարում ունեցել ենք ինը միլիոն, իսկ անցած տարի ունեցել ենք տասնյոթը միլիոն... այ տարբերությունը սրա մեջ է։ Դրա համար ասում ենք՝ ջուրը լցրեք, որպեսզի հասցնեք»։

Տեղում էին նաև ջրամատակարարման պատասխանատուները՝ մարզի ՋՕ-ի ղեկավար Խաչատուր Խաչատրյանը, ում հետ թեժ վիճում էին գյուղացինեը։

«Մենք էղած ջուրը կառավարում ենք, աշխատում ենք հասցնել։ Ուղղակի էս պահին ջրօգտագործողները անհանգիստ են, խախտում են, բնակլիմայական պայմաններն են խանգարում. Մենք փորձենք մեր ուժերի ներածի շրջանակներում ապահովենք։ Պահանջվող քանակի ջուր կա, Արփիում ջուր կա, ուղղակի մեր թունելի թողունակությունը չի բավարարում, որ հասնի», - ասաց նա։

Ավելի ուշ նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը եկավ գյուղացիներին լսելու։

Բենյամինցի Ալբերտ Հովհաննիսյանը մարզպետին առաջարկեց իր դաշտը գնալ ու տեսնել իր չորացած բերքը՝ ասելով. - «Միլիոններ եմ ներդրել, միլիոններ... ո՞վ պիտի սրա պատասխանը։ Իմ էրեխին հաց ո՞վ պըտի տա։ Հըլը իմ էրեխեն մի կողմ. չէ՞ որ էսի ամբողջ հասարակության, Հայաստանի Հանրապետության հարստությունն է։ Գյուղացին կտանջվի, կչարչրվի, որ հա'մ իրա հարցերը լուշի, հա'մ էլ ժողովրդի սննդի հարցը»։

Գյուղացիները տեղում փոշմանեցին, թե՝ ջրի փոխարեն հիմա վնասի փոխհատուցում են պահանջում. - «Էսօր մեր միլիոններին ո'չ դատ, ո'չ դատարան կա, ո'չ պատասխանատու կա... Ես փոխհատուցում եմ ուզում, ինձի պետք չի ջուրդ էլ...»

Բենյամինի համայնքապետ Արտակ Անտոնյանն ասում է, որ գյուղի ոռոգելի ցանքատարածությունների մոտ 20 տոկոսն են հասցրել ոռոգել։ - «Երևի հույս էլ չկա ոռոգվելու: Մերը ծայրամասային գյուղ է, Կառնուտի ջրամբարը իրա ամբողջ կարողությամբ բացված է, բայց մեզ ջուրը ընդամենը հասնում է մեկ-երկու ժամ, որը որ ընդամենը մեկ հոգի կարող է ոռոգել և վերջ»։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ այս պահին խնդրի լուծման միակ տարբերակն են կիրառում, բայց ջուրը շատ համայնքներին չի հասնում, հերթով է գալիս. - «Արփի լճից ամենամաքսիմալ քանակով արդեն քանի օր բաց է, և ջուրը գալիս է մեր կողմ, այս տարածաշրջան, բայց հաշվի առնելով, որ կան էլի գյուղեր, որոնք ոռոգման կարիք ունեն, դրած է գրաֆիկի, թե որ ժամին որ տարածաշրջանը պետք է ոռոգվի»։

Գյումրի-Երևան ճանապարհը փակ մնաց մոտ երկու ժամ։ Գյուղացիները սպասում են խոստացված ջրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG